Լրահոս
Օրվա լրահոսը

«100+1» համերգով եզրափակվեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը

Սեպտեմբեր 29,2016 10:41

Սեպտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «100+1» խորագրով համերգը, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Համերգը վարեց ՀՀ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը: Հնչեցին Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Միրզոյանի, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները, որոնք կատարեցին Կարինե Հելման-Գևորգյանը և Քրիսթեր Վիկմարկը (Շվեդիա), Նարեն (Լիբանան), Սոսե Գրիգորյանը (Իսրայել), Ադել Ազրոյանը (Ռուսաստան), Մարինա Բերբերյանը և Իռենա Կոֆմանը (ԱՄՆ), Արամ Խորոզյանը (Սիրիա), Սար Սարգսյանը (Արցախ):

Ընթերցվեցին Պետրոս Դուրյանի, Վահան Թեքեյանի, Սիամանթոյի բանաստեղծությունները: Լիբանանից հայրենադարձված ասմունքող Հակոբ Գույումջյանը հանդիսատեսին ներկայացրեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:

Ստաֆանիա Թոփալյանը (Ճապոնիա) և Վահե Թիլբյանը (Եթովպիա) կատարեցին 2015թ. Եվրատեսիլում Հայաստանը ներկայացրած, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Մի ժխտիր» երգը:

Ելույթ ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համույթը, քանոնահարուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Անահիտ Շահզադեյանը և այլք:

Համերգի ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց. ««100+1» համերգով եզրափակվեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը:

Այս միջոցառումը խորհրդանշում է հայ ժողովրդի վերընձյուղումը 101 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո: Այն կարևոր է ոչ միայն հայությանը համախմբելու, այլև օտարազգի հանդիսատեսին մեր պատմությանը հաղորդակից դարձնելու առումով: Դրա վառ արտահայտությունն են նաև Շվեդիայից, Ճապոնիայից, Միացյալ Նահանգներից ժամանած օտարազգի արվեստագետները, ովքեր եկել են՝ իրենց մասնակցությունը բերելու «Իմ Հայաստան» փառատոնին: Շնորհակալ ենք այս զգացողությունների համար, շնորհակալ ենք, որ տխրության կողքին ուրախություն տեսանք, զոհերի հիշատակի կողքին՝ վերածնունդ, որ մղում է մեզ ապրելու, նոր մտահղացումների ու նպատակների իրագործման»:

Նախարարն ընդգծեց, որ 20-դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած եղերական իրադարձություններից 100 +1 տարի է անցել և չնայած հարվածը սոսկալի էր, իսկ հետևանքները` անչափելի` հայրենազրկում, ունեզրկում, հեռացում ազգային ավանդույթներից ու սովորույթներից՝ այնուհանդերձ հայ ժողովուրդը ապրեց, վերապրեց և ստեղծեց երկու անկախ պետություն՝ Հայաստանն ու Արցախը: «Այսօր մենք տոնում ենք մեր երկու պետությունների 25-ամյակը և վստահ ենք, որ ազգի հարատևությունը պայմանավորված է հայոց լեզուն, հավատն ու մշակույթը սրբորեն պահպանելու և սերնդե-սերունդ փոխանցելով: Նաև հայ երգի միջոցով Սփյուռքի մեր հայրենակիցները կարողացան պահպանել ազգային ինքնագիտակցությունը, հայ լինելու հպարտությունը, – նշեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, – հայ երգը համաշխարհային զարգացումների հորձանուտում անփոխարինելի զենք է: Ուզում եմ հավատալ, որ այն` որպես հայի երազի, տեսիլքի և ցավի, ուխտի և պայքարի արտահայտման խոսափող, ոգևորում է, մղում նոր ծրագրերի` սնելով Հայրենիքից հեռու ապրող հայ սերունդների ազգային ինքնությունը, բազմապատկելով ազգային արմատների կենսուժը»:

Նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքի ավարտին բեղմնավոր գործունեություն և ստեղծագործական նոր նվաճումներ մաղթեց համահայկական փառատոնի և «100+1» համերգի մասնակիցներին:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930