Թբիլիսիում ձերբակալվել են ազգայնական «Քարթուլի ձալա» («Վրացական ուժ») կազմակերպության 11 ակտիվիստներ` թուրքական ռեստորանների և սրճարանների վրա հարձակումների մեղադրանքով: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ հաղորդագրությունը:
Դեպքը տեղի է ունեցել ազգայնականների չարտոնված երթի ժամանակ, որը շարժվել է Հերոսների հրապարակից դեպի Մարջանիշվիլի մետրոյի կայարան: Երբ երթի մասնակիցները հասել են Ագմաշենեբելի պողոտա, նրանք սկսել են վիրավորել անցորդներին, պայթուցիկ նյութեր նետել սրճարանների և խանութների վրա, վնասել խանութների և ռեստորանների պաստառները: Մասնավորապես, ազգայնականները հարձակվել են թուրքական ռեստորանների վրա՝ «Փառք ազգին, մահ թշնամուն» բացականչություններով:
ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ անկարգությունների կասկածանքով ձերբակալվել է 11 մարդ, քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով (զենքի կամ այլ առարկաների կիրառմամբ), որով նախատեսվում է 4-7 տարվա ազատազրկում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ