Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց Արսեն Մկրտումյանի, Գագիկ Միքայելյանի եւ Սոսո Մարգարյանի գործերի քննությունն ուղարկել Կենտրոն եւ Նորշ-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, քանի որ ըստ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարից ստացված գրության` Խորենացի եւ Քրիստափորի փողոցների խաչմերուկը գտնվում է Կենտրոն վարչական շրջանի տարածքում:
Ըստ մեղադրական եզրակացության` նշյալ անձինք կալանավորվել էին «Սասնա Ծռեր»-ի կողմից հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու համար:
Նիստին ներկա էին մեղադրյալների հարազատները, որոնք դատարանի որոշումը լսելուց հետո սկսեցին բղավել` դատարանին մեղադրելով անգործության մեջ: Նրանք ասում էին, որ ի սկզբանե կարելի էր գործերը հանձնել Կենտրոնի դատարանին եւ իրենց երեխաների գործերն անտեղի չձգձգել:
«Ի՞նչ եղավ՝ ժողովուրդ»,-հարցրեց դատավորը, ապա պարզաբանեց. «Գործը սխալ են ուղարկել»: Ծնողներից մեկը բացականչեց. «Սխա՜լ են ուղարկել, սխա՜լ էլ դատում են, սխա՜լ էլ գործ են հարուցել»:
Կարդացեք նաև
Արսեն Մկրտումյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է, քանի որ համապատասխան ապացույց ներկայացված չէ. «Կան 46 ենթադրյալ տուժողներ, որոնք ցուցմունք են տվել, սակայն չեն ներկայանում դատարան, որ ասեն, թե իրենց ինչն է տուժել…»:
Ըստ փաստաբանի` իր պաշտպանյալը հուլիսին Խորենացի փողոցում մասնակցել է խաղաղ հավաքների. «Բացառված չէ, որ միջադեպերի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ