Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը վերլուծել է նոր վարչապետ Կարեն Կարապետյանի գործողությունները եւ արձանագրել՝ վարչապետը կադրային ճիշտ քաղաքականություն է վարում:
«Ինչը կհանգեցնի տեսանելի դրական փոփոխությունների»,- այսօր «Սպուտնիկ-Արմենիա» ակումբում վստահեցրեց հոգեբանը:
Նա վստահ է, որ կառավարության նոր կազմը ի վիճակի է երկրի տնտեսությունում դրական տեղաշարժ կատարել:
Ասաց՝ նոր նախարարներից շատերին էլ անձամբ ճանաչում է ու նրանց մասին լավ կարծիք ունի. «Ինտելեկտուալ դեմքեր են, եւ կարծում եմ, որ լիովին համապատասխանում են պաշտոնին»:
Կարդացեք նաև
Հոգեբանը նույնպես Կարեն Կարապետյանին համարում է լավ կառավարիչ, իսկ լավ կառավարչի թիվ մեկ հատկանիշն էլ համարում է մարդկանց սիրելը.
«Պետք է նախ եւ առաջ սիրի այն մարդկանց, որոնց ղեկավարում է. դա է ճիշտ կառավարելու առաջին պայմանը։ Սոսկ մասնագիտությանը տիրապետելը բավարար չէ, ղեկավարին բարոյական ու ոգեղեն հատկություններ են անհրաժեշտ, նաև՝ հոգեբանական գիտելիքներ, միայն այդ դեպքում կառավարիչը լիարժեք կտիրապետի մարդու հետ գործ ունենալու հմտություններին։ Կառավարումը չի ենթադրում ճնշել, այլ նշանակում է՝ օգնել»:
Նրա մեկնաբանմամբ, Հայաստանում սովորաբար ղեկավարները ենթականերին անտեսում են, բայց, իհարկե, կայացած ղեկավարի մասին չէ խոսքը. «Իր իսկ գործի հաջողության համար անհրաժեշտ է, որ ղեկավարն աջակցի աշխատակցին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ