Իրանցի դերասանուհի Նիկա Սուլեյմանին՝ արվեստի մասին
«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում 2011թ. մեր հանդիսատեսին հիացրել էր ոչ միայն իրանցի դերասանուհի Նիկա Սուլեյմանիի խաղը, այլեւ նրա համարձակ արտաքինը։ Սեփական լիբրետոյով եւ խորեոգրաֆիայով «Ժաննա դը Արկի կյանքի վերջին րոպեները» ներկայացման մեջ, որը դրամայի ու պարի սինթեզ է, արվեստագետը ներկայացել էր գլուխը սափրած։ Այդ ժամանակ չհաջողվեց զրուցել արտիստի հետ՝ նրա խիտ ստեղծագործական գրաֆիկի պատճառով։
Այս օրերին Նիկա Սուլեյմանին դարձյալ Երեւանում է։
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ արվեստագետը նշեց, որ շուրջ 10 տարի պրոֆեսիոնալ բեմում է, հայրենիքում ուսանել է ճանաչված դերասաններ Ազիթա Հաջիանիի եւ Աթիլա Պեսիանիի արվեստանոցներում։ Թեհրանում իր կոլեգա, պարուհի Փյունե Սաֆային, որը ժամանակին ուսանել է Երեւանի պարարվեստի պետական քոլեջում պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանի դասարանում, խորհուրդ է տվել դասեր առնել հենց Ժակլինի մոտ։ «Ցանկություն ունեմ հմտանալ մասնագետների բնորոշմամբ՝ «ֆիզիկական թատրոնի» ասպարեզում։ Սա պարարվեստի յուրատեսակ ճյուղ է, որն իր մեջ ներառում է ժամանակակից, նեոկլասիկ պարաոճերից մինչեւ մնջախաղ եւ նույնիսկ՝ կլոունադա։ Շուտով կլրանա մեկ ամիսը, եւ ես ափսոսանքով կհեռանամ Հայաստանից, քանի որ տիկին Սարխոշյանը ինձ ծանոթացնում է նաեւ բալետային արվեստի գաղտնիքներին»,- հայտնեց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ որտե՞ղ է բեմ դուրս գալիս եւ արդյոք իր համար հատուկ պիեսնե՞ր են գրում։ «Իրանում դրամատուրգներ չկան, հետեւաբար՝ մենք դիմում ենք համաշխարհային դրամատուրգիայի արդեն պատրաստի նյութերին։ Իմ լիբրետոյով ներկայացումների համար մեր կոմպոզիտորները սիրով են ստեղծագործում։ Օրինակ՝ հայաստանցի հանդիսատեսին հայտնի «Ժաննա դը Արկի կյանքի վերջին րոպեները» ներկայացման երաժշտության հեղինակը համերկրացիս է՝ պարոն Բեջդանին։ Իսկ բեմ եմ բարձրանում Թեհրանի City theatre-ում»,- հայտնեց արվեստագետը։ Հարցին, թե՝ պարարվեստի մասով ո՞ւմ մոտ է ուսանել, երիտասարդ արվեստագետը հավաստիացրեց, որ համակարգչով օնլայն հետեւել է եւ ուսումնասիրել աշխարհահռչակ Բալանչինի դասընթացները։
Դիտարկմանը, թե՝ իրանցի կնոջ համար ընտրել դերասանի մասնագիտությունը, հետո էլ հմտանալ ու ներկայացնել ժամանակակից պար, դժվար է պատկերացնել, Նիկա Սուլեյմանին պատասխանեց. «Իհարկե՝ այո։ Բայց ո՛չ միայն ես, այսօր նույնիսկ իմ պատանի համերկրացիների մոտ նկատվում է հետաքրքրություն դեպի ժամանակակից արվեստը, հատկապես պարը։
Պատկերացնո՞ւմ եք՝ նախ պետք է կինը բեմ դուրս գա միայն կեղծամով, խաղի կամ պարի ժամանակ ուշադիր լինի, որ հանկարծ ոտքը չբարձրանա թույլատրելի սահմանից կամ որեւէ մարմնի մաս չերեւա, նույնիսկ զգեստը շատ կիպ չլինի, չընդգծի մարմինը եւ այլն։ Հաճախ այս արգելքները պարզապես հնարավորություն չեն տալիս լիովին ներկայացնելու կերպարդ։
Այսուհանդերձ, դարձյալ նշեմ, որ իմ երկրում մեծ հետաքրքրություն է առաջացել ժամանակակից արվեստի նկատմամբ, շատերը ուսում են առնում եվրոպական երկրներում, բայց ի վերջո վերադառնում հայրենիք, որտեղ, այո՛, կան որոշակի սահմանափակումներ։ Դա չի խանգարում, որ սիրենք ու արվեստի ծառաները լինենք մեր հայրենիքի»։ Դերասանուհին հիշեցրեց, որ սահմանափակումները վերաբերում են միայն կին դերասաններին, իսկ տղամարդ գործընկերները ազատ են իրենց արվեստում, ժպտալով էլ հավելեց, թե կարող են անգամ մերկ դուրս գալ բեմ, եթե, իհարկե, դա «պահանջում է» կերպարը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.04.2016թ.