Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետեւ նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացել ցուցանմուշներին:
Ֆրանսուա Ռոշբլուանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում, եղեւնի տնկել Հիշողության պուրակում:
«Ես ամեն անգամ հուզվում եմ՝ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կուզենայի հատուկ շեշտել, որ այս ծառը ոչ միայն իմ անունից է տնկված, այլեւ Ֆրանսիայի բոլոր այն պատգամավորների, ովքեր կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող օրենքի նախագծին»,- ասել է պարոն Ռոշբլուանը եւ կարեւորել Հայոց ցեղասպանության եւ առհասարակ բոլոր ցեղասպանությունների դատապարտումը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ