Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ՊԵԿ-ի աշխատողները 10% «պրեմիա» ստանում

Սեպտեմբեր 28,2016 12:07

ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է, եւ այսօր նիստում քվեարկության դրվեցին եւ ընդունվեցին կառավարության բերած մոտ երկու տասնյակ օրենքներ:

Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին օրենքն ընդունվեց 77 կողմ, 7 դեմ, 18 ձեռնպահ՝ արդյունքներով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը կարգավորում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրման խախտումների իրավահարաբերությունները` ընդունվեց 103 կողմ, 4 ձեռնպահ քվեարկության արդյունքներով: Ոչ ոք դեմ չէր:

Այս պահին քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: ԿԱ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանն ասաց, որ Ֆիննախից ՊԵԿ-ի առանձնացման հետ է կապված փոփոխությունը, պետական դրույքաչափեր սահմանված չեն ՊԵԿ նախագահի, նախագահի տեղակալի համար, առաջարկվում է ավելացնել, նաեւ ՊԵԿ որոշ աշխատակիցներ նշված են ֆիննախի աշխատակիցներ, առաջարկվում է խմբագրել եւ շտկել դա:

Թեւան Պողոսյանը հարցրեց՝ մամուլում 2 շաբաթ է՝ գրում են՝ ՊԵԿ-ը բաժանում են, գումարում են, հանում են, մասնատում են, տեղափոխում են կա՞ վերջնական որոշում, սպասենք կառավարությունը հաստատի, ամեն ինչ վերջնական դառնա, նոր փոխենք: Սրանք տեխնիկական փոփոխություններ են:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ նման քննարկում իրեն հայտնի չէ: Եթե այդ սկզբունքով առաջնորդվենք, ցանկացած փոփոխություն պետք է չանեն, մտածելով՝ կարո՞ղ է վաղը չէ մյուս օրը ինչ-որ բան փոխվի:

Կառավարության նիստում առաջարկվել էր, որ ՊԵԿ նախագահի եւ տեղակալների աշխատավարձերը բարձրացնեն: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ՊԵԿ փոխնախագահին խնդրեց հստակեցնել: Նաեւ հարցրեց՝ ՊԵԿ-ի աշխատողների համար 10 տոկոս արտաբյուջեից խրախուսում կար, հիմա դա մնացե՞լ է, թե՞ չէ:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ այդ 10 տոկոսը նոր չի ավելացել, եղել է նախկինում էլ, ու այդ 10 տոկոս խրախուսումը չի նշանակում, որ ՊԵԿ-ում աշխատողները արտոնյալ վիճակում են եւ ՊԵԿ-ում աշխատելը գրավիչ է:

Հետո Միքայել Մելքումյանը հարակից զեկուցող Հակոբ Հակոբյանին հարցրեց՝ չեմ կիսում կարծիքը, որ այդ 10 տոկոս խրախուսման ֆոնդը հավասար պայմաններ է ապահովում մյուս գերատեսչությունների համեմատ. «Ես դեմ չեմ, որ պրեմիա ստանան, բայց դրա հիմնավորումը ո՞րն է»:

Հակոբ Հակոբյանն էլ պատասխանեց, որ այդ 10 տոկոսի հիմնավորումը գտնելու համար պետք է 20 տարի հետ գնալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930