ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած պետական և ոչ պետական ՀՀ բուհերի պրոռեկտորների հետ, որին մասնակցել է նաև “Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն” հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Հանդիպման նպատակն էր նախարարին ներկայացնել բուհերում կլաստերային աուդիտ անցկացնելու համար մշակված համատեղ ծրագիրը:
Նախարարն անդրադարձել է բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին՝ ընդգծելով, որ ժամանակին դրա նպատակն է եղել բուհական համակարգը ընթեռնելի, չափելի և գնահատելի լինի: Գործընթացը նախատեսված է ավարտել 2018 թվականին, և ժամանակն է ամփոփել միջանկյալ արդյունքները, ինչպես նաև քննարկել ծրագրային հավատարմագրման հնարավորությունը: Լևոն Մկրտչյանը բուհերին առաջարկել է արդեն իսկ սկսել մշակել ծրագրային աուդիտին հաջորդող ծրագրային հավատարմագրման ճանապարհային քարտեզը. նախևառաջ հստակեցնել բուհի ռազմավարությունը, հավատարիմ մնալ որդեգրած առաքելությանը: Լևոն Մկրտչյանը բուհերին հորդորել է ճիշտ գնահատել սեփական ռեսուրսները՝ որպես օգնություն առաջարկելով կլաստերների գաղափարը: ԿԳ նախարարը կարևորել է նաև ՈԱԱԿ առաջարկը, ըստ որի՝ բուհերի համար ծրագրային հավատարմագրման որոշակի պարտադիր տոկոս պետք է սահմանվի յուրաքանչյուր տարվա համար:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշել է, որ բուհերի հետ քննարկումների արդյունքում եզրակացրել են, որ մասնագիտական կրթական ծրագրերի քանակը մեծ է, և յուրաքանչյուր մասնագիտության կրթական ծրագրի առանձին հավատարմագրումը բուհերի համար մեծ ֆինանսական բեռ կդառնա: Հետևաբար, առաջարկ է ներկայացվել նախ բուհերում կլաստերային սկզբունքով ծրագրային աուդիտ իրականացնել, որի արդյունքում բուհերը կպատրաստվեն ծրագրային հավատարմագրմանը:
Հանդիպման ավարտին նախարար Լևոն Մկրտչյանն առաջարկել է ՈԱԱԿ-ի և բուհերի մշակած ծրագիրը նախարարություն ներկայացնել` ռեկտորների խորհրդում քննարկելու և կլաստերային աուդիտի իրականացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:
Կարդացեք նաև
ՀՀ կրթության և գիտության նախարարություն