Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանը կոշտացրել է դիրքորոշումը ԼՂ խնդրում

Սեպտեմբեր 28,2016 15:00

Հայաստանը խոսում է Մադրիդյան սկզբունքների վերանայման անհրաժեշտության մասին

Անցյալ շաբաթ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կուլիսներում, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ինտենսիվ քննարկվել է Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եւ օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպումների շարքում:

Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան պատրաստ են ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կամ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում՝ այս մասին նշվեց սեպտեմբերի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ, որն արվեց համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի` Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձին զրուցների արդյունքում:

«Մեր կառավարությունները պատրաստ են անցկացնել նախագահների կամ արտգործնախարարների եւս մեկ հանդիպում համապատասխան ժամանակում»,- նշեցին համանախագահները` հավելելով, որ մտադիր են մոտ ժամանակներս կրկին այցելել տարածաշրջան։

Ըստ էության, համանախագահները դժվարացել են անգամ ամրագրել` նախագահների՞, թե՞ արտգործնախարարների հանդիպում են առաջիկայում կազմակերպում: Սա նշանակում է, որ ԼՂ բանակցային գործընթացը հայտնվել է բավական բարդ իրավիճակում: Օգոստոսին այդպես էլ չկազմակերպվեց նախագահների ձեւաչափով հանդիպում, ինչպես նախկինում էր խոսվում այդ հնարավորության մասին, իսկ վերջերս էլ Բիշքեկում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում անգամ ՌԴ նախագահ Պուտինը Սարգսյան-Ալիեւ հանդիպում չկազմակերպեց:

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանը։ Ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության` Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է՝ մերժում է իրականացնել գագաթնաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջընթացի նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։

Հիշեցնենք, որ Բաքուն հրաժարվում է ապրիլյան պատերազմից հետո սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների եւ ԵԱՀԿ մոնիտորինգի կազմի ընդլայնման առաջարկներն ընդունել: Պաշտոնական Երեւանն էլ այս առաջարկների կիրառումը սկզբունքային համարելով` անիմաստ է համարում առանց այդ մեխանիզմների բանակցությունները պաշտոնական Բաքվի հետ: Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ առաջարկների մերժումը նշանակում է, որ նրանք չեն բացառում հետագայում նոր ագրեսիան ԼՂ-ի նկատմամբ:

Նալբանդյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում՝ խոսելով ԼՂ հակամարտության թեմայով՝ նշել է, որ Ադրբեջանը համառորեն հրաժարվում է ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, 1980-ականների վերջին եւ 90-ականների սկզբին ագրեսիա է սանձազերծել եւ էթնիկ զտումներ իրագործել հայերի նկատմամբ: «Այս տարի եւս՝ ապրիլի սկզբին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով հրադադարի համաձայնագիրը, նոր լայնածավալ ագրեսիա սանձազերծեց ԼՂ-ի դեմ՝ առանց խտրականության թիրախավորելով քաղաքացիական կառույցները եւ բնակչությանը:

Զոհերի թվում էին 12-ամյա մի տղա եւ 92-ամյա կին: ԼՂ զինված ուժերի երեք զինծառայողներ ԴԱԻՇ-ին բնորոշ ոճով գլխատվել էին, ապա ցուցադրվել ադրբեջանական քաղաքներում եւ գյուղերում, հրապարակվել սոցիալական ցանցերում: Ավելին՝ Ադրբեջանի ղեկավարը հրապարակայնորեն պարգեւատրեց այդ հանցագործությունները կատարողներին»,- նշել է Նալբանդյանը։

Նա շեշտել է, որ ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել խաղաղ գործընթացին` նկատելով, որ հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգնման համար անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ, որոնք կկանխեն ուժի կիրառումը եւ խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմաններ կստեղծեն: Նալբանդյանը ընդգծել է՝ Հայաստանը միջնորդ պետությունների հետ համատեղ շարունակելու է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը. «Եռանախագահները հռչակել են հիմնախնդրի հանգուցալուծման քաղաքակիրթ բանաձեւը՝ քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն: Համանախագահ երկրների նախագահների կողմից ներկայացված առաջարկությունն ամրագրում է ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի ապագա որոշումը` նրա բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով: Միջնադարյան բարբարոսության մտածելակերպով առաջնորդվողները, ինչը դրսեւորվեց ապրիլին, հազիվ թե կարողանան ընդունել ժամանակակից աշխարհի քաղաքակիրթ մոտեցումները»:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում նույնպես հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Ուշագրավ է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպմանը Մամեդյարովն ասել է, թե Ադրբեջանը գոյություն ունեցող ստատուս քվոյի փոփոխման համար «պատրաստ է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ոգով բովանդակալից բանակցությունների»: Թե ինչու միջնորդների կոնկրետ առաջարկները պաշտոնական Բաքուն ոչ մի կերպ չի հայտարարում, որ ընդունում է` այս հարցի պատասխանը միջազգային հանրությունը չի ցանկանում տալ՝ թերեւս, հույս ունենալով, որ ի վերջո՝ կհաջողվի պաշտոնական Բաքվին համոզել ընդունել դրանք:

2017-ը ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության տարին է, եւ ԼՂ հարցի լուծումը 2017-ին առաջնահերթությունների թվում է լինելու` Ուկրաինայի արեւելքի, Վրաստանի, Մերձդնեստրի հակամարտությունների հետ միասին՝ վստահեցրել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը ՄԱԿ ԳԱ 71-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում: Էդվարդ Նալբանդյանը նաեւ առանձին հանդիպում է ունեցել Սեբաստիան Կուրցի հետ: 2017թ. ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահության նախապատրաստման համատեքստում Կուրցը Նալբանդյանին ներկայացրել է Ավստրիայի առաջնահերթությունները եւ դրանց իրագործման նպատակով ծրագրվող քայլերը։

Ինչեւէ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադառնալով Նյու Յորքում Նալբանդյանի եւ Մամեդյարովի հետ հանդիպումներին` թվիթերյան իր էջում գրել է. «Մենք անհամբերությամբ սպասում ենք ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ կարեւոր հարցերում առաջընթացի»:

Առաջընթացի հասնելու հնարավորությունը Ղարաբաղյան բանակցային գործընթացում ավելի ու ավելի աղոտ է թվում: Ըստ էության, վերջին ամիսներին կազմակերպվեցին հանդիպումներ, սակայն բանակցություններում ԼՂ կարգավորումը չի քննարկվում, այլ զինադադարի պահպանման անհրաժեշտությունը, միջնորդների առաջարկները, որոնք Բաքուն մերժում է:

Նկատենք, որ սեպտեմբերի 15-ին պաշտոնական Երեւանը հանդես եկավ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ խիստ ուշագրավ հայտարարությամբ, որն էականորեն կարող է ազդել եւ փոխել Ղարաբաղյան բանակցությունների հետագա ընթացքը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Մադրիդյան սկզբունքները պետք է վերանայվեն. «Ապրիլյան դեպքերից հետո անհրաժեշտություն է առաջացել լրջորեն մտածել, վերանայել Մադրիդյան սկզբունքներում տեղ գտած փոխզիջումները: Այնտեղ կար Արցախում հետաձգված հանրաքվե անցկացնելու մասին դրույթ: Դրա նպատակն այն էր, որ այդ ժամանակահատվածում Բաքուն պետք է նախապատրաստի իր հասարակությանը այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում: Բայց այդ ժամանակը նա օգտագործեց ապրիլին այլ նպատակով»:

Քոչարյանի խոսքով՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները կյանքի չեն կոչվել. «Այդ իրավիճակում բանակցային գործընթաց չի կարող լինել, չի կարող լինել առաջընթաց: Ամեն ինչ կախված է պայմանավորվածությունները կյանքի կոչելուց: Քննարկման առարկա է այն, որ պետք է հրադադարի ռեժիմն ամրապնդվի, վերջ դրվի ադրբեջանական դիվերսիաներին, ավելացվի ԵԱՀԿ առաքելության լիազորությունները»:

Փաստացի, պաշտոնական Երեւանը Մադրիդյան սկզբունքները վերանայելու մասին է բարձրաձայնել, ավելի ճիշտ` այն փոխզիջումների, որոնք տեղ էին գտած Մադրիդյան սկզբունքներում: Սա վկայում է այն մասին, որ պաշտոնական Երեւանը հետամուտ մնալով խաղաղ բանակցային գործընթացի շարունակմանը` էականորեն կոշտացրել է իր դիրքորոշումը:

Ի դեպ, պաշտոնական Բաքուն շարունակում է ԼՂ խնդիրը այլ ատյաններում քննարկելու իր մարտավարությունը: Օրերս Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է ԼՂ հարցով ԻՀԿ «կոնտակտային խմբի» առաջին նիստը, որի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է. «Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանը վերջ կտա Ադրբեջանի տարածքներում իր ռազմական ներկայությանը եւ բարի կամքի սկզբունքներից ու խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու պատրաստակամությունից ելնելով՝ բանակցություններ կսկսի Ադրբեջանի հետ: Ինչքան շուտ Հայաստանը իր զորքերը հանի Ադրբեջանի օկուպացված տարածքներից, այնքան լավ կլինի տարածաշրջանի անվտանգության համար»։

Հավելենք, որ «Իսլամական համագործակցություն» կազմակերպությանը անդամակցում է աշխարհի մահմեդական երկրներից 55-ը, այդ թվում նաեւ ՀԱՊԿ անդամներ եւ Հայաստանի դե յուրե դաշնակիցներ Ղազախստանը, Ղրղզըստանը եւ Տաջիկստանը, իսկ Ռուսաստանն այդ կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ եւ ակտիվորեն մասնակցում է ԻՀԿ աշխատանքներին։ Իսլամական այս կազմակերպությանը անդամակցում են նաեւ Հայաստանի չորս անմիջական հարեւաններից երեքը՝ Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքիան։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 27.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930