Լրահոս
Օրվա լրահոսը

Արսինե Խանջյանը բաց նամակով դիմել է սփյուռքահայությանը

Սեպտեմբեր 29,2016 13:10

Կանադահայ դերասանուհի, մարդու իրավունքների ակտիվիստ Արսինե Խանջյանը բաց նամակով դիմել է սփյուռքահայությանը, որի տեքստը հրապարակվել է Transparency International իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կայքում:

«2016թ. հուլիսի 17-ին մայրաքաղաք Երևանում ես ձերբակալվեցի Հայաստանի ոստիկանության կողմից, երբ լուսանկարում էի հանուն ժողովրդավարական իրավունքների և սոցիալ-քաղաքական բարեփոխումների անցկացվող երթը: Այդ կամայական, չարդարացված ձերբակալությունը ստիպեց ինձ գիտակցել, որ, որպես արտիստ և մարդու իրավունքների ակտիվիստ, իմ պատասխանատվությունն է բարձրաձայնել այն հարցերը, որոնք առանցքային են Հայաստանի կայունության և միասնության համար: Ես նաև հասկացա, որ մենք ուշացել ենք հայկական սփյուռքի՝ հայրենիքի գործերում դերակատարության բնույթը գնահատելու հարցում»,- գրում է Արսինե Խանջյանը:

Դերասանուհին նշում է, որ անկախությունից 25 տարի անց Հայաստանի Հանրապետությունում առկա են մեծ թվով սոցիալական, քաղաքական և տնտեսական խնդիրներ, որոնք խորապես խոչընդոտում են երկրի առաջընթացին: Նրա կարծիքով՝ այդ խնդիրների պատճառներն են կոռուպցիան, նեպոտիզմը և օլիգարխիայի վրա հիմնված տնտեսությունը, որում իշխանությունը և հարստությունը կուտակված է մի քանիսի ձեռքում:

Բացի այդ, ըստ Արսինե Խանջյանի, գոյություն ունեն այլ գործոններ, որոնք ներքին և արտաքին խնդիրների պատճառ են դառնում: Որպես այդպիսիք՝ նա նշում է երկրի բնական ռեսուրսների պակասը, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տնտեսական շրջափակումը, գերտերությունների աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում, ինչպես նաև «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը սահմանին: «Այս հանգամանքները կանգնեցրել են մի փակուղու առաջ, որտեղ հանրության վստահության բացակայությունը, վրդովմունքը և վախը գումարվել են ոչ բավարար սոցիալ-տնտեսական պայմանների հետ՝ ստիպելով դիմել անհնազանդության և ցասման հուսահատ գործողությունների»,- գրում է նա:

Անդրադառնալով հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» կողմից Էրեբունու ՊՊԾ գնդի գրավմանը՝ Արսինե Խանջյանը նշում է, որ խմբի ծայրահեղ այդ գործողության նկատմամբ հանրային աջակցությունը ցույց տվեց այն հիասթափությունը, որ ունի հայ հասարակությունը իր բողոքին կառավարության անտարբերության և արհամարհանքի նկատմամբ:

Դերասանուհին կարծում է, որ նման իրավիճակում սփյուռքում ապրող հայերը հավասար կերպով պետք է մասնակցեն երկրի կայացման գործին, կիսեն այդ պատասխանատվությունը և համախմբեն բոլոր ջանքերը՝ «այս պայթյունավտանգ մթնոլորտը» փոխելու համար:

Թե ինչպես կարող է սփյուռքը ուղղակիորեն նպաստել երկրում սոցիալ-քաղաքական փոփոխություններին՝ Արսինե Խանջյանն առաջարկում է թիրախավորել մարդու իրավունքների ոլորտը: Մասնավորապես, նա առաջարկում է, որպեսզի 2017թ. գարնանը սփյուռքից անկախ կամավորներ ժամանեն Հայաստան և որպես դիտորդ մասնակցեն խորհրդարանական ընտրություններին:

«Դա կլինի ուղղակի և կառուցողական ներգրավվածություն, ինչը կօգնի բացառել ընտրակեղծիքները»,- կարծում է Արսինե Խանջյանը:

Դերասանուհին կարծում է, որ սփյուռքի առաջնորդները, գիտնականները և ակտիվիստները, հատկապես, նրանք ովքեր ապրում են արևմտյան ժողովրդավարական երկրներում, կարող են օգնել՝ յուրացնելու ազատ և արդար ընտրություններ անցկացնելու արվեստը:

Մյուս կողմից, նա կարծում է, որ 2017թ. մարտի խորհրդարանական ընտրությունները լավ հնարավորություն են Հայաստանի իշխանությունների համար՝ առաջին քայլն անել թափանցիկ ընտրություններ կազմակերպելու ճանապարհին, ինչը կօգնի վաստակել լեգիտիմություն, ինչպես նաև քաղաքացիների և միջազգային հանրության հարգանքը:

«Հայրենիքում այսքան մարտահրավերների ծայրահեղ իրավիճակում սփյուռքը չի կարող անտարբերություն ցուցաբերել: Սփյուռքը չպետք է հանդես գա երկակի հետևողի դերում: Ամբողջ աշխարհի հայերը չպետք է անտեսեն մեր հայրենակիցների աղաչանքները և խուսափեն դրանցից: Սփյուռքն այլևս չպետք է արհամարհի անգործության վտանգները: Մենք երբեք չենք կարող ասել, որ չգիտեինք: Մենք երբեք չենք կարող ասել, որ մեզ չեն առաջարկել կայացման այս տարիներին մասնակիցը լինել մեր համատեղ ճակատագրին»,- գրել է Արսինե Խանջյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Roubina Ohanian says:

    Սփյուռք, սփյուռք, սփյուռք… Բայց ո՞վ է այդ սփյուռքը: Նրանք, ովքեր միշտ գնում են կամ հրավիրվում են Հայաստան՝ հերթական շքանշաններն ստանալո՞ւ համար: Նրանք, ովքեր միշտ հենց իրենք են մասնակցում հերթական արարողակարգային խորհրդաժողովների՝ ցանկանալով հար և հավիտյան նախագահ դառնա՞լ: Նրանք, ովքեր գնում են Հայաստան իրենց բիզնես-շահի համա՞ր: Սփյուռքի հայ համայնքային կառույցների (միությունների ու բազմատեսակն ուրիշ կազմակերպությունների) միշտ նույն ղեկավարությո՞ւնը: Ի վերջո, ո՞վ է սփյուռքը և ո՞վ է ներկայացնում սփյուռքը:
    Սփյուռքը բազմաշերտ է: Հիմա այսքանը կասեմ: Սփյուռքահայերի ճնշող մեծամասնությունը ՉԵՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄ սփյուռքյան համայնքային կառույցներին (ու Հայաստանին՝ նրանց անհատական ներդրումի և օգնության հանրագումարը շատ ավելին է): Հիմա այսքանը կասեմ: Սփյուռքի համայնքային կառույցների ղեկավարությունը հին սերնդից է, որ հենց ի՛ր ղեկավարած կառույցում առիթ չի տալիս ավելի երիտասարդի ու նորագույն սերնդների մոտենալուն (ու նրանք ուզում են ժողովրդավարություն լինի հայրենիքում, ինչը չկա իրենց ղեկավարծ կառույցում): Հիմա այսքանը կասեմ: Այդ ղեկավարության ու այդ միությունների անդամների մի մասին՝ ես կբնորոշեմ չորս բառով.- «Անցյալի հուշերով ապրող ծերունիներ»: Կարդացե՛ք Սփյուռքում տեղի ունեցող միջոցառումների վերնագրերը: Դուք էլ նույնը կեզրակացնենք (ինչ-որ առումով բացառություն են Սփյուռքի նոր խավը՝ հայաստանցիները, բայց նրանցից որոշներն էլ անցյալի կարոտախտով են ապրում): Հիմա այսքանը կասեմ: Եվ ո՞ւր է, և որտե՞ղ պիտի փնտրել սփյուռքահայ գիտնականին, մտավորականին, իրավ մշակութային գործչին: Վստահեցնում եմ ձեզ, որ նրանք ՉԿԱՆ սփյուռքյան համայնքային կառույցներում, կամ՝ նրանց թիվը աննշան ու չնչին է: Հիմա այսքանը կասեմ:
    Իմ խոսքերը կոպի՞տ էին: Գուցե: Բայց, կարծում եմ հասել է պահը, որ հայրենաբնակ մեր ժողովուրդն ու հայաստանյան կառույցները ԻՄԱՆԱՆ ու ԱՆԴՐԱԴԱՌՆԱՆ թե՝ ներկա դրությամբ ո՞վ է ներկայացնում Սփյուռքը Հայաստանում: Չեմ ուզում բացարձակացնել. բացառություններ ու եզակի դեմքեր ու դեպքեր միշտ էլ կան:
    Ինձ թվում է՝ Հայաստանի հարցերը այսքան մանրակրկիտ քննելու և հայաստանյան անցուդարձը լուսարձակի տակ առնելու հետ միասին, ու միաժամանակ, սկսենք խոսել ՍՓՅՈՒՌՔԻ մասին, որ այդպե էլ կա/ու/չկա:
    Կա ու ՉԿԱ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930