Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի ձեռքերը կապված չեն, վարչապետին օդից չենք բերել». Հարկային օրենսգրքի քննարկումը՝ ԱԺ-ում

Սեպտեմբեր 28,2016 14:48

ԱԺ-ում Հարկային նոր օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ քննարկելու ժամանակ Խաչատուր Քոքոբելյանն ասաց՝ «Շրջանառության հարկի հետ կապված հստակ հիմնավորում ունեիք՝ ինչու 115 մլն դրամ: Հիմա ասում եք՝ բերեք 58 մլն դարձնենք: Օրական 160-170 հազար դրամ է կազմում: Հետհաշվարկ արեք՝ 165 հազար դրամից ինչքա՞ն փող է մնալու, որ լույսի վարձ տա եւ այլն մարդը: Դա գոնե արտոնություն մի՛ ներկայացրեք: Դա կարող է միայն բանալի սարքողի համար ինչ-որ խնդիր լուծի»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը զարմացավ, որ այս կարեւորագույն օրենքի նախագծի քննարկմանն ԱԺ-ում մասնակցում է 5-6 պատգամավոր: Նա համամիտ էր Խաչատուր Քոքոբելյանի հետ, այդ հարկերով աշխատելու դեպքում ընդհանրապես մարդը շահույթ չի կարող ակնկալել. «Հանենք հավաքարարի փող, աշխատելու փող, այսինքն, այդ մարդը պիտի ընդհանրապես չաշխատի: Ես կողմ կլինեի, որ մենք ավելի բարձրացնեինք, բայց գործիքներ դնեինք: Ասում եք՝ չենք կարողանում շրջանառությունը ֆիքսել, այդ հարցի պատասխանը տվեք՝ ինչո՞ւ չեք կարողանում ֆիքսել: Միջազգային պրակտիկայում այս հարցի լուծումը կա, դա չի նշանակում, որ պետք է անպայման շեմն իջեցնեք»:

Միքայել Մելքումյանը Հարկային նոր օրենսգիրքը նահանջ գնահատեց: Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ի եռամյա եւ հնգամյա ծրագրերում ամրագրված է եղել, որ սահմանի վրա ԱԱՀ-ի գանձումը պետք է հետաձգվի, բայց այդ ծրագիրը ձախողվել է, ուստի այս տեսքով Հարկային նոր օրենսգիրքը չի կարող ընդունելի լինել:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ դրական մոտեցումով չի ընդունում Հարկային նոր օրենսգիրքը: Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց՝ ընդունեք, որ դրական տեղաշարժ կա, կառավարությունն ընդունել է ձեր մի քանի առաջարկները:

Ալեքսանդր Արզումանյանը բացատրեց, թե ինչու է ինքը դեմ քվեարկելու. «Ինձ համար անհասկանալի է արտահերթ ռեժիմով օրենսգիրքը բերելը: Մենք չգիտենք կոնցեպտը: Եկել է նոր վարչապետ, նոր ազդակներ է բերել, որքանո՞վ է այս օրենսգիրքը համապատասխանելու նոր կառավարության ծրագրին: Չգիտենք: Կգար ծրագիրը, կկարդայինք: Արհամարհանք կա առ ԱԺ, կառավարությունը միջազգային ֆինանսական կազմակերպությունների առջեւ պարտավորություն է ստանձնում՝ մինչեւ այսինչ ժամկետը ընդունել նոր Հարկային օրենսգիրք: Չի՛ լինի այդպիսի բան: Այդ ժամկետում կբերեք, բայց կընդունի, թե չի ընդունի՝ չգիտեք: Դուք վարչապետի ձեռքերը սրանով կապում եք: Այդ մարդն այստեղ հայտարարեց, որ տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է: Հիմա դուք տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակի հասցրած կառավարության օրենսգիրքը բերել եք եւ ներկայացնում եք: Ես դեմ եմ, կսպասեմ վարչապետի ծրագրին»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց Ալեքսանդր Արզումանյանի ելույթին՝ ասելով. «Վարչապետի ձեռքերը կապված չեն, վարչապետի ձեռքերը շատ ազատ են: Վարչապետին օդից չենք բերել: Վարչապետը մեր քաղաքական թիմի անդամ է: Նոր կառավարություն է, բայց նոր կառավարությունը հին կառավարության տրամաբանական շարունակողն է, որովհետեւ 99-ից այս կողմ պատասխանատուն ՀՀԿ-ն է եւ մեծամասնությունն է այս Հարկային օրենսգրքի տերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930