Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուղայի խաչքարերը՝ ավստրալիական սեփականություն

Սեպտեմբեր 28,2016 17:36

Ավստրալիայի պետական համալսարաններից մեկը պատրաստվում է իր ջանքերը ներդնել Ջուղայի խաչքարերի եռաչափ վերականգնման գործում: Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց հայագետ, նախիջևանագետ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը:

«Ջուղայի գերեզմանատանն ավերված շուրջ 4500 հայկական խաչքար վերականգնելու համար ես և Համլետ Պետրոսյանը միասին բանակցություններ էինք վարում ավստրալիական համալսարանի հետ դեռ 2013-ին, համաձայնության գալուց հետո՝ 2014-ին սկսվեցին եռաչափ վերականգնման աշխատանքները: Վերականգնման ծրագրի առաջին փուլն ավարտված է»,- հայտնեց նախիջևանագետը:

Այվազյանը հավելեց, որ նշված խաչքարերն այդպիսով դառնում են Ավստրալիայի սեփականություն, քանի որ վերականգնման համար վճարում է համագործակցող համալսարանը: «Վերջնական վերականգնումից հետո խաչքարերը կցուցադրվեն Ավստրալիայում: Հայաստանում դրանք տեսնելու և տեղեկություններ ստանալու հնարավորություն կլինի Ցեղասպանության թանգարանում՝ հատուկ սարքերի միջոցով»,- նշեց բանախոսը:

«Ստեղծված վիճակը միայն Հայաստանի կառավարության և մշակույթի նախարարության անտարբերության մեղքն է»,- պնդեց հայագետը: «Նրանք այդպես էլ չկարողացան Ադրբեջանին որևէ պատասխանատվության ենթարկել հուշարձանների ոչնչացման համար: Ինքս բազմաթիվ անգամ դիմել եմ կառավարությանը և այլ պատկան մարմիններին՝ 15 հազար արխիվային նյութեր՝ նեգատիվներ, փաստաթղթեր և այլ նմուշներ ՀՀ սեփականություն դարձնելու համար, սակայն պետությունը գնեց դրանցից միայն 500-ը»:

Նախիջևանագետն անդրադարձավ նաև տեղական հուշարձանների նկատմամբ պետական մարմինների անպատշաճ վերաբերմունքին: «Բնական է, որ հուշակոթողները պիտի ինչ-որ կերպ օգտագործվեն, բայց ի՞նչ է նշանակում Զվարթնոցի կամ Գառնու տաճարում կորպորատիվ խնջույքներ ու հարսանիքներ անցկացնելը: Դա մշակութային արժեքների բացահայտ նվաստացում է: Իսկ այն մարմինները, որոնք պիտի պահպանեն հուշարձանները, չգիտեմ՝ ինչով են զբաղված: Միայն պահակությամբ հարցը չի կարող լուծվել»,- նկատեց բանախոսը:

Արգամ Այվազյանը մշակութային կոթողների պահպանության հարցի լուծումը տեսնում է հուշարձանների պահպանության անկախ կոմիտե ստեղծելու մեջ: «Ժամանակին մենք ունեցել ենք նման կոմիտե, որը չէր գտնվում ոչ մի նախարարության ենթակայության տակ, և այն ղեկավարել են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են հենց Ալեքսանդր Թամանյանը, Կոստանդին Օրբելյանը և այլք: Անկախություն ձեռք բերելուց հետո այդ կոմիտեն կցվեց մշակույթի նախարարությանը: Այսօր այն չի կարող որևէ գործունեություն ծավալել առանց նախարարության վերահսկողության, իսկ վերջինս անտարբեր է: Չեմ խոսում էլ այն մասին, որ մշակույթի պահպանությամբ պիտի զբաղվեն միայն մասնագետները»,- ասաց բանախոսը:

Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930