Արդեն գրել ենք, որ աշխարհում շախմատային գերտերության համբավ ունեցող Հայաստանն արդեն քանի տարի չունի տղամարդկանց եւ կանանց որեւէ ակումբ: Հետեւաբար, Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնություններում Հայաստանի առջեւ գծիկ է դրվում: Արդյունքն էլ այն է, որ մեր մի քանի տասնյակ գրոսմայստերներ այս առումով «անգործության» են մատնված: Լավագույն դեպքում, նրանցից մի քանիսը ընդգրկվում են այլ երկրների ակումբներում:
Օրերս ավարտվեց Վրաստանի ակումբային առաջնությունը, որին մասնակցեցին Հայաստանի երեք շախմատիստներ. Տիգրան Հարությունյանը, որը «Նոնա» ակումբի կազմում նվաճեց չեմպիոնի կոչումը՝ իր խաղատախտակի առջեւ յոթ հնարավորից վաստակելով 6,0 միավոր, եւ Վահե Բաղդասարյանն ու Սուսաննա Գաբոյանը, որոնք «Սամգրելոյի» կազմում զբաղեցրին 5-րդ տեղը:
Նոյեմբերի 6-ից 12-ը Սերբիայի Նովի-Սադ քաղաքում կայանալու են տղամարդկանց եւ կանանց Եվրոպայի ակումբային առաջնությունները: Տղամարդկանց պայքարում հայտավորվել է 57 թիմ, կանանց առաջնությունում՝ 14:
Chess-results.com-ը հրապարակել է մասնակից ակումբների կազմերը: Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատարներից Լիլիթ Մկրտչյանը Նովի-Սադում ներկայացնելու է Ռուսաստանի «Յուգրան», իսկ Աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից Լեւոն Արոնյանը հանդես է գալու իտալական OR Padova-ի կազմում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ wikipedia.org-ի