Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. ՊՈԱԿ-ների թիվը կրճատել, ԾԻԳ-երը փակել

Սեպտեմբեր 29,2016 12:45

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներին սեփականաշնորհված ակտիվների ու գույքի մասին, որոնք այսօր չեն գործում, հանձնարարականներ տվեց: Տնտեսական զարգացման եւ ներդրումների, ֆինանսների, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին հանձնարարեց նախ գույքագրել այդ ունեցվածքը, մշակել ու ներկայացնել չօգտագործվող անշարժ գույքի շահագործման խթանմանն ուղղված տնտեսական, իրավական կամ այլ մեխանիզմների ներդրման համակարգային առաջարկություն:

«Մենք պետք է սեփականատերերին փորձենք մոտիվացնել եւ խթանել, որպեսզի այդ գույքն աշխատի»,- ասաց նա: Գնումների ոլորտի մասին խոսելով էլ վարչապետն ասաց. «Մենք խնդիր ունենք գնումները կանոնակարգելու: Ելնելով դրանից՝ հանձնարարվում է աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ քննարկել կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման մեխանիզմի ներդրման հնարավորությունը եւ ներկայացնել առաջարկություն, թե որ ապրանքներն ու ծառայություններն են նպատակահարմար ձեռք բերել կենտրոնացված կարգով»:

Կարեն Կարապետյանն ասաց, որ գնումներ կազմակերպող բազմաթիվ կազմակերպություններ կան եւ այստեղ ե՛ւ ծախսերի նվազեցման, ե՛ւ գների ճշգրտման ավելի կառավարելի համակարգ պետք է ունենալ: Մյուս հանձնարարականը վերաբերում էր կառավարմանն ու կառուցվածքին:

Վարչապետը կառավարության բոլոր մարմիններին հանձնարարեց վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը եւ ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման եւ օպտիմալացման վերաբերյալ:

«Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար, պետք է լինեն հիմնավորված, գործառույթները՝ հստակ եւ չկրկնվող: Երբ մենք քննարկում էինք բյուջեն, բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կային, որոնք ունեն տարեցտարի հաստատուն ծախսեր, եւ գոնե իմ համար հասկանալի չէր, թե իրենց պրոդուկտը, օգուտը եւ մուլտիպլիկատիվ էֆեկտը որն է: Ելնելով դրանից՝ շատ խիստ, կոշտ պետք է վերանայել այդ ամենը, եւ յուրաքանչյուր լուման պետք է հիմնավորվի, թե ինքն ինչ նպատակի է ծառայում»,- ասաց Կարեն Կարապետյանը նշելով, որ խոսքը նաեւ ԾԻԳ-երի մասին է:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի, Արտակարգ իրավիճակների, մշակույթի եւ Քաղաքաշինության նախարարներին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում քննարկել իրենց ենթակայությամբ գտնվող ԾԻԳ-երի լուծարման հարցը եւ ներկայացնել առաջարկություն:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանն էլ հանձնարարվեց մեկամսյա ժամկետում մի շարք նախարարությունների հետ ուսումնասիրել բոլոր ոլորտների 2017 թվականի բյուջեի թեմատիկ դաշտերը եւ ներկայացնել առաջարկություններ՝ տարածքների զարգացման ռազմավարության համապատասխանեցնելու նպատակով:

«Որպեսզի մենք ունենանք հասկանալի վեկտոր, թե ուր ենք գնում, ամեն գերատեսչություն իր զարգացումն է տեսնում, դա պետք է համատեղել նաեւ տարածքային եւ ռեգիոնալ զարգացման հետ»,- ասաց նա:

Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանն էլ հանձնարարեց երեք շաբաթյա ժամկետում մշակել համայնքային զարգացման հնգամյա ծրագրի մշակման ու կառավարման մեթոդաբանությունը: Այդ փաստաթղթերը պետք է տեղերում ապահովեն տնտեսական զարգացում:

Ըստ նրա. «Յուրաքանչյուր բնակավայր ու դրա կառավարիչը պետք է ունենան հորիզոն, թե ինչ են ուզում, որ այդ բնակավայրում լինի: Պետք է ունենալ ծրագիր, թե ինչ քաղաք, գյուղ ու համայնք է ինքը պատկերացնում: Հանձնարարվում է մեթոդաբանությունը շարադրել հստակ, թուղթը պետք է լինի ընթերցելի, հասկանալի, տրամաբանական ու պրագմատիկ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930