ՀՀ կենտրոնական բանկը երեկ նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը միանգամից 0,5 տոկոսով եւ սահմանեց այն 6,75 տոկոս։ Ոչ մասնագետներին այս ցուցանիշը թերեւս ոչինչ չի ասում։ Սակայն սա շատ կարեւոր իրադարձություն է Հայաստանի տնտեսական կյանքում։
Ավելին, եթե դիտարկենք սա այլ իրադարձությունների ֆոնին, ապա հեշտ է նկատել, որ սրա տակ կա նաեւ քաղաքական ենթատեքստ։
Բնական հարց է ծագում, իսկ ինչո՞ւ ԿԲ-ն հանկարծ որոշեց 20 ամիս շարունակ անփոփոխ մնացած այդ պարտադիր պահուստավորման տոկոսը նվազեցնել, իսկ մի քանի օր անց էլ «առատաձեռնորեն» նվազեցնել նաեւ վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Եթե ուշադիր նայենք վերջին ամիսներին սոցիալ-տնտեսական մեր ցուցանիշները, ապա ոչ մի փոփոխություն նկատած չենք լինի։ Գնանկումը արդեն արձանագրվում է ամիսներ շարունակ, տնտեսությունը կայուն կիսամեռ վիճակում է…։
Այլ կերպ ասած՝ ոչինչ չի փոխվել, եւ նույն այս երկու որոշումները ԿԲ-ն պետք է կայացներ ամիսներ առաջ, եթե, իհարկե, առաջնորդվեր զուտ տնտեսագիտական նկատառումներով։ Բայց փոխվել է, շատ մեծ բան է փոխվել։ Եվ այդ փոփոխությունը քաղաքական է. Հայաստանում նշանակվել է նոր վարչապետ եւ գրեթե ձեւավորվել է նոր կառավարություն։
Կարդացեք նաև
Այլ կերպ ասած, ՀՀ կենտրոնական բանկը հզոր աջակցություն է ցուցաբերել Կարեն Կարապետյանի կառավարությանը։ Այնպիսի աջակցություն, որից այդպես էլ չօգտվեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը։ Պատահականությո՞ւն է սա, թե՞ մտածված ու ծրագրված դիրքորոշում, թերեւս քաղաքական վերլուծաբանների քննարկման նյութ է։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ ԿԲ-ի այս երկու որոշումների վրա ազդող զուտ տնտեսական բնույթի գործոնները նվազագույն մակարդակի էին։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում