«Մենք խոշոր հարկ վճարողների շրջանում ունենք էական թերակատարում: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բյուջեն հիմնականում կառուցված է խոշոր հարկ վճարողների կողմից կատարվող վճարումների վրա, կարող ենք արձանագրել, որ հիմնական թերակատարման պատճառը հենց խոշորների գործոնն է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
Հարկերի հավաքագրման թերակատարումը նա պայմանավորում է տնտեսական ակտիվության նվազմամբ եւ արտաքին շուկաների ազդեցությամբ: Հարկերի թերավճարում արձանագրած խոշոր ոլորտները չորսն են՝ հանքարդյունաբերությունը, որտեղ, ըստ բանախոսի, շարունակում են ցածր մնալ մետաղների միջազգային գները, ապա` ֆինանսավարկային խոշոր հատվածն է, որտեղ շահութահարկի գծով հարկային վնասներ են հայտարարագրվել: Հաջորդը կապի, հեռահաղորդակցության ոլորտն է, որտեղ ծառայությունների սպառման ծավալները նվազել են եւ չորրորդը` ալկոհոլային խմիչքների արտադրությունը: Վերջինս արտահանման ուղղություն ունեցող ոլորտ է եւ արտաքին գործոններով ու ապրանքների իրացման դժվարություններով պայմանավորված՝ վնասներ են արձանագրվել:
«Ես միայն մի թիվ կարող եմ հնչեցնել, որ խոշոր հարկ վճարողների տեսչությունում ունենք հաշվառված 520 տնտեսվարող սուբյեկտներ, և միայն 181 տնտեսվարող սուբյեկտներ առաջին 8 ամիսների ընթացքում, իմ կողմից նշված գործոններով պայմանավորված, 47 մլրդ դրամ պակաս հարկ են վճարել, քան նախատեսված էր»,- ասաց Վախթանգ Միրումյանը:
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ, ըստ բանախոսի, նախորդ տարվա 8 ամիսների համեմատ հարկերի թերակատարում չկա: Ավելին, կա ավելացում՝ շուրջ 3 մլրդ դրամի չափով:
Վախթանգ Միրումյանը լրագրողներին հորդորեց տնտեսության առկա վիճակով պայմանավորված մեղավորներ փնտրել, քանի որ այս իրավիճակը պայմանավորված է մի շարք հանգամանքներով եւ հիմնականում արտաքին շուկաներում տիրող իրավիճակով. «Եվ եթե մենք խոսում ենք հարկերի թերակատարման մասին, դուք թերակատարում ասելով՝ հասկանում եք այն թիվը, որը դրված է պետական բյուջեում և այն թիվը, որը փաստացի հավաքագրվում է: Բայց փաստացի մոռանում եք մի հանգամանք, որ պետական բյուջեում գրված եկամուտների թիվը դա կանխատեսում է՝ հիմքում ունենալով մի շարք պարամետրեր: Օրինակ՝ կանխատեսում է, որ հիմքում այն է, որ մեր ՀՆԱ-ի անվանական աճը պետք է լինի 6 տոկոս: Բնականաբար, երբ տնտեսական զարգացումներն այնպիսին են, որ ՀՆԱ-ի աճը ոչ թե 6 տոկոս է, այլ 2.8 տոկոս, պետք է վերանայվի նաև հարկային եկամուտների մեծությունը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ