Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վանաձորում ընտրողների թիվը ավելացե՞լ է 300-ով, թե՞ նվազել 297-ով

Սեպտեմբեր 29,2016 11:10

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրվա դրությամբ, police.am-ում տեղադրված 1988 ընտրատեղամասում քվեարկողների տվյալները համեմատելով 2016 թվականի օգոստոսի դրությամբ նույն կայքում հրապարակված տվյալների հետ, «\/6000» նախաձեռնության դիտորդ Վահագն Հովհաննիսյանը պարգել է, որ Վանաձոր համայնքի ընտրացուցակներում 300-ից ավելի անձինք են հայտնվել։ Այս մասին դիտորդն ասաց ՀԺ-ի հետ զրույցում։

Համեմատության համար հիմք են հանդիսացել ընտրողների անուն ազգանունը, հայրանունն ու ծննդյան ամսաթվերը, որոնք համեմատել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի որոնման գործիքով։ Հովհաննիսյանը 20 ընտրատեղամասի համեմատության արդյունքում պարզել է, որ հանրաքվեի համեմատ տարբերություն է եղել ԿԸՀ-ի եւ ոստիկանության հրապարակած՝ ընտրողների թվերի միջեւ, որոնք այդքան էլ արդիական չի համարել, քանի որ հանրաքվեի արդյունքներն իրողություն են։ Երկրորդ նկատառումն այն է, որ ընտրողների վերջին ցուցակներն ուսումնասիրելով՝ նա կրկին տարբերություն է նկատել։

«10 տեղամասում մոտ 568 հոգու տարբերություն կա, այսքան մարդու տվյալ չի գտնվել։ Դրանք այն մարդիկ են, որոնք 2015 թվականի դեկտեմբերի 3-ի դրությամբ Հայաստանի որեւէ ընտրատեղամասում հաշվաոված չեն եղել։ Եթե այդ թվից հանում ենք 1996 թվականից հետո ծնվածների տվյալները, որոնց 18 տարին լրացած է և նաեւ  բանակում գտնվելու պատճառով այլ ընտրատեղամասում կարող են քվեարկություն կատարել, ապա ստացվում է 360 ընտրող»,- ասաց Վահագն Հովհաննիսյանը»:

ՀՀ ոստիկանությունն այս հրապարակման կապակցությամբ տարածել է հետեւյալ պարզաբանումը. «Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, ըստ որի՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և Վանաձոր համայնքի ընտրացուցակների համեմատությամբ պարզվել է, որ 300-ից ավելի անձինք են հայտնվել:

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է:

ՀՀ ընտրական օրենսգրքով հստակ ամրագրված են համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք սահմանող նորմեր, ըստ այդմ, նաև ընտրողների ցուցակները կազմելու առանձնահատկությունները: Նշված երկու դեպքերում ընտրողների ցուցակների ձևավորման համար սահմանված են տարբեր հիմքեր:

Մասնավորապես, համապետական ընտրությունների ժամանակ ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները, իսկ տեղական ինքնակառավարման ընտրություններին նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր մինչև քվեարկության օրը տվյալ համայնքում ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում:

Բացի այդ, համապետական ընտրությունների ժամանակ անձը իրավունք ունի քվեարկությանը մասնակցել ոչ թե հաշվառման վայրի, այլ համայնքից դուրս՝ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում:

2016 թ. հոկտեմբերի 2-ի Վանաձոր քաղաքի տեղական ինքնակառավարման ընտրությունների վերջնական ցուցակներում ընդգրկված են 96.548 ընտրող, որոնցից 103-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք:

2015 թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ Վանաձոր քաղաքի ընտրողների վերջնական ցուցակներում ընդգրկված են եղել 95.818 ընտրող: Տվյալ պահի դրությամբ Վանաձորի հաշվառում ունեցող 924 ընտրող հանված են եղել վերջնական ցուցակներից և ընդգրկվել այլ համայնքների ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում: Այսինքն, ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ դիմում չներկայացնելու դեպքում ընտրողների թիվը կլիներ 96.742:

Պարզ համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող ընտրողների թիվը ոչ թե ավելացել է 300-ով, այլ հակառակը՝ նվազել 297-ով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930