Ինչպես տեղեկացրել ենք, կառավարությունը ներկայացրել էր կառուցվածքի փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվեց քաղաքաշինության նախարարությունը հանել եւ մի քանի նախարարության անվանումների մեջ փոփոխություններ մտցնել: Այն առաջին ընթերցմամբ ընդունվեց եւ կառավարությունը խոստացել էր, որ կքննարկեր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի, Հրանտ Բագրատյանի առաջարկությունը:
Այսօր երկրորդ ընթերցման ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ քննարկել են, բայց կառավարությունն այս տեսքով է պատկերացնում իր կառուցվածքը: Նրա խոսքերով՝ «Քննարկել են, ոչ թե սկբունքորեն համաձայն չեն, այլ ծրագրի հետ կապված կա որոշակի տեսլական, հետագայում կարող է դրանց անդրադառնալ, օրինակ՝ սփյուռքի հետ կապերի նախարարություն, թե՞ Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարություն: Այս պահի դրությամբ կառավարությունն այս կառուցվածքով է պատկերացնում իր ծրագրերի իրականացումը»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց՝ սա վատ մեկնարկ է. «Մենք լուրջ բաներ ենք ասում, սա կարող է ձախողման սկիզբ լինել: Երբ ասում եք՝ մենք մեր տեսլականն ունեինք, սկզբում ծրագիրը բերեիք, հետո՝ կառուցվածքի փոփոխությունները: Նման ձեւով չեն անում»:
Էդուարդ Շարմազանովը հորդորեց լավատես լինել: Թեւան Պողոսյանն էլ իր ելույթում ասաց, որ ՀՀ-ի համար մեծագույն շռայլություն է ունենալ 19 նախարարություն, 12-ը, ըստ պատգամավորի, լրիվ բավարար է:
Կարդացեք նաև
Արփինե Հովհաննիսյանն էլ ընդգծեց իր ամփոփիչ ելույթում, որ կառավարության կառուցվածքը կառավարության լիազորությունն է:
Կառավարության կառուցվածքի փոփոխության հարցը քվեարկության կդրվի վաղը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ