Լրահոս
Օրվա լրահոսը

Հին եւ նոր նախարարներ

Սեպտեմբեր 28,2016 10:00

Նոր կառավարությունը հիմնականում արդեն ձեւավորվեց: Ամենահատկանշականն այստեղ Գագիկ Խաչատրյանին եւ Գագիկ Բեգլարյանին աշխատանքից ազատելն էր, դա ավելի էական էր, քան այն, թե ովքեր են այդ պաշտոններում նշանակվել:

Ինձ համար դրական ազդակ է նաեւ Դավիթ Հարությունյանի, Վաչե Գաբրիելյանի եւ Արփինե Հովհաննիսյանի վերանշանակումը: Այնպես չէ, իհարկե, որ հիշյալ երեք պաշտոնյաներն անթերի նախարարներ են, բայց որոշակի միջավայրի եւ կրթական ցենզի կրողները լինելով՝ նրանք հասարակության մեջ հակակրանք չեն առաջացնում, եւ դա այսօր մեծ նշանակություն ունի, քանի որ առանց քաղաքացիների թեկուզ նվազագույն վստահության եւ հավատի չի կարող աշխատել աշխարհի ոչ մի կառավարություն:

Մի քանի ամիս առաջ քննարկման ժամանակ գործընկերներիցս մեկն արդարացիորեն նկատել էր` երբ հեռուստատեսությամբ խոսում է Դավիթ Հարությունյանը, մարդկանց մեջ չեն կարող նույն էմոցիաներն առաջանալ, որոնք ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ խոսում է, ասենք, Սուրիկ Խաչատրյանը: Վերջինիս` աշխատանքից հանելը, բնականաբար, նույնպես չափազանց դրական ուղերձ կլինի, բայց դա, որքան հասկանում եմ, «ռիսկային է»` առաջիկայում խորհրդարանական ընտրությունների հեռանկարը հաշվի առնելով:

Ես այստեղ խոսում եմ պաշտոնյաների հասարակական ընկալումների, ոչ թե գործնական հատկանիշների մասին: Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն, ըստ մասնագետների, լավ կազմակերպիչ է, իր գործի պրոֆեսիոնալն է, բայց որպես պաշտոնյա հասարակության հետ շփումներում հարկ եղածից ավելի ինքնագոհ էր: Առողջապահության նոր նախարարը` Լեւոն Ալթունյանը, համենայնդեպս, մինչեւ այս պահն այդպիսին չէ:

Ընդհանրապես` երբ մարդն ամեն րոպե ցանկանում է իր անձի վերաբերյալ ինչ-որ բան ապացուցել, ինքնահաստատվել, դա ի վերջո նրան օգուտ չի բերում: Ընկալումների առումով դրական կերպար կունենա նաեւ մշակույթի նոր նախարար Արմեն Ամիրյանը:

Դա, իհարկե, դեռ չի նշանակում, որ «համացանցային հայերը» չեն փորձի վարկաբեկել նոր նշանակված կամ վերանշանակված պաշտոնյաներին: Ես, օրինակ, տարակուսանք եմ ապրում, երբ իմ սերնդի «քեռիներն» եւ «մորաքույրերը» բամբասում են իրենց աղջկա տարիքի երիտասարդ նախարարի մասին: Տարակուսանքիս պատճառն այն է, որ հաջորդ «ստատուսներում» նույն մարդիկ կրքոտ հարձակումներ են գործում «ռաբիս» մշակույթի վրա: Ինձ թվում է՝ ավելի «ռաբիս» երեւույթ, քան բամբասանքն ու չարախոսությունն է, գոյություն չունի:

Թե ինչ կանեն հին եւ նոր նախարարները, կառավարությունն՝ իր ամբողջականության մեջ, չենք կարող ասել, որովհետեւ իրենք` նախարարներն էլ չեն ասում: Անձամբ ես թե՛ «հներից» եւ թե՛ նորերից սպասում եմ նորարարական մոտեցումներ: Թե որքանով են նրանք ընդունակ նման նորարարությունների՝ շուտով կտեսնենք:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930