Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում՝ կառավարության «անտերների» եւ «տերովների» մասին. «Ով տեր ունի՝ մնաց, անտերները դարձան կոմիտեներ» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 28,2016 12:21

Ֆիննախից ՊԵԿ-ը նորից առանձնացնելու հետեւանքով ՊԵԿ նախագահի, նախագահի տեղակալների պետական դրույքաչափերն ավելացնելու անհրաժեշտություն է առաջացել: Այս տեխնիկական փոփոխությունը կատարելու առաջարկն է ներկայացրել կառավարությունը՝ ԱԺ արտահերթ նիստում:

Հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին՝ ասելով. «Հերթական անգամ այս կառավարությունը ձեւեց կոնկրետ մարդկանց վրա: Այն նախարարությունները, որոնք ակնհայտ է, որ պիտի դառնային կոմիտե, բայց քանի որ տվյալ անձը տեր ուներ, մնացին նախարարություն, հարաբերականորեն անտերները վերաձեւեցին կոմիտեների: Հերթական կարուձեւը տեղի ունեցավ՝ հերթական մարդկանց համար: Գոնե այնքան պարկեշտություն ունեցան, որ եթե նախորդ կառավարությունները ձեւում էին կոալիցիոն հուշագրի համաձայն, կապ չունի՝ մարդը ոլորտին տիրապետում է, թե չէ, կարող է լողի չեմպիոն էլ լինի, եթե լինի կուսակցական հանձնարարություն, այս անգամ քաղաքական նպատակահարմարության անուն չտվեցին, պարզապես ասացին՝ այդպես է պետք, հերթական կարուձեւն ենք անում: Կարող է վաղը էլի միաձուլվեք, հերթական штопка-ն անեք»:

Նաիրա Զոհրաբյանը նախագիծը ներկայացնող ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին հարցրեց, թե ինչո՞ւ չեն հրաժարվում իրենց 10 տոկոս հավելավճարներից, եթե այդքան արդարության ջատագով են. «Ամեն ինչ արվում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, պրոֆեսիոնալիզմից, օպտիմալ կառավարումից չխոսեք: Կան անձինք, որոնք տեր ունեն եւ մնացին կառավարությունում, եւ կային անտերներ, որոնց կարելի էր փուռը տալ՝ պահի, րոպեի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով նոր համաձայնություններ ձեւավորել»:

Նա ասաց, որ որեւէ երաշխիք չկա, որ վաղը նորից որեւէ ազգականի, մերձավորի վերադասավորելու տեսանկյունից չեն որոշի նորից միաձուլել, նորից բաժանել եւ դրանից չի առաջանա հերթական անհրաժեշտությունը՝ փոփոխություններ կատարել օրենքում:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հարցրեց՝ չենք հասկանում, սա տրիկոտաժի ֆաբրիկա՞ է, թե՞ կառավարություն, մի տարվա մեջ անընդհատ կարում են ու ձեւում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930