«Մենք նման հարկային փաթեթին դեմ ենք քվեարկում եւ կոչ ենք անում մյուսներին նույնպես: Ձեռագիրը նույնն է»,- այսօր ԱԺ-ում Հարկային նոր օրենսգրքի քվեարկությունից առաջ հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Ռուբեն Հակոբյանն էլ ասաց՝ սա կարեւորագույն փաստաթուղթ է եւ պատասխանատվություն է պահանջում: Նրա խոսքերով՝ այս փաթեթն ընդունում ենք, որովհետեւ ստիպված ենք. «Երեկ ՀՀԿ-ականներից ոչ ոք ելույթ չունեցավ՝ ի պաշտպանություն նոր Հարկային օրենսգրքի, բացի փոխխոսնակից»:
Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ չի կարելի ընդամենը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով նման բան անել. «ՀՀԿ-ականները կողմ են քվեարկելու, որովհետեւ այդպես է իրենց հանձնարարված, բայց դեմ են այս օրենսգրքին: Չի կարելի նման խաղի կանոններ սահմանել, որը ճնշելու է ՓՄՁ-ներին»:
Նա կոչ արեց, որ չդնեն քվեարկության օրենսգիրքը եւ այն ՀՀԿ-ականներն, ում վրա ճնշումներ են գործադրում, չդնեն վատ վիճակի մեջ:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյաննն արձագանքեց, որ երեկ քննարկվել է. «Այսօր վերջին մոմենտն է, երբ բազմաթիվ փոփոխություններ են եղել, այսօր մտածում են, որ դա ինչ-որ փոփոխություններ են, որոնք նոր են առաջացել: Եղածի վրա բավականին լուրջ փոփոխություններ են առաջացել»:
Վահե Հովհաննիսյանի խոսքերով՝ արդյոք բավարա՞ր է առաջին տարբերակի համեմատ ունենալ լավ տարբերակ. «Մենք լրիվ այլ նպատակ էինք դրել՝ գործարար միջավայրը բարելավել: Սա շատ վատ ուղերձ է՝ բիզնես դաշտին՝ կառավարության ծրագիրը բերելուց առաջ: Գուցե որոշ պատգամավորներ ստիպված կողմ քվեարկեն՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով, բայց մենք գործ ունենք մանր ու միջին բիզնեսի հետ, պետք է զգույշ քվեարկել»:
Խոսրով Հարությունյանը վստահեցրեց, որ իրեն չեն ճնշել ու ինքը կողմ է քվեարկելու: Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ հիշեցրեց, որ պատգամավորների 300 առաջարկություններից մեծ մասն ընդունվել է:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ վստահեցրեց, որ իրենց խմբակցության պատգամավորները կողմ են օրենսգրքին, քննարկել են, միակամ կողմ են քվեարկելու. «Մենք դահլիճում նկարվելու համար ելույթներ չենք ունենում: ՀՀԿ-ն կողմ է այս փաթեթին»:
Հրանտ Բագրատյանն էլ զգուշացրեց՝ նախագծով մենք փոքր ու միջինին վատ վիճակի մեջ ենք գցելու, դա անառարկելի է եւ ցավալի:
Տիգրան Ուրիխանյանի այն կարծիքից հետո, որ երկրում իրավիճակ փոխելու համար պետք է ավելացնել եկամուտները, թեթեւացնել հարկային բեռը, մինչդեռ այդ տրամաբանությունը Հարկային օրենսգրքում չի գործում՝ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Համոզվեցի, որ մեծ մասը չի կարդացել նախագիծը»:
Հարկային օրենսգիրքն ընդունվեց 79 կողմ 24 դեմ , 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ