Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 28-ին դատախազի որոշմամբ «Սասնա ծռեր» խմբավորման հանցագործության կատարմանն օժանդակելու համար մեղադրվող Սուրիկ Պետրոսյանի և Մհեր Մազմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ նկատի ունենալով, որ վերացել է նրանց կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:
Aravot.am-ի հետ զրույցում Մհեր Մազմանյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ իր կարծիքով, իր պաշտպանյալի խափանման միջոցի փոփոխմանը նախորդել է որոշակի գործընթաց, երբ քննչական մարմինները, լինելով ծանրաբեռնված, հնարավորինս շուտ փորձել են գործերը բաժանել. «Յուրաքանչյուր մեղադրյալի մասով հավաքվել են ապացույցներ, եւ ներկայացված մեր փաստերի ստուգման արդյունքում, պարզել են, որ այն հանգամանքը, որ այդ անձնավորությունը խոսել է իր ծանոթի հետ եւ դժգոհություն է հայտնել պետությունում ստեղծված որոշակի իրավիճակի մասին, բավարար չէ, որպեսզի մարդուն մեղադրեն ծանր հանցագործության մեջ՝ շենք, շինություններ զավթելուն օժանդակելը:
Այսինքն՝ ինքը «Սասնա ծռերի» անդամների հետ չի զրուցել, զրուցել է իր ընկերոջ հետ, եւ նման հետեւանքներ են առաջացել: Իմ կարծիքով՝ նախաքննական մարմնին ժամանակ է պետք եղել, որ ստուգի այս գործընթացը եւ պարզի ներկայացված բոլոր փաստերը: Ստուգել են, տեսել են, որ իմ կարծիքով, առնչություն չունի իրականության հետ, մեր փաստերը համապատասխանում են իրականությանը, դրա համար էլ ինձ թվում է, որ խափանման միջոցը փոխել են, եւ հուսով ենք, շուտով քրեական հետապնդումը կդադարեցնեն»:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Մհեր Մազմանյանի խափանման միջոցն այժմ չհեռանալու մասին ստորագրությունն է, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ իր կարծիքով դա պարզապես տեխնիկական խնդիր է. «Որոշ ժամանակ անց նաեւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի: Ինձ թվում է, որ ժամանակի հետ կապված խնդիր է՝ չեն հասցնում այդ ամբողջ տեղեկատվությունը մշակեն, վերջնական արդյունքի բերեն: Դրա համար էլ խափանման միջոցն են փոխում, նոր քրեական հետապնդումը կդադարեցնեն»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ