«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր Aravot.am-ը բնապահպան Կարինե Դանիելյանից հետաքրքրվեց` Քաղաքաշինության նախարարությունը կոմիտեի վերածվելու արդյունքում ի՞նչ փոփոխություններ է ակնկալում: «Նախկին նախարարի հետ մշտապես անհամաձայնություններ ունեի: Երեւանում անկախության տարիներին իրականացրած կառուցապատումն ու քաղաքաշինությունը հակաբնապահպանական է` բոլոր կետերով: Քաղաքը վտանգվել է: Այս առումով մենք անընդհատ վեճերի մեջ ենք եղել: Հիմա տեսնենք` այդ փոփոխությունից հետո ինչպե՞ս կլինի»,-ասաց Կարինե Դանիելյանը:
Նա հարցադրում արեց, թե նշյալ կառուցվածքային փոփոխության արդյունքում ինչպե՞ս կիրականացվի հատկապես պատմամշակութային ժառանգության պահպանությունը. «Ի վերջո, ամեն ինչ որոշում էր քաղաքաշինության նախարարությունը: Ժամանակին նախագահի հետ խոսել եմ եւ դեմ արտահայտվել Երեւանում իրականացվող քաղաքաշինությանը: Նարեկ Սարգսյանը եկավ-բացատրեց, որ երեւի այլմոլորակայինները գալիս-քանդում են մեր պատմամշակութային ժառանգությունը, իսկ իրենք օր ու գիշեր պահպանությամբ են զբաղված…Հիմա ինչպե՞ս խնդիրը կզարգանա` ժամանակը ցույց կտա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ