Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ում լսել են ընտրակաշառք ակնոցների մասին, բայց փաստեր չունեն

Սեպտեմբեր 29,2016 15:40

«Այն հայտարարությունները, որոնք արվում են հրապարակային, մենք էլ ենք իրազեկ: Եթե ներկայացվեն որոշակի փաստեր, վստահ եմ, որ դրանցով հնարավոր կլինի որոշակի քննություն իրականացնել: Բայց որեւէ փաստ որպես այդպիսին, հրապարակային հայտարարություններում չկա: Նշվածով պայմանավորված որեւէ դիմում ընտրական հանձնաժողովներ մուտք չեն եղել եւ որեւէ մեկի կողմից»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն` անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, որ հոկտեմբերի 2-ին Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք ընտրությունների քարոզարշավն ուղեկցվում է ընտրակաշառքների բաժանմամբ: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարություն արեց նաեւ ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ըստ այդմ, իշխող Հանրապետական կուսակցությունը Վանաձորի եւ Գյումրիի վատ տեսողություն ունեցող բնակիչներին օպտիկական ակնոցներ էր բաժանել: Մամուլում հրապարակումներ եղան նաեւ ոչ իշխանական ուժերի կողմից Վանաձորում գումարի բաժանման մասին:

Ընտրարշավի ողջ ընթացքում «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչներն էլ հայտարարում էին, որ իրենց նկատմամբ հակաքարոզչություն եւ «սեւ PR» է իրականացվում: Նաեւ համապատասխան դիմում էին փոխանցել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ «Ալյանսի» դիմումը պատշաճ քննվել է, վարչական լսումներ են կազմակերպվել: «ԸՕ-ն սահմանում է հակաքարոզչությունը, որը բավական լայն եզրույթ է: Բնականաբար, ցանկացած քարոզչություն իր մեջ ներառում է նաեւ հակաքարոզչությունը եւ, բնականաբար, քաղաքական ուժերը յուրովի կերպով են կազմակերպում իրենց քարոզչությունը` կիրառելով ինչպես սեփական ծրագրերի քարոզչությունն, այնպես էլ մրցակիցների նկատմամբ հակաքարոզչություն: Այսինքն, յուրաքանչյուր պարագայում խնդիրը կախված է կոնկրետ քաղաքական ուժի մոտեցումներից»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

Նկատենք, որ ԸՕ-ն սահմանափակում ունի թեկնածուների գրանցումից հետո վերջիններիս աշխատանքի հետ կապված: «Ալյանսը» բողոքարկել էր «ԳԱԼԱ»- ի թեկնածուների գործունեությունը, որոնք իրավունք չունեին թեկնածու գրանցվելուց հետո եթերում նույն կերպ շարունակել իրենց գործունեությունը, հաղորդումներ վարել, քանի որ հեռուստատեսությունը նաեւ քարոզչական, կարծիք ձեւավորող գործիք է ու բնականաբար մյուս թեկնածուների նկատմամբ որոշակի անհավասար մրցակցություն է ձեւավորվում: «Ալյանսի» դիմումում նշված հանգամանքները, եթե չեմ սխալվում, վերաբերվում էին 2-3 դեպքերի: Հանձնաժողովի արտահայտած դիրքորոշումից հետո որեւէ նման երեւույթ չի իրականացվել»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930