Ընդդիմադիր թեկնածուն վստահ է` հաղթելու հնարավորություններ ունի
Հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան նաև Լոռու Մարզի Ախթալա քաղաքում: Համայնքապետի պաշտոնում ընտրվելու համար պայքարելու են երեք թեկնածուներ՝ Սասուն Վարդումյանը (ինքնաառաջադրում), նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանը (ինքնաառաջադրում) և գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը (առաջադրել է ՀՀԿ-ն): Դեռ նախորդ՝ 2012 թ.-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ Ախթալայում նախընտրական լարված իրավիճակի պակաս չէր զգացվում:
Գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի և նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանի համախոհները ծեծկռտուքներ էին հրահրել, ինչի արդյունքում քրեական գործ էր հարուցվել: Սկզբում Սուրեն Թամազյանի կողմնակիցները հարձակում էին գործել Ախթալայի գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա՝ ջարդուփշուր անելով ամեն ինչ, ապա Խաչիկյանի մերձավորներն էին ներխուժել Թամազյանի մտերիմների բնակարան՝ բռնի ծեծի ենթարկելով տան բոլոր անդամներին՝ ընդհուպ ծեր կնոջը:
Դեպքերը կարծես թե անցյալում են մնացել, Ախթալան էլ այս օրերին խաղաղ է և պատրաստվում է նոր ընտրությունների: Մեզ հետ զրույցում ախթալացիները հայտնեցին, որ արտառոց երևույթների չեն հանդիպել, ամեն բան անցյալում է մնացել: Նախորդ ընտրության տխրահռչակ փորձը արդյոք չի՞ վախեցնում կամ հուսահատեցնում ՀԱԿ անդամ, երիտասարդ թեկնածու Սասուն Վարդումյանին` «Առավոտի» հարցին նա այսպես պատասխանեց. «Ոչ միայն չի վախեցնում, այլ խթան է հանդիսանում լինել արժանի այլընտրանք երկու թեկնածուների ֆոնին: Իմ աշխատանքով անում եմ ամեն բան՝ ցույց տալու համար, որ ես իրոք արժանի եմ ժողովրդի վստահության քվեին: Ինձ սատարող թիմում ներգրավված են գրագետ ու կիրթ մարդիկ, իրենց գործի գիտակ՝ պատրաստ ինձ հետ միասին հաղթահարելու ամեն մի բարդ իրավիճակ ու երևույթ: Եղածը եղած է, այդ դեպքերն անցյալում են, հիմա պետք է առաջ նայել: Կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ նախընտրական քարոզչությունն ընթանում է իր բնականոն հունով»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրն է, ում 2011թ.-ին մեղադրանք էր առաջադրվել միանգամից երեք հոդվածներով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում, առանձնապես խոշոր չափերի խարդախություն և պաշտոնեական կեղծիք: Դատարանի որոշմամբ՝ նա դատապարտվել էր ազատազրկման 13 տարի ժամկետով։ Մյուս թեկնածուն՝ Սուրեն Թամազյանը, համայնքը ղեկավարել է 12 տարի:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ բնական է, որ այս երկու թեկնածուների լծակները շատ ավելին են: Այս համատեքստում ինչպե՞ս է գնահատում իր հնարավորությունները Սասուն Վարդումյանը` մեր հարցին այսպիսի պատասխան հնչեց. «Համաձայն եմ, որ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Հայկազ Խաչիկյանն իր հույսը դրել է Հանրապետական կուսակցության և Վազգեն Խաչիկյանի աջակցության վրա: Ախթալեցիներն արդեն 8 տարի իրենց մաշկի վրա զգում են Հանրապետական կուսակցության անդամ, գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի գործունեության արդյունքը: Ախթալեցիները լավ են ճանաչում նաև քաղաքապետի մյուս թեկնածու Սուրեն Թամազյանին: Հիմա նրանք համայնքը ղեկավարել են լավ, թե վատ՝ կերևա հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրությունների արդյունքներից: Հաշվի առնելով այս ամենը՝ կարծում եմ, որ իմ ընտրվելու հնարավորությունները իրական են, մանավանդ որ մեր թիմը պատրաստված է և ի զորու ապահովելու ազատ և արդար ընտրություններ տեղամասերում»:
Լինելով ՀԱԿ կուսակցության անդամ՝ Սասուն Վարդումյանն ինքնաառաջադրվել է. Հետաքրքրվեցինք` ինչո՞ւ հարազատ կուսակցությունն ընտրական գործընթացներում իր թիկունքում չէ: «Վարչության հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո եմ ինքնաառաջադրվել: Քարոզչությունը տանում եմ որպես ՀԱԿ կուսակցության անդամ: Ամբողջ քարոզչության ընթացքում ստացել և ստանում եմ կուսակցության լիարժեք աջակցությունը և օգնությունը: ՀԱԿ վարչության անդամ Սարգիս Թամազյանը կոորդինացնում է մեր նախընտրական շտաբի գործունեությունը: Նշեմ նաև, որ սեպտեմբերի 30-ին Ախթալա քաղաքում կազմակերպվող նախընտրական հանրահավաքին ներկա են գտնվելու Կոնգրեսի ԱԺ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը և Գագիկ Ջհանգիրյանը»,- ասաց Սասուն Վարդումյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.09.2016թ.