Կառավարությունը մերժում է ԱԺ պատգամավորների՝ «Նաիրիտգործարան» ՓԲԸ-ի գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստի օրակարգում է ընդգրկված ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Լյովա Խաչատրյանի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացությունը:
Պատգամավորները նախագծով առաջարկում են ստեղծել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի գործունեությունն ուսումնասիրող, իսկ այնուհետեւ նաեւ ընկերությունում ներդրումային պարտավորությունների մշտադիտարկում եւ վերահսկողություն իրականացնող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով՝ ՀՀ կառավարության եւ ընկերության ներկայացուցիչների ընդգրկմամբ:
Ըստ նախագծի, նաեւ առաջարկվում է ՀՀ արդյունաբերության զարգացման պետական ծրագրի շրջանակներում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն հայտարարել արդյունաբերական գոտի եւ 70 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կամ ավելի ներդրումային նախագծի դեպքում հինգ տարով ազատել հարկերից:
Կարդացեք նաև
Կառավարությունը գտնում է, որ ԲՀԿ պատգամավորների առաջարկած օրենքի նախագծի հոդվածների մի քանի կետեր հակասում են ՀՀ Սահմանադրությանը. այդպես է նշված կառավարության եզրակացության մեջ: Ընդ որում, պատգամավորների առաջարկած նախագծի ընդունման դեպքում, ըստ պետական բյուջեի եկամուտների վրա բացասական ազդեցություն կլինի:
Բացի այս, կառավարության եզրակացության մեջ նաեւ նշված է՝ «Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առաջարկվում է ապահովել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հաշվեկշռում նախագծի ընդունման պահին գտնվող հիմնական միջոցների շուկայական գնահատում` տվյալ ոլորտի մասնագիտական գնահատող կազմակերպության կողմից, մինչդեռ պարզ չէ, թե ինչ աղբյուրների հաշվին պետք է այն իրականացվի: Հետևաբար` հիմնական միջոցների շուկայական գնահատումը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու պարագայում, Նախագծի ընդունումը կհանգեցնի ծախսերի ավելացման, որի չափը ներկայումս հնարավոր չէ գնահատել»:
Այսպիսով, կառավարությունը դեմ է ԱԺ պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ