Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանդիպում օժանդակելու նպատակով

Սեպտեմբեր 28,2016 19:07

Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում սկսեց գործել ԱՄՆ Միացյալ Մեթոդիստական եկեղեցու Արևմտյան և Հյուսիսային Կարոլինայի թեմերի համատեղ կրոնաբարեգործական «Ագապե» կազմակերպությունը:

«Ագապե»-ն Հայաստան էր հրավիրվել Հայ Առաքելական եկեղեցու կողմից և 1994 թ. ստանալով  պետ. գրանցում՝ սկզբից ևեթ ծավալեց բարեգործական և բարեխնամ գործունեություն՝ մշտապես աջակցելով շրջանի կայացմանը: Այս օրերին կազմակերպության Հյուսիսային Կարոլինայի թևի տնօրենների խորհրդի 6 անդամ՝ Ալլան Վան Միթըր (հոգևորական, նախկինում աշխատել է որպես օդերևութաբան), Սենդի Վալդրոն, Ջեյ Ռայթ, Լուեն Օլրեդ, Ջեյն Լիլֆորդ և Քերոլայն Վուդ, այցելել են Արցախ: Սկզբում հանդիպում ունեցան ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ, այցելեցին Արցախի պատմական հուշարձաններ, այնուհետև Բերձորում գործող բաժանմունքի տնօրեն Նարա Մելքոնյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 26-ին հանդիպեցին շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ:

dscn0388 dscn0505

Քննարկվեցին մի շարք հարցեր: Կարևորվեց այն, որ կազմակերպությունը շրջանին այսուհետ օժանդակի գյուղատնտեսական ոլորտում: Ս. Խաչատրյանը հյուրերին տեղեկացրեց, որ շրջանում արդեն արտադրվում է մեծ քանակության մեղր, և կա հնարավորություն ավելին անելու համար, սակայն զգալի է իրացման խնդիր: Կարևորվեց նաև, որ հնարավոր է մեծ քանակությամբ չիր արտադրել, խնդիր կա կաթի մթերման գործում: Ասաց՝ կազմակերպության օժանդակությունն այն կլինի, եթե ստեղծվեն արտադրամասեր՝ մեղրը փաթեթավորելու, կաթի ընդունման և չիր արտադրելու նպատակներով: Հավելեց նաև, որ արտադրամասերի համար կհատկացվեն համապատասխան շինություններ: Ս. Խաչատրյանը կարևորեց նաև բազմազավակ ընտանիքների համար բնակարաններ կառուցելու հարցը( 2016-2017թթ. կազմակերպության կողմից Բերձորում կառուցվել է 3 տուն):

Ալլան Վան Միթըր նշեց՝ հաշվի առնելով շրջանի հնարավորությունները, ճիշտը գյուղմթերքի մշակման աշխատատեղեր ստեղծելն է, և դիմեց գործընկերներին՝ մտածել այս ուղղությամբ: Այս որոշումով հյուրերը հրաժեշտ տվեցին Ս. Խաչատրյանին: Հաջորդ օրը «Ագապե»-ի ներկայացուցիչների հետ այցելեցի շրջանի Նորաշենիկի գյուղական համայնքի կազմում գտնվող Վարդուտ գյուղ, որը գտնվում է Շալուա գետի ձախ ափին, կառուցվել է վերաբնակեցման տարիներին և այժմ ունի 15 ընտանիք:

Գյուղի բնակեցման սկզբում՝ 2005 թ., «Ագապե»-ն 10 նոր ընտանիքներին անհատույց հատկացրել էր մեկական հղի կով՝ պայմանով, որ 3 տարի անց մեկ հորթ հատկացվի նոր ընտանիքի: Ծրագիրն աշխատել է հաջողությամբ: Կազմակերպության ներկայացուցիչները հանդիպեցին բնակչության հետ, գոհունակություն հայտնեցին, որ կովերը բազմացել են. սա նշանակում է՝ ծրագիրը կշարունակվի: Հյուրերն այցելեցին նաև դպրոց, որտեղ սովորում են 15 աշակերտ, ծանոթացան պայմաններին, զրուցեցին ուսուցիչների և աշակերտների հետ: Գյուղում գործում է նաև բուժկետ, որն սպասարկում է Շալուա գետի ավազանի բնակչությանը: Բժիշկ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց բուժկետի պայմանները: Այցելուները խոստացան հնարավորության սահմաններում օժանդակել նաև բուժկետին: Սեպտեմբերի 29-ին հյուրերը կայցելեն Ծիծեռնավանք՝ ծանոթանալու 4-րդ դարում կառուցված հայ հոգևոր կենտրոններից մեկին, իսկ հաջորդ օրը կմեկնեն ԱՄՆ:

Զոհրաբ Ըռքոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930