Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի «սև ցուցակը» մնում է անփոփոխ. 7-8 հայի արգելված է մուտք գործել Վրաստան

Սեպտեմբեր 28,2016 18:35

Վրաստանում, թեև նախընտրական շրջան է և թվում է, թե շատ խնդիրներ պետք է լուծում ստանային, ինչպես խոստացել էին վրացական իշխանության վերին օղակների ներկայացուցիչներ, օրինակ` անձամբ Բիձինա Իվանիշվիլին, սակայն ջավախահայության խնդիրներն, ընդհակառակը, ավելի մեծ ծավալների են հասնում: Այդ է պատճառը, որ Ախալքալաքի մի շարք հասարակական կազմակերպություններ ահազանգում են,  թե «ջավախահայությանը հուզող հիմնական խնդիրների, այն է՝ ազգային-քաղաքական, կրթական և հոգևոր-մշակութային հարցերի լուծման մասով չեն նկատվել դրական տեղաշարժեր:

Ավելին, նշյալ զգայուն ոլորտներում բազմաթիվ հիմնահարցեր խորանալով դարձել են նոր անհանգստությունների և հուզումների պատճառ: Օրինակ, հաշվետու շրջանում արգելվեցին ՀՀ-ից մինչ այդ ներմուծվող այբբենարանները, մայրենի լեզվի և հայ գրականության դասագրքերը, և Ջավախքի բոլոր շրջանների հայ աշակերտներն արդեն երրորդ ուսումնական տարին է, ինչ զրկված են անգամ այդ դասագրքերից»:

Հավելենք նաև, որ Վրաստանում գործում է նաև սև ցուցակ, համաձայն որի` շուրջ 8 հայ գործիչների մուտքը Վրաստան առանց որևէ հիմնավորման արգելվում է:

Aravot.am-ը «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանից հետաքրքրվեց սա ի՞նչ քաղաքականություն է, ինչո՞ւ մեր այսպես կոչված բարեկամ երկրի հետ  նման խնդիրներ են ծագում ու ավելի խորանում: Նա արձագանքեց. «Ես նման տեղեկություն չունեմ, որ նախընտրական շրջանում այբբենարաններ են տարել Վրաստան և արգելքի հանդիպել: Բայց այդ խնդիրն, ընդհանրապես, գոյություն ունի: ՀՀ սփյուռքի նախարարությունը Վրաստանի կրթության նախարարության հետ համատեղ պետք է խնդիրը քննարկեին ու կարողանային հասնել մի ընդհանուր վիճակի, որ հայատառ գրականությունը և դասագրքերը անարգել տեղափոխեին Վրաստանի հայկական դպրոցներ: Տարիներ շարունակ այդ դասագրքերը մեծ դժվարությամբ են հասնում Վրաստանի հայկական դպրոցներին: Վերջին` նախընտրական շրջանի մասին չունեմ տեղեկություն, թե գրքեր են տեղափոխվել ու արգելքի հանդիպել, բայց եթե տանեին, իսկապես արգելքի կհանդիպեին»:

Պատճառներից պարոն Գրիգորյան առանձնացրեց կազմակերպական խնդիրներն ու վրացական կողմի պահանջները. «Վրաստանի իշխանությունները շահագրգռված չեն հայատառ գրականության մուտքով: Վերջին անգամ մեկ տարի ուշացումով Սփյուռքի նախարարությունը կարողացավ դասագրքերի որոշակի խմբաքանակ ուղարկել Վրաստանի հայկական դպրոցներ: Վրաստանի կրթության  նախարարությունը պահանջում է, որ հայկական դպրոցների համար դասագրքերն իրենք թարգմանեին, որոնք կհամապատասխանեին իրենց կրթական ծրագրերին: Բայց իրենց թարգմանած գրականությունը բազում տառասխալներ ուներ և անհասկանալի ու անգրագետ ձևակերպումներով էր: Կար պայմանավորվածություն, որ պետք է հայ- վրացական հանձնաժողով ստեղծվեր, որ հայ մասնագետ ներգրավվեր, և թարգմանությունը կատարվեր պատշաճ մակարդակով»:

Մեր հարցին`ո՞ր երկրի կառավարությունն է թերացել, որ խնդիրը մինչև հիմա օդից կախված է, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Կարծում եմ` երկու կառավարությունների թերացման պատճառ է, այդ թվում նաև մեր սփյուռքի նախարարության: Բայց վրացական կողմի պահանջները չափազանց շատ են: Անկեղծ ասած` այս հարցում չեմ նկատում հետևողականություն»:

Դառնալով սև ցուցակին` «Ջավախք» հիմնադրամի նախագահը թվարկեց, թե ում է այս պահի դրությամբ արգելված մուտք գործել Վրաստան. «Այդ արգելքը գոյություն ունի յոթ-ութ անձի դեպքում, այն պահպանվում է: Նրանք են` Շիրակ Թորոսյանը, Ստեփան Մարգարյանը, Հովհաննես Այվազյանը, Սամվել Կարապետյանը, պատմաբան Վահե Սարգսյանը, «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունին: Մեր ԱԳՆ-ն հավաստիացնում է, որ բարձրացնում է այդ հարցը, բայց սայլը տեղից չի շարժվում և այդ մարդկանց` Վրաստան մուտք գործելու արգելքը պահպանվում է: Վերջերս նաև սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանին էին արգելել մուտք գործել, բայց իմ տեղեկություններով` հիմա նա կարողանում է մուտք գործել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930