Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հիվանդություններից մահացության 37%-ը սիրտ-անոթային հիվանդություններից է

Սեպտեմբեր 29,2016 15:45

Հայաստանի բնակիչների մահացության 37%-ը  սիրտ-անոթային հիվանդություններից է, իսկ բուն հիվանդացությունների շրջանում 40 %-ն է սիրտ-անոթային հիվանդությունները կազմում: Այս մասին այսօր «Արմենպրես» ակումբում ասաց առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը: Նա տեղեկացրեց, որ այսօր սրտի համաշխարհային օրն է, կարգախոսը՝ «Սիրտը կյանքի համար է»:

Տիկին Վարդանյանի խոսքերով՝ ընդհանուր առմամբ ոչ վարակիչ հիվանդությունները ծանր բեռ են առողջապահության ոլորտի համար, եւ առաջին տեղում սիրտ-անոթային հիվանդություններն են: Մասնագետն ասաց, որ սիրտ-անոթային հիվանդությունների 80%-ը  կանխարգելելի է, եթե առողջ ապրելակերպ վարեն մարդիկ, եւ եթե հիվանդության դեմ ճիշտ պայքար լինի:

Ըստ Ծաղիկ Վարդանյանի, այս հիվանդության ռիսկի գործոնները կենսակերպն է՝ ամենօրյա ծխախոտի օտագործումն է, ալկոհոլի չարաշահումը, կերակրի աղի ավելցուկային օգտագործումը, թերշարժունակությունը, ավելորդ քաշը, զարկերակային բարձր ճնշումը.«Այս բոլոր խնդիրները եթե կարողանանք ժամանակին կարգավորել, բերել նորմայի, ապա մենք շատ դեպքերում կկարողանանք կանխարգելել սրտի սուր կաթվածը, ուղեղային կաթվածը»:

Ծաղիկ Վարդանյանն ասաց, որ վերջին տասնամյակում հետազոտությունները ցույց են տալիս, որ հիվանդացության բոլոր ցուցանիշները վատթարացել են: 1990 թվականից մինչ այսօր, ինչպես նշեց Ծաղիկ Վարդանյանը, 1.8 անգամ ավելացել է սիրտ-անոթային հիվանդացությունից մահացության ցուցանիշը, իսկ 2.2 անգամ բուն հիվանդացության ցուցանիշը. «Հայաստանում ամեն 3-րդ անձը, որը ստանում է հաշմանդամություն, դա սիրտ- անոթային հիվանդություններից է: Այս բոլորի հետ միասին կա որոշակի երիտասարդացում, կապված է կենսակերպի, քաշի ավելցուկի հետ: Պետք սկսել դեռահասային տարիքից: Ամեն 8 -9-րդ դեռահասը ունի քաշի ավելցուկ: 45 տարեկանից հետո կանանց 60%-ն ունի քաշի ավելցուկ, ամեն 2-րդ տղամարդն էլ ունի քաշի ավելցուկ»:

Տիկին Վարդանյանն անդրադառնալով շտապ բուժօգնության ներդրման ազդեցությանը հիվանդության կանխարգելման համար, ասաց, որ հիվանդին ժամանակին տեղ հասցնելու խնդիր կա.«Ճիշտ բուժօգնությունը շատ կարեւոր է, ինչպես նաեւ հիվանդանոցային օղակում բուժօգնությունը: Սրտի անհետաձգելի ստենդավորման ծրագրի արդյունքում 2014-15 թվականերին սուր ինֆարկտներից մահացածների թիվը 500 -ով պակասել է»:

Ծաղիկ Վարդանյանի վստահեցմամբ՝ մեր երկրում առողջ ապրելակերպի մշակույթի տարածումը միայն առողջապահության նախարարությունը չի կարող կարգավորել, սա միջգերատեսչական խնդիր է, եւ բոլոր գերատեսչությունների հետ համատեղ պետք է այդ ուղղությամբ աշխատել:

Սիրտ-անոթային հիվանդացություններն առավել տարածված են ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում, այդ թվին է պատկանում նաեւ Հայաստանը:

«Վաղաժամ մահացության, հիվանդացության երիտասարդացման միտում կա, մոտ 60%-ը  վաղաժամ մահացության դեպքեր են՝ մինչեւ 65 տարեկանների շրջանում: Սա շատ բացասական ազդեցություն է թողնում երկրի տնտեսության վրա: Տարեկան 250-300 մանկական տարիքի, այսինքն՝ մինչեւ 18 տարեկանների շրջանում սրտային վիրահատություններ են իրականացվել: Սա կապ չունի առողջ ապրելակերպի հետ, նախնական առողջական ֆոնն է այդպիսին»,-ասաց տիկին Վարդանյանը: Նրա ներկայացմամբ՝  Հայաստանում տարեկան մոտ 11 հազար դեպք է լինում սրտային միջամտությունների, սրանք շատ մեծ թվեր են, 5 հազար էլ ստենդավորումն է:

Սրտի ստենդավորման՝ կյանք փրկող ծրագրի շրջանակներում այս տարի 1317 մարդ արդեն օգտվել է դրանից, անցյալ տարի՝ 1516 մարդ.«Համեմատելով անցյալ տարվա այս նույն ժամանակահատվածի հետ, ասեմ՝ նախորդ տարի 737 դեպք է եղել, բայց սա չի նշանակում թե այս տարի ավելացել են հիվանդացությունները: Պարզապես մարդիկ ավելի տեղեկացված են, ծրագիրն է հասանելի դարձել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930