Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեղարքունիքում կանանց մեծամասնությունը տառապում է սեռավարակներով. Կանանց ռեսուրսային կենտրոն

Սեպտեմբեր 29,2016 13:05

«Կանանց ռեսուրսային կենտրոնն» այս տարի նույնպես ընդդեմ ընտանեկան բռնությունների կանանց քայլարշավ է անցկացրել: Այս անգամ երթուղին Գեղարքունիքի մարզում էր: Ընտանեկան բռնությունների քայլարշավ կենտրոնն իրականացնում է երկու տարին մեկ.  առաջին անգամ 2012-ին էր Շիրակի մարզից դեպի Երեւան, նախորդը 2014-Ին էր՝ Արմավիրի մարզում:

Կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Աղաբեկյանն այսօր «Մեդիա կենտրոնում» պատմեց, որ պատահական չէին ընտրել Գեղարքունիքի մարզը: Վերջին մեկ տարում կանանց հիմնախնդիրների վերաբերյալ ամենաշատ ահազանգերը հենց այս մարզից էին ստացել:

Այս մարզի մի շարք գյուղական համայնքներում հինգ օր անցկացնելուց հետո, կենտրոնի աշխատակիցներն արձանագրել են, որ մարզի տղամարդիկ լուրջ չեն վերաբերում ընտանեկան բռնությունների խնդրին:

Ըստ Տաթեւիկ Աղաբեկյանի, տղամարդիկ գյուղերում նույնիսկ հումոր են արել, թե մեր կանայք են մեզ ծեծում:

Կենտրոնի մարզային ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանն էլ պատմեց,  որ բռնության մասին ընտանիքից դուրս մարզերում իրենց հանդիպած մեծահասակներն ու պատանիները դատապարտում էին, իսկ հենց խոսքը վերաբերում էր բռնությանը ընտանիքի ներսում, նրանք վերապահորեն էին մոտենում. «Օրինակ` մի տասներկուամյա տղայի հետ էինք զրուցում բռնությունների թեմայով, ասաց՝ եթե կինը մի բան ճիշտ չի անում, կարելի է»:

Կենտրոնի սոցիալական աշխատող Աննա Հովհաննիսյանի խոսքով, իրենց այցելած գյուղական համայնքներում տղամարդկանց մեծամասնությունը արտագնա աշխատանքի էր, բայց տներում չնայած նրանց բացակայության, իրենց վերահսկողությունն ակնհայտ էր, օրինակ՝ սկայպի միջոցով վերահսկում էին, թե ինչ է հագնում կինը, ուր է գնում. «Նման կերպ բռնությունը շարունակվում էր, նույնիսկ, երբ տղամարդը ֆիզիկական բացակայության պատճառով չէր կարողանում միջամտել, սկեսուրն ու սկեսրայրն էին ստանձնում իրենց վրա այդ դերը»:

Աննա Հովհաննիսյանը պատմեց նաեւ, որ գյուղական համայնքներում քիչ չեն դեպքերը, երբ երիտասարդ աղջիկները փակված են տներում՝ հնարավորություն չունենալով դուրս գալ, կրթվել, որովհետեւ տան մեծերի համոզմամբ, Երեւան գալն իրենց աղջիկների համար կործանարար է, իսկ երիտասարդ աղջիկների միակ այլընտրանքը ամուսնանալն էր:

Գեղարքունիքի մարզում «Կանանց ռեսուրսային» կենտրոնի աշխատակիցները նաեւ բացահայտել են, որ տղամարդիկ հավաքվում են գյուղամեջ, իսկ կենցաղի ամբողջ հոգսը հիմնականում կանանց ուսերին է. «Տան աշխատանքը, հողագործությունը լրիվ կնոջ ուսերին էր»:

Պարզվում է՝ Գեղարքունիքի մարզում կանայք աչքի են ընկել ոչ միայն իրենց «աշխատասիրությամբ», այլեւ առողջական մի շարք ու լուրջ խնդիրներով: Աննա Հովհաննիսյանի խոսքով, կանանց մեծ մասի վերարտադրողական օրգանները վաղ տարիքից հեռացված էին, նրանց մեծամասնությունը տառապում են սեռավարակներից, որոնք  խոպանից «նվեր» են բերել իրենց ամուսինները, իսկ հակաբեղմնավորիչների մասին կանայք այս մարզում անտեղյակ էին, իսկ հատուկենտ տեղյակներին երբեմն տղամարդիկ միջամտում էին՝ ուղղորդելով, թե ինչ հակաբեղմնավորիչ կարող են օգտագործել:

Եվ վերջին խնդիրը, որ կենտրոնի աշխատակիցները բացահայտել են, այս մարզում ՄԻԱՎ վարակի բարձր ցուցանիշ կա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    ՄԻԱՎ-ի մասին: Ինչ է նշանակում այդ «բարձր ցուցանիշը»: Քանի՞ կանանցից քանի՞սն է վարակված: Թե՞ համատարած են վարակված:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930