Այսօր խորհրդարան էր եկել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Նա մոտ կես ժամ գտնվում էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ բաղդասարյանի աշխատասենյակում: Այդ ընթացում լրագրողները «շրջափակել» էին Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակի դուռը, որ փորձեն Հովհաննես Հովսեփյանին որոշ հարցեր տալ:
Մինչ պարոն Հովսեփյան դուրս գալը, տարբեր ՀՀԿ-ական պատգամավորներ, որոնք մտնում եւ դուրս էին գալիս խմբակցության ղեկավարի սենյակ, լրագրողներին զգուշացնում էին, որ Հովսեփյանը դուրս է գալու եւ գնա նիստերի դահլիճ, ուստի դժվար թե խոսի:
Ի վերջո, Հովհաննես Հովսեփյանը դուրս եկավ Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակից՝ նրա եւ Առաքել Մովսիսյանի ուղեկցությամբ: Առաջինը Առաքել Մովսիսյանը դուրս եկավ՝ ճանապարհ բացելով Հովսեփյանի համար: Թեեւ նախապես ասվել էր, որ Հովսեփյանը նիստերի դահլիճ է գնալու, նա գնաց ելքի դռան կողմը: Այդ ընթացքում, լրագրողները փորձեցին ինչ-որ հարցերի պատասխաններ «պոկել» ՊԵԿ նախագահից:
«Ի՞նչ առաջարկի մասին ես խոսում: Բայց ես պաշտոնակատար չեմ, չէ՞, պարզ չէ, որ… Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը պաշտոնակատար չէ»,- այսպես պատասխանեց հարցին ՊԵԿ նախագահը՝ ինքը հետագա պաշտոնավարման առաջարկ ստացե՞լ է վարչապետից: «Էլ հարցերի չեմ պատասխանում»,- ասաց Հովհաննես Հովսեփյանը՝ լսելով իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերի վերաբերյալ հարցը:
Կարդացեք նաև
Հարկերի հավաքագրմանը վերաբերվող հարցերը ևս պատշաճ պատասխաններ չստացան. «Հարկային օրենսգիրքը հենց հիմա քննարկվում է, թողեք թող քննարկվի, վերջանա»: Լրագրողների դիտարկմանը, որ գործարարները դժգոհ են հարկահավաքման գործընթացից,
Հովհաննես Հովսեփյանը պատասխանեց. «Սովորաբար յուրաքանչյուր գործարար, երբ որ իրենից հարկ են փորձում գանձել, միշտ դժգոհում է»:
Վարչապետի՝ պրիմիտիվ գողությունների, ապօրինի հարստացումը քրեականացնելու հավանականության մասին եւ այլ հարցերն այդպես է անպատասխան մնացին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ