Եռօրյա աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամության խմբի անդամներ՝ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը եւ պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը:
Սեպտեմբերի 26-ին խորհրդարանական պատվիրակությունը Բրյուսելում հանդիպել են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար կազմին: Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, պատվիրակության անդամները Եվրոպական Միության խորհրդարանում հանդիպել են ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի եւ խմբի անդամների հետ:
Կարդացեք նաև
Օրվա երկրորդ կեսին Եվրախորհրդարանում ԼՂՀ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամության խմբի նիստը, որը վարում էր Եվրոպական խորհրդարանում Արցախի ղեկավար Ֆրանկ էնգելը:
Այնուհետեւ պատգամավորներ Հայկ Խանումյանը եւ Դավիթ Մելքումյանը մասնակցել են Եվրոպական խորհրդարանում Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված քննարկումներին, որի բանախոսը ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն էր: Կլոր սեղանին հրավիրված էին ԵԽ պատգամավորներ, փորձագետներ:
Սեպտեմբերի 28-ին Արցախի պատվիրակությունը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գրասենյակում հանդիպում է ունեցել կառույցի նախագահ Դիոգո Պինտոյի եւ մյուս անդամների հետ: Օրվա երկրորդ կեսին Արցախի խմբի անդամներն այցելել են Ֆլամանդական խորհրդարան:
Երեկոյան պատվիրակությունը մասնակցել է Բելգիայում ՀՀ դեսպանատան կողմից Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին նվիրված ընդունելությանը։
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ