Գրող Նորայր Ադալյանը՝ Դոստոեւսկու գեղագիտության եւ հայաստանյան թատրոններում հայ հեղինակների «լիմիտի» մասին
«Առավոտը» հյուրընկալել էր գրող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գրական բաժնի վարիչ Նորայր Ադալյանին։ Զրույցի առանցքում էր վերջերս դրամատիկականում կայացած Դոստոեւսկու «Անկոչ Աննան» դրամայի պրեմիերան եւ այդ թատրոնի խաղացանկն ընդհանրապես, որտեղ 21 անուն բեմադրություններից 16-ը օտարագիր դրամատուրգների գործերն են, 5-ը՝ հայ հեղինակների։
«Այո, դրամատիկականի խաղացանկում գերակշռում են օտար դրամատուրգների ստեղծագործությունները։ Թվում է՝ անհրաժեշտ է վերանայել օտար եւ հայ հեղինակների գործերի թվային անհամամասնությունը ¥նկատի ունի 16 օտար եւ 5 հայ հեղինակներին), վերանայել հօգուտ հայ ազգային պիեսների, ընդ որում՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից։ Միայն ամերիկացի Նիլ Սայմոնի ստեղծագործություններից երեք ներկայացում ունենք խաղացանկում, մինչդեռ մեր՝ հայերիս կյանքը, հազարավոր մղոններով հեռու է Ամերիկայից ու բաժանված անհուն օվկիանոսով»,- հայտնեց Նորայր Ադալյանը:
Հետո էլ հավելեց. «Չեմ ցանկանում խնդիրը ծայրահեղացնել։ Իհարկե, ե՛ւ դրամատիկականը, ե՛ւ մյուս թատրոնները չպետք է մնան հայրենական չորս պատերի քառակուսում։ Անխոս, պետք է դուրս գալ լայն ու միջազգային ասպարեզ, «ունկնդրեն» ինչպիսի զանգեր են ղողանջում մեծ աշխարհում, այդուհանդերձ, տեսնենք նաեւ մեզ՝ հայերիս դրամատուրգիական հոգեկերտվածքը։ Խոսքս միայն Շեքսպիրին չի վերաբերում։ Մեծանուն թարգմանիչ Մուսեհյանը ժամանակին հայ գրականություն բերեց հանճարեղ անգլիացուն, այնուհետեւ հայ թատրոնը շեքսպիրյականացավ՝ շնորհիվ Պետրոս Ադամյանի, Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի, Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, կարելի է անունները շարունակել թվարկել։ Օրինակ՝ Լեւոն Թուխիկյան, Վլադիմիր Մսրյան, Խորեն Աբրահամյան, Ութմազյան, Շարաֆյան ու Հրաչյա Հարությունյան, Գրիգոր Խաչատրյան։
Կարդացեք նաև
Շեքսպիրի ռեժիսորական հայացման ասպարեզում զգալի ներդրում ունի Արմեն Խանդիկյանը։ Այսօր նրա ռեժիսորական տաղանդի շնորհիվ խաղացվում են շեքսպիրյան մի քանի պիեսներ, որոնք իսկապես նորովի են ներկայացնում հեղինակին եւ մեզ՝ հանդիսատեսիս, ավելի են հարազատացնում շեքսպիրյան հրաշքին։ Հետեւաբար, ամեն օտար չէ, որ օտար է, կան այս կամ այն ազգին արյունակից դեմքեր, որոնցից է հենց մեր Շեքսպիրը։ Իսկապես վաղուց հայ, հայահոգի»։
Գրողին խնդրեցինք իր կարծիքը հայտնել Դոստոեւսկու «Անկոչ Աննան» դրամայի առիթով։ Պարոն Ադալյանը նախ նշեց, թե «Անկոչ Աննան» ¥Աննայի կերպարում՝ Լիդիա Գրիգորյան) բնավ էլ անկոչ չէ, հակառակը՝ հանդիսատեսին հարազատ ու սիրելի։ Հիշեցրեց, որ Դոստոեւսկին հայ թատրոնում նոր հեղինակ չէ եւ քանիցս անդրադարձ է արվել ռուս հանճարի «Ապուշը» վեպին, ապա ասաց. «Դոստոեւսկին պիեսներ չի գրել, սակայն նրա արձակն ունի բացառիկ խոր դրամատուրգիական կառուցվածք եւ մարդկության ողբերգական շերտեր, որոնք շատ ռեժիսորների ստիպել են նայել այդ ուղղությամբ։ Ինչ վերաբերում է «Անկոչ Աննա»-ին, այդ դրամայի թարգմանությունը, բեմականացումը եւ բեմադրությունն իրականացրել է ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը, որը մտածող, ինքնատիպ, խորաթափանց արվեստագվետ է։
Ընդ որում, նրա հետ կարելի է վիճել, չհամաձայնելով համաձայնել, ինչը ստեղծագործողի առավելությունն է, որ քչերին է տրված։ Իսկ «Անկոչ Աննան» բավականին բարդ ներկայացում է, հոգեբանական դժվարին հարաբերություններով, բայց բարդագրություն չէ, ինչ ասել կուզե՝ ամեն պարզ բան ի վերջո դառնում է պարզունակ եւ ոչ ցանկալի։ Ներկայացումը պահանջում է հանդիսատեսի ներթափանցումն ու ըմբռնողությունը, այն իսկապես «մասսայական» բնույթ չունի, այլ «էլիտար» է ու միտված հանդիսատեսի հոգուն, զգացմունքներին»։
Ադալյանը Դոստոեւսկու հետեւյալ միտքը «նետեց» հանդիսատեսին. «Եթե ցանկանում եք տեսնել կենդանի Աստծուն, փնտրեք նրան մարդկային սիրո մեջ, այլ ոչ թե սեփական գիտակցության դատարկ երկնակամարում»։ Հավելենք, որ ներկայացման մեջ ընդգրկված են դերասաններ Արթուր Մանուկյանը ¥ջութակահար), Լուսինե Հարությունյանը ¥մայր), Էրիկ Սարգսյանը ¥Բերգ), Գրիգոր Գաբրիելյանը ¥իշխան), Էմմա Մանուկյանը, Հայկուհի Խուդավերդյանը, Լիզա Բարսեղյանը, Նարինե Պետրոսյանը, Արտաշես Մխիթարյանը։ Նկարիչն է Կարեն Գրիգորյանը, երաժշտական ձեւավորումը՝ Աշոտ Փափազյանի։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Տեսարան «Անկոչ Աննան» ներկայացումից։