Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսական աճն ապահովում են մշակույթը, զվարճանքն ու հանգիստը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 28,2016 13:18

Aravot.am-ի հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է դառնալ Սինգապուր, ինչպես որ շրջանառվեց լրատվամիջոցներում ու սոցցանցերում նոր վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակմամբ պայմանավորված, «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը, որը գտնում էր, թե տնտեսության մեջ փոփոխություններ անելու կարիքը սրված է, ասաց, որ շատ կարեւոր է ուսումնասիրել շատ արագ զարգացում ապահոված երկրների փորձը. «Սինգապուրն այն եզակի երկրներից է, որը 30 տարի անընդմեջ բարձր տնտեսական աճ է ցուցաբերել»:

Մանուկ Հերգնյանի խոսքերով սակայն, պետք է հաշվի առնել, որ պայմանները եւ աշխարհը «շատ արագ փոխվում են եւ արդյոք մենք կարո՞ղ ենք շատ արագ տնտեսական զարգացում ապահովել»:

Տնտեսագետը համոզված է, որ տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար միջին ժամկետում նվազագույնը տարեկան 7-8 % տնտեսական աճ պետք է ունենանք:
«Հայաստանն ունի դրա հնարավորությունները, մասնավորապես` կապված այն ռադիկալ` տեխնոլոգիական փոփոխությունների հետ, որոնք տեղի են ունենում համաշխարհային տնտեսությունում: Դրա համար անհրաժեշտ է համապատասխան տնտեսական օրակարգ` նախեւառաջ տնտեսական աճը խոչընդոտող սահմանափակումների վերացումը: Սակայն դա միայն կապված չէ երկրի պետական քաղաքականության հետ: Ընդհանրապես երկրի փոփոխությունը կապված է հասարակության բոլոր շերտերի հետ եւ Սինգապուրն այն հետաքրքիր օրինակներից է, որտեղ կար այդ ընդհանուր տեսլականը, իհարկե, կար շատ հզոր առաջնորդություն` վերեւից ներքեւ»:

Մանրամասները` տեսանյութում

Մանուկ Հերգնյանը եւ կենտրոնի տնտեսագետ Սեւակ Հովհաննիսյանը այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դահլիճում ներկայացրին «Հայաստանի մրցունակությունը եւ տնտեսության նոր իրականությունը» զեկույցը` փաստելով, որ այս տարի Համաշխարհային մրցունակության համաթվով Հայաստանը գրավել է 79-րդ տեղը 138 երկրների շարքում` իր դիրքերը բարելավելով 3 հորիզոնականով:

Սակայն ԱՊՀ երկրների համեմատությամբ Հայաստանը առաջ է միայն Ուկրաինայից, Մոլդովայից ու Ղրղըզստանից: Սակայն հետ է Ադրբեջանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Տաջիկստանից:

Մանուկ Հերգնյանը համոզված է, որ տնտեսության մեջ փոփոխություններ անելու կարիքը սրված է. «Փոփոխությունը երկու գործոնի գործառույթ է` կարիքի եւ կամքի: Ինչքանով է սուր կարիքը փոփոխության Հայաստանում, կարծում եմ դա շատ սրված է»:

Սեւակ Հովհաննիսյանի տվյալներով, էական բարելավումներ են գրանցվել գործարարության կատարելագործվածության եւ նորարարության ցուցանիշներում, որտեղ Հայաստանի դիրքը բարելավվել է 16 եւ 20 տեղով համապատասխանաբար:

Մանուկ Հերգնյանի խոսքերով, հետճգնաժամային վերականգնումից հետո Հայաստանի տնտեսությունը հայտնվել է ցածր աճի շրջափուլում` 3-4 տոկոս տնտեսական աճի իրավիճակում:

Ըստ կենտրոնի ղեկավարի, մշակույթ, զվարճություն եւ հանգիստը ամենամեծ աճ արձանագրած ոլորտներն են` 48 %: 2015-ին, նույնպես, աճի ամենախոշոր մասնակցությունը այս ոլորտներն են: Աճել է նաեւ արտահանման մասնաբաժինը. «Վերջին տարիներին արտահանման աճի տեմպը գերազանցել է ներմուծման աճի տեմպը: 2015-ին գրանցվեց զգալի անկում, որը կախպված էր ռուբլու անկման հետ, ռուսական շուկայի իրավիճակի հետ, բայց 2016 թվականի 7 ամիսների արդյունքներով մենք տեսնում ենք, որ հակադարձվել է այդ միտումը եւ մենք տեսնում ենք աճ, որը պայմանավորված է բացված նոր շուկաներով»:

Պարոն Հերգնյանը թվարկեց այն խոչընդոտները, որոնք սահմանափակում են տնտեսական աճը` անկատար մրցակցային միջավայր, նոր բիզնես հնարավորությունների բացահայտման պակաս, մարդկային կապիտալի ոչ բավարար որակ եւ այլն:

Մանուկ Հերգնյանը նաեւ հիշեցրեց, որ պետական պարտքը հասնում է ՀՆԱ-ի 50 տոկոս սահմանագծին, որը նույնպես չի կարող հետագա աճի ֆինանսավորման մեծ աղբյուր լինել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930