Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության խոստովանությունը, որ սխալվել են ու ՓՄՁ-ներին ճնշել

Սեպտեմբեր 28,2016 13:48

Այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ Հարկային նոր օրենսգրքի ներկայացման ժամանակ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանն ուշագրավ խոստովանություն արեց, թե ինչքան է սխալվել Հովիկ Աբրահամյանի կառավարությունը՝ Շրջանառության շեմը սահմանելով 40 մլն դրամ:

Նա զեկուցելիս ասաց, որ Շրջանառության հարկը կամ ԱԱՀ շեմը, որը դարձրել էին 40 մլն դրամ, հիմա առաջարկվում է շեմը սահմանել 58,35 մլն դրամ, այսինքն, այնքան, որքան մինչեւ շեմի բարձրացումն էր:

ՊԵԿ փոխնախագահը խոստովանեց՝ այս մեկ տարվա ընթացքում շրջանառության հարկի շեմի բարձրացումը չի ծառայել իր նպատակին, ավելին՝ ներկայումս այլ խոչընդոտներ էլ են առաջացել ՓՄՁ-ների համար՝ նրանց դնելով պակաս մրցակցային պայմանների մեջ. «Մենք ենթադրում էինք, որ շեմը բարձրացնելով՝ կունենանք շրջանառությունների հայտարարագրումների իրական ծավալների աճ, որովհետեւ ենթադրություն կար, որ նման շեմը չի նպաստում, որ փոքր ու միջին ձեռնարկությունները իրապես հայտարարագրեն իրենց շրջանառությունները եւ մոտենան այդ շեմին: Ցավոք, պետք է փաստենք, որ իրավիճակը չի փոխվել: Այսօր ունենք իրավիճակ, երբ 46 հազար տնտեսվարողներ ներկայացրել են մինչեւ 10 մլն շրջանառություն, 54 հազար տնտեսվարողներ ունեն մինչեւ 30 մլն դրամ շրջանառություն, որը իրականորեն հեռու է սահմանված 115 մլն շեմից:

Բայց ի՞նչ ստացանք մենք՝ հարաբերականորեն ավելի բարձր շրջանառություններ եւ եկամուտներ ունեցող անձինք, որոնք մինչ այդ գործում էին ԱԱՀ-ի դաշտում, հնարավորություն ստացան թափանցել Շրջանառության հարկի դաշտ եւ իրենց կարողությունները թելադրել՝ դրանով անհավասար դաշտ ու պայմաններ ստեղծելով փոքր ու միջին ձեռնարկատերերի համար: Այդ պատճառով առաջարկվում է վերանայել տարեկան 40 մլն շրջանառության շեմը եւ այն դարձնել այնպես, ինչպես մինչ այդ գործող օրենքում էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930