Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ գերի չեն հայրենիքում ապրելու, հեռանում են». Գուրգեն Արսենյանի քննադատությունը

Սեպտեմբեր 28,2016 15:22

«Հայաստանի տնտեսությունը գտնվում է ողբերգական վիճակում եւ այդ տնտեսության վերակենդանացման համար պետք են այլ մոտեցումներ եւ գործիքներ»,- ԱԺ-ում Հարկային նոր օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Նա վստահեցրեց, որ Հարկային նոր օրենսգրքի շահառուն ՀՀ տնտեսությունը չի. «ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը գնահատականներ տվեց՝ եթե Հարկային օրենսգիրքը ընդունվի, այն մեծ օգուտներ կբերի Հայաստանին:

Նա ասում էր, որ Հայաստանին պետք են լավ ճանապարհներ, լավ կառավարում, լավ դպրոցներ, դրա համար պետք է ընդունել այդ Հարկային օրենսգիրքը: Ես այդ ժամանակ հասկացա, թե շահառուն ով է, ով դուրս եկավ բեմի առաջին մաս: ՀՀ տնտեսությունը նման է մի ճանապարհի, որն անցնում է ուղտը: Ուղտի վրա բարձելու քանակ կա, ՀՀ տնտեսության ուղտի մեջքը ամեն րոպե կարող է կոտրվի, այդ ուղտը հնարավորություն չունի այդքան բեռ կրելու: Որ այդ մեջքը կոտրվի, բոլորս ենք կրելու դրա հետեւանքները: Մարդիկ չեն ուզում սթափ հայացքով նայել եւ տեսնել, որ ՀՀ-ում նոր բան ստեղծելու խթանը պակասել է, գնալով վերանում է:

Ցանկացած երկրի հիմնական հարստությունը մարդիկ են: Կան ստեղծագործական, կազմակերպչական ջիղ ունեցող մարդիկ, որոնք կոչվում են գործարարներ, եւ կա շերտ, որ աշխատողներ են, գործարարների եւ աշխատողների համագործակցության արդյունքում է ստեղծվում բարիքը: ՀՀ-ում ե՛ւ գործարարները, ե՛ւ աշխատողները կորցրել են իրենց մոտիվացիան եւ հեռանում են: Պետք է մեր տնտեսության մասնակիցներին շահագրգռել: Այդ մարդը գերի չի իր հայրենիքում ապրելու տեսլականին: Մարդն ունի դիմադրողականության սահման, երբ դա անցնում է, ինքը հեռանում է»:

Նա ԱԺ ամբիոնի մոտից ընթերցեց տիկին Սանչեսի հարցազրույցից հատված, որ «ՀՀ-ն միջազգային հանրության աջակցության կարիքն ունի, շատ կազմակերպություններ Հայաստանը դիտում են՝ որպես ներդրումների վայր: Օգուտները հսկայական են լինելու՝ այս օրենսգիրքն ընդունելով: Եթե դա տեղի չունենա, հասկանում եք դա ինչ կարժենա Հայաստանի համար»:

Գուրգեն Արսենյանը սա համարեց միջամտություն մեր ներքին գործերին. «Ուզում եմ հարց տալ, տիկին Սանչեսին՝ քանի՞ անգամ դուք պետք է փորձեք նույն ուղտը ծախեք ՀՀ ժողովրդի վրա, որը չկա: Անընդհատ վճարել ենք ու չկա: Իրենք իրենց վարկերի, իրենց փողի դարդն են, որ տվել են, ուզում են աղբյուր ունենալ հետ վերցնելու: Ես իմ երկրի դարդն եմ, մեր տնտեսվարողների դարդն եմ, որոնց հետ շփվում եմ, որոնք ունեն ՀՀ-ից հեռանալու եւ այլ երկրներում աշխատելու: Ես չունեմ գործիքներ եւ չունեմ հնարավորություն մարդկանց բացատրելու, որ Հայաստանում աշխատելն ավելի շահավետ է»:

Նա հայտարարեց, որ դեմ է լինելու Հարկային նոր օրենսգրքին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930