Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձերբակալվածներն այնպիսի մարմնական վնասվածքներ ունեին, որ պատմելու բան չէ». դիտորդական խմբի նախագահ

Սեպտեմբեր 28,2016 17:15

Ոստիկանության ՁՊՎ-ներում հասարակական դիտորդական խմբի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ոլորտում լուրջ խնդիր է ՁՊՎ-ներ բերվելուց առաջ մարդկանց խոշտանգելը, ՁՊՎ-ներում` օրենքով սահմանված կարգով 72 ժամից ավելի մարդկանց պահելը:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Ոստիկանության ՁՊՎ-ներում հասարակական դիտորդական խմբի անդամ Հասմիկ Սահակյանը տեղեկացրեց, որ բոլոր ներկայացված խախտումների և թերությունների վերաբերյալ ընթացիկ հաշվետվություններով պարբերաբար դիմում են ՀՀ ոստիկանություն. «Ոստիկանությանը դիմել ենք 48 անգամ, իսկ պատասխանատվության են ենթարկվել ընդամենը 35-ը: Նշենք, որ ՁՊՎ-ներում ոստիկանները ազատազրկվածերին չեն ծեծում, արդեն մարդիկ ծեծված ու խոշտանգված գալիս են ոստիկանական բաժանմունքներից»:

Ոստիկանության ՁՊՎ-ներում հասարակական դիտորդական խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանը մտահոգություն հայտնեց, որ հաշվետվությունների վերաբերյալ ոստիկանության մեկնաբանությունների մեջ կան բաներ, որոնց հետ դիտորդական խումբը համաձայն չէ. «ՁՊՎ-ներում պահվող մեծ թվով անձանց հանդիպեցինք, որոնք բոլորն էլ ունեին մարմնական վնասվածքներ, անգամ այնպիսիք, որ պատմելու չեն, բայց նրանց չէին տեղափոխել հիվանդանոց, միայն մեր միջնորդությունից հետո դա տեղի ունեցավ»:

Ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանը, անդրադառնալով այն մտահոգություններին, թե ոստիկանության որևէ աշխատող պատասխանատվության չի ենթարկվել խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի պատճառով, պարզաբանեց. «Ոստիկանները՝ որպես քաղաքացիներ, ունեն նույնպիսի պարտականություններ և իրավունքներ: Ավելին, կա հարուցված քրեական գործ, որի շրջանակում ոստիկանության որոշ ծառայողների գործունեությունը կասեցված է, քանի որ նախաքննության փուլում են նրանք ներգրավված: Կան ոստիկաններ, որոնք ենթարկվել են կարգապահական պատասխանատվության և ազատվել են զբաղեցրած պաշտոններից»:

Դառնալով ծեծին և խոշտանգումներին` պարոն Բադասյանն արդարացավ. «Մարմնական վնաս պատճառելու և խոշտանգումների դեպքեր ոստիկանության որևէ բաժնում չի արձանագրվել: Խախտումներն էլ օբյեկտիվ բացատրություններ են ստանում. 72 ժամը գերազանցելու մասին ասեմ, որ դա որոշ դեպքերում կապված է եղել տեղափոխման հետ, երբ տեղի է ունեցել ժամանակի վատնում, որից հետո գործողությունները հնարավոր է մեկ-երկու ժամ ձգվել են»:

Վարդան Բադասյանը տեղեկացրեց, որ 2015-ին ՁՎՊ-ներում պահվել է 3127 անձ, որոնցից 75-ական կանայք ու անչափահասներ: Նրանցից միայն 20 տոկոսն են ազատ արձակվել ձերբակալման վայրից:

Անդրադառնալով այն փաստին, որ Խորենացի փողոցից և Սարի թաղից բերման ենթարկվածները պահվել են զորամասերում, պարոն Բադասյանն արձագանքեց. «Միգուցե նպատակահարմար է եղել ինչ-որ տեղ մարդկանց հավաքելը, քանի որ նրանց թիվը շատ է եղել: Որոշ կասկածանքի առկայության դեպքում, եթե հասարակության անվտանգության ապահովումը պահանջում է այլ վայրի տեղափոխում, ապա կարող են զորամասեր էլ չլինել, բայց այլ վայրում երեք ժամ պահել»:

Այս հարցի կապակցությամբ պարոն Իսկանդարյանն ասաց. «Ոստիկանական բաժինը ծառայում է որպես բաժին, զորամասը` որպես զորամաս. յուրաքանչյուրն իր սկզբունքներով է գործում: Երբ բերման է ենթարկվում անձը, պետք է բերման ենթարկել ոստիկանության բաժին, պարտադիր համապատասխան գրանցամատյանում բերման ենթարկման մասին գրառում կատարել, ֆիքսել ժամը և հետագա գործողությունները կատարել»:

Ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյանն էլ, հերքելով բոլոր բողոքները ՁՊՎ-ներում պահման անմխիթար պայմանների վերաբերյալ, նշեց. «Ձերբակալված անձանց սննդի համար հատկացվող գումարի չափն ավելացվել է. 2015-ին 690 դրամ է կազմել սննդի գումարը, այժմ 830 դրամ, իսկ հղի կանանց և անչափահասներինը` 790 դրամից 980 դրամ: Հիմնովին վերանորոգվել է Մասիսի բաժինը, մյուս ՁՊՎ-ներում իրականացվում են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ»:

Ոստիկանության շտաբի ՀԿՀ ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Մայիս Գրիգորյանն էլ նշեց, թե բացառվում է, որ ոստիկանական բաժանմունքներում մարդ ծեծած լինեն, քանի որ քննիչի բոլոր գործողությունները վերահսկվում են, բացի այդ ՁՊՎ-ներից դուրս գալուց հետո անձը կարող է բողոք ներկայացնել, մինչդեռ նման նախադեպ չի գրանցվել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930