Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ պատահեց, երբ Շառլոտում սկսեցինք երեխաներին ազգային երգեր սովորեցնել

Սեպտեմբեր 29,2016 13:30

Օգոստոսի կեսերին մեր համայնքի քահանան խնդրեց հանդիսություն պատրաստել՝ տոնելու Հայաստանի անկախության 25-ամյակը: ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքի հայ համայնքը դեռ երիտասարդ է, Լոս Անջելեսի ու Նյու Յորքի պես հայաշատ չէ ու չունի բոլոր դասական համայնքային կառույցները: Մենք ունենք շատ գեղեցիկ եկեղեցի Սբ. Սարգիս անունով և Հայ մշակութային միություն, որոնք լծված են համայնքի հոգևոր ու ազգապահպան կարիքները հոգալու գործին:

Մինչ մտածում էի, թե ինչպես կազմակերպել մեր հանդիսությունը, Պատարագից հետո գործով մտա մեր եկեղեցու գրադարան: Մեկ էլ տեսնեմ՝ մի 15 երեխա նստած՝ իրենց հեռախոսներով խաղեր են խաղում ու իրար հետ անգլերեն խոսում (թեև բոլորն էլ հայերեն լավ գիտեին): Ու սենյակում դաշնամուր կար:

Ասացի՝ երեխեք ջան, մի հատ այդ հեռախոսները դրեք մի կողմ ու եկեք դաշնամուրի մոտ: Ու սկսեցինք սովորել «Կապեմ վզիդ մի զանգակ… Օրը տաք է, արեգակ… Ջուր կուգա վերին սարեն… Կթափի մարմար քարեն»:

Անկեղծ ասած՝ շատ զարմացա, թե ինչ խանդավառությամբ երեխաներն ու ծնողները լծվեցին Անկախության 25-ամյակի պատրաստման աշխատանքներին (նույնիսկ մամաներից մեկը եռագույն տորթ էր պատրաստել):

Սկզբից թվաց, թե երգերը դժվար են, քանի որ երեխաների մի մասը հայերեն չէր խոսում: Բայց այստեղ օգնության հասան թե ծնողները, թե տատիկներն ու պապիկները: Երգերը ձայնագրեցին ու մի քանի շաբաթներում այնքան լսել տվեցին երեխաներին, որ նրանք բոլոր երգերն անգիր սովորեցին: Սրան էլ գումարած կիրակնօրյա փորձերը Սբ. Պատարագից հետո:

Եթե ուզում եք Սփյուռքի երեխաները պահեն ազգային ոգին, իրենց հայերեն երգեր սովորեցրեք

Երաժշտությունն օգնում է, որ երգը և երգի հետ եկող ամբողջ մշակութային ժառանգությունը մեղեդու հետ միասին նստվածք տա երեխայի հիշողության մեջ: Օրինակ, մեր երգերից մեկը Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» երգն էր: Ծնողները պատմում են, որ երեխաները օրվա մեջ ամբողջ օրը դա են երգում խաղալիս: Մի ծնող նույնիսկ ինձ վիդեո ուղարկեց, որտեղ 4 տարեկան մանչուկն իր 2 տարեկան քույրիկի հետ թաթիկներով խփում էին դաշնամուրի ստեղնաշարին ու երգում՝ «Ես մի բուռն եմ քո հողի, ես մի ծիլն եմ քո արտի…»:

Մենք որոշեցինք, որ հանդեսին համազգեստ ունենանք, ու թող ամեն մի երեխա սպիտակ շապիկ հագնի ու ինքն իր ձեռքերով շապիկի վրա եռագույն նկարի: Դուք տեսնեիք, թե ինչ խանդավառությամբ էին նրանք դա անում՝ մեկը ծնողի, մյուսը՝ տատիկ-պապիկի, իսկ էն մյուսը բարեկամների հետ միասին: Հայ երգի հնչյունները փոխեցին երեխաների մտածողությունը: Երգը վերանորոգեց ծնողների նվիրումը: Մանուկների բերանից ու սրտից հնչած երգերը հուզեցին ու արցունքով շարժեցին համայնքի անդամների սրտերը: Երգը, հավատքի հետ, շատ մեծ փոփոխություն բերող ուժ է, ազգային բարի ինքնագիտակցության համար: Եկեք ավելի շատ հայերեն երգեր սովորեցնենք մեր բալիկներին: Ահա հայ երգի մի հրաշալի ձայնադարան, որից կարող է օգտվել ցանկացած հայ մարդ՝ HYPERLINK “https://www.armenianmusic.am/hy/” https://www.armenianmusic.am/hy/
Բարի օր բոլորիդ, սիրելի մարդիկ: Սիրենք իրար ու երգենք միասին:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

28.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930