Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մինչեւ 280 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկն իջնում է. Հարկային նոր օրենսգիրք

Սեպտեմբեր 28,2016 13:25

Հարկային նոր օրենսգրքի քննարկումն է ԱԺ արտահերթ նիստում:

ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն (լուսանկարում) ասաց, որ առաջին ընթերցումից հետո բազմաթիվ առաջարկներ են ստացել գործարարներից, պատգամավորներից, վերջիններիս առաջարկների գերակշիռ մեծամասնությունն ընդունվել է:

Հիմա առաջարկվում է, որ 120-ից մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձերի պարագայում 23 տոկոս եկամտահարկի դրույքաչափ կիրառել: Գործող օրենքում 24.4 եւ 26 տոկոս դրույքաչափ էր նախատեսվում: 2 մլն դրամից ավելի աշխատավարձերի դեպքում գործող օրենքում առկա դրույքաչափն է ուժի մեջ՝ 36 տոկոս: Ընդհանուր առմամբ՝ արդյունավետ եկամտահարկի դրույքաչափերը նվազել են:

Մինչեւ 280 հազար դրամ աշխատավարձ ստացողները, որոնք կազմում են ՀՀ վարձու աշխատողների 89, 8 տոկոսը, կամ 550 հազար քաղաքացիներ, կունենան եկամտահարկի տնտեսումներ: Դրանից բարձր աշխատավարձի դեպքում եկամտահարկի դրույքաչափը բարձրանում է: Առաջին ընթերցման նախագծով 4,3 տոկոսով էր բարձրանում լրամշակված տարբերակում՝ 1.72 տոկոսով: Այսինքն, այստեղ էլ է բեռը նվազում:

Շրջանառության հարկը կամ ԱԱՀ շեմը, որը նախկին տարբերակում նախատեսված էր  40 մլն դրամ, հիմա առաջարկվում է շեմը սահմանել 58,35 մլն դրամ, այսինքն՝ այնքան, որքան մինչեւ շեմի բարձրացումն էր:

Շահաբաժինների համար նախատեսվում է չհարկել դրանք, եթե ներդրում է արվում տվյալ ընկերությունում:

ԱԱՀ-ի գծով այն փոփոխությունը, որն առաջարկել էր կառավարությունը, նախնական տարբերակում չեղյալ են համարել: Վախթանգ Միրումյանն ասաց, որ շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում հասկացել են, որ կոռուպցիոն ռիսկեր կան եւ գործող կարգավորումը թողնում են անփոփոխ:

Հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերը ուշ վճարելու համար տույժերն  էապես նվազեցվում են: Գործող օրենքում 0.15 տոկոս էր նախատեսվում, հիմա սահմանվում է 0.75 տոկոս: Կառավարությունը գտնում է, որ հնարավոր է, որ հարկատուն կարգապահ է եղել, ինչ-ինչ պատճառով չի հասցրել վճարել, նրան այդքան նեղություն չպետք է տան, որ կարողանա շարունակել իր գործունեությունը, ոչ թե բիզնեսը փակի ու գնա:

ԱԱՀ-ի գծով մի քանի արտոնություններ առաջարկվում է հանել, եթե կողմ է հանդիսանում պետությունը: Ներգնա զբոսաշրջության համար արտոնությունը նույնպես առաջարկվում է հանել:

Ինչ վերաբերում է ակցիզային հարկին, ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի արտադրության համար 15 տոկոս սպեցիֆիկ դրույքաչափի բարձրացում է սպասվում: Վերջնական տարբերակում որոշվել է, որ սպեցիֆիկ դրույքաչափերը դարձյալ բարձրանալու են տարեկան 15 տոկոսով, բայց արժեքային դրույքաչափերը սահմանափակվում են ընդամենը 15 տոկոսով, որ տեղական արտադրողներն ու ներմուծողները շուկայում ունենան հավասար պայմաններ:

Շահութահարկի արտոնության վերացում էր նախատեսվում 2025-ից նրանց համար, որոնք գյուղատնտեսական արտադրությամբ էին զբաղվում: Հիմա առաջարկվում է, որ վիճակախաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի գործունեության համար պետտուրքը բարձրացնեն 5 անգամ՝ այդ արտոնության բյուջեի կորուստները վերականգնելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930