Լրահոս
Օրվա լրահոսը

«Կալանքի տակ պահելու նպատակը մեկն է՝ կապ կա՞ «Սասնա ծռերի հետ, թե՞ ոչ»

Սեպտեմբեր 29,2016 14:30

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» մեղադրյալներից մեկի կալանքը նույնպես երկարացվեց:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Հովհաննես Պետրոսյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասում է, որ սխալ էր Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործի միացումը «Սասնա ծռերի» գործին:

Նրա կարծիքով, առաջին գործը կարող էր դատարանում արդեն լսվել, քանի որ ամիսներ առաջ էին կալանավորվել շատերը:

Մինչդեռ, անվերջ երկարաձգվում են կալանքները, որպեսզի տեսնեն՝ կապ կա,՞ արդյոք, «Սասնա ծռերի» հետ, թե՞ ոչ:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը սեպտեմբերի 30-ին բավարարեց քննիչ Գուրգեն Հակոբյանի միջնորդությունը՝ երկու ամսով երկարացնելով «Մեսրոպ Հարությունյան» ձեռնարկության դիզայներ, նկարիչ Հովհաննես Պետրոսյանի խափանման միջոցը՝ կալանքի ժամկետը: Նա, ի դեպ, երկրորդ անգամ է բավարարում Հովհ. Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը:

Հովհ. Պետրոսյանի կալանքն այս անգամ երկարաձգվեց մինչեւ նոյեմբերի 30-ը: Քննիչ Գուրգեն Հակոբյանը քննչական խմբի անդամ էր, եւ դատական նիստին մասնակցելու համար նրան լիազորել էր ՀՔԾ կոռուպցիոն, պաշտոնական հանցագործությունների վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանը:

Այս տարվա մայիսի 30-ին՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ռազմամթերք հանդիսացող երկու ինքնաձիգ, 120 փամփուշտ ապօրինի փոխադրելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը մայիսի 28-ից շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում:
Մայիսի 31-ին Հովհաննեսն ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել ՀՀ քննչական կոմիտե, նույն օրն էլ ձերբակալվել էր:

Այդ փուլում հանրային պաշտպանի մասնակցությամբ նա տվել էր ինքնախոստովանական ցուցմունք:

Հունիսի 2-ին Պետրոսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նույն օրն էլ կալանավորվել էր երկու ամսով: Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա անցյալ տարվա նոյեմբերին չպարզված անձից՝ Հրայր Իվանի Քեշիշյանից ապօրինի կերպով ձեռք էր բերել մարտական զենք՝ ինքնաձիգ, եւ իր ընկերների՝ Ներսես Պողոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Սմբատ եւ Արթուր Մովսիսյանների հետ «նախնական համաձայնությամբ», պահել էր, կրել եւ փոխադրել էր նշյալ զենքը, իսկ մայիսի 20-ին զենքը վերադարձրել էր Հրայր Քեշիշյանին:

Այս տարվա սեպտեմբերի 16-ին, ըստ նախաքննությունն իրականացնող մարմնի. «նկատի ունենալով Հովհաննես Պետրոսյանին մեղսագրվող արարքի ծանրության աստիճանը», քննչականի վարչության պետի տեղակալը՝ Էդ. Հակոբյանը, միջնորդություն էր ուղարկել դատարան:

Ըստ քննիչի, ներկա փուլում Հովհ. Պետրոսյանն ազատության մեջ գտնվելով՝ կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, «քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելով», գործի համար էական նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու միջոցով կամ այլ նպատակով:

Ի դեպ, «էական նշանակություն ունեցող նյութերի» կեսը դեռ դրսերո՞ւմ է, չի՞ առգրավված, եւ մեղադրյալն է, որ ապացուցողական «բազայի» հիման վրա է մեղադրվում, կարո՞ղ է գնալ նման «հավանական ռիսկի»:

Քննչականը հղում անելով մեղսագրվող արարքի համար ազատազրկման ձեւով պատիժ կրելու հանգամանքը, պնդել էր իր միջնորդությունը, հավելելով, որ ազատության մեջ գտնվելը կարող է նրան թաքնվելու հնարավություն տալ:

Հովհաննես Պետրոսյանը դատարան չէր ներկայացել, քանի որ դիմել էր դատարանին, լսել կալանքի միջնորդությունը առանց իր մասնակցության:

Նրա պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արսեն Մկրտչյանն անհիմն է համարել տվյալ միջնորդությունը, ասելով, թե քննիչի միջնորդությունն ընդհանրապես իրավաբանության հետ կապ ունեցող հիմնավումներ չունի, անարդար է: Պաշտպանը երեկ «Առավոտին» ասաց, թե 15 րոպե է տեւել դատական նիստը:

Նա ասաց, որ Հովհաննեսի հետ քննչական գործողություն կատարվել է հուլիսի 6-ին:
Այլ գործողություններ չեն կատարվել, չեն կատարվում, իսկ ինքն էլ որպես պաշտպան ստանում է միայն որոշումներ:

Պաշտպանը երեկ հանձնել է իր վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարան: Հիշեցնենք, որ մեկ անգամ արդեն իսկ վերաքննիչ դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանը քննիչի որոշումը մերժել է:

Պաշտպանը, որն առաջին ատյանում ասել էր, թե հույս չունի դատարանից, փոքր-ինչ հավատում է վերաքննիչին:

Նրա տեղեկացմամբ, միակ հիմնավորումը, որ քննիչը դատարանում ներկայացրել է, դա այն էր, թե Պետրոսյանին մեղսագրվող արարքը ազատազրկման ձեւով է նախատեսված, հետեւաբար, կալանքի տակ մնալը հիմնավոր է:

Ա. Մկրտչյանն ասաց. «Համաներման հոտը օդում բոլորս էլ զգում ենք, հավանաբար, ՀՔԾ-ն կալանքները երկարաձգում է նաեւ այս պատճառով»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

28.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930