«Շատ դժգոհ եմ ձեր փոփոխություններից, դժգոհ եմ ձեր պատասխաններից, որովհետեւ ձեր պատասխանները…ինչ ասեմ, իմ հանդեպ կա ձեռառնոցի, նույնիսկ ինչ-որ տեղ ցինիզմ: Սահմանի վրա ԱԱՀ-ի պրակտիկան շարունակվում է, ես ձեզ լրջագույն հարց եմ բարձրացնում՝ բացառել սահմանի վրա ԱԱՀ-ի գանձումը, ինչը եղել է հայոց պետության մեջ մինչեւ 1996-ը, դուք ներկայացնում եք, թե առաջարկություն չի ներկայացվել»,- այսօր ԱԺ-ում Հարկային նոր օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նա ասաց, որ եթե մարդը անհատ ձեռներեց է, չի կարող ԱԱՀ վճարել հենց այն պատճառով, որ չի կարող հաշվապահ պահել. «Ձեզ ասում եմ՝ անշարժ գույքի հարկ պիտի տա ինչպես ցանկացած քաղաքացի, այնպես էլ պետական հիմնարկը, նախարարությունները: Դուք ասում եք՝ բյուջեի միջոցները չեն հերիքում: Ինչքան գա, այնքան էլ կծախսվի: Ախր դրանից հետո Գալուստ Գրիգորի Սահակյանը կմտածի նրա մասին, որ ավելորդ շենք չպահի: Ես ձեզ լրջագույն առաջարկ եմ անում, դուք թեթեւ ձեւով ցրում եք: Բացատրեք՝ ինչո՞ւ պիտի Հայ առաքելական եկեղեցին հարկ չտա: Հայ առաքելական եկեղեցու պատճառով մենք երկու անգամ պետականություն ենք կորցրել»:
Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ եթե պատգամավորը պնդում է, կարող են եւս մեկ անգամ վերանայել Հայ առաքելական եկեղեցու համար սահմանված արտոնությունները:
Ինչ վերաբերում է անհատ ձեռնարկատիրոջ՝ ԱԱՀ վճարելուն, Վախթանգ Միրումյանն ասաց, որ անհատ ձեռնարկատեր լինելը ԱԱՀ վճարելու հետ կապ չունի: Սահմանի վրա ԱԱՀ չգանձելու առաջարկի հետ կապված էլ ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ դա այլ կերպ կարող էր ընկալվել եւ պատրաստ են առաջարկներ քննարկելու. «Սահմանի վրա ԱԱՀ գանձումը էական է պետական բյուջեի կառուցվածքում: Այդ գաղափարից հրաժարվելը գոնե ժամանակային առումով մեծ բեռ է»:
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյանը նաեւ հարցրեց՝ ինչի՞ պիտի մարդը 20 մլն դրամ վաստակելու դեպքում պետությանը տա 20 տոկոս շահութահարկ, 40 մլրդ-ի դեպքում՝ 5 տոկոս, 50 մլրդ-ի դեպքում՝ 2 տոկոս, բա ո՞ւր են մնում մեր՝ փոքր բիզնեսը խրախուսելու խոստումները:
Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ դրանից պետությունը լուրջ տնտեսական ակնկալիքներ ունի: Կան մեխանիզմներ, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր եւ պետք է օգտվել այդ համաձայնագրերի ընձեռած հնարավորություններից: Հաշվարկներն են բերում 5 տոկոսին եւ 2 տոկոսին: Կան այլ պետությունների հետ որոշակի հարաբերություններ, սա այն մեխանիզմն է, որը պետք է գրավիչ դարձնի տնտեսական գործունեությունը ՀՀ-ում, եւ սա ՀՀ-ի համար միայն օգուտ է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ