Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական զարգացման քաղաքականության նոր փուլի մեկնարկն արդեն տրված է

Սեպտեմբեր 28,2016 13:00

ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահներ Կրիստալինա Գեորգիեւայի եւ Յուրկի Կատայնենի համահեղինակած հոդվածը:

Ժամանակի մարտահրավերները մեզ հորդորում են դուրս գալ դրանց հաղթահարմանն ընդառաջ: Նորարարությա՛մբ, նո՛ր տեսլականով: Պետք է թափ հաղորդենք մեր ներքին աճին ու նպաստենք մեր քաղաքացիների բարեկեցությանը: Անհրաժեշտ է նաև համագործակցել մեր հարեւան երկրների հետ՝ աջակցելով նրանց զարգացմանը, կայունությանը եւ բարեկեցությանը: Այս մարտահրավերը մենք կարող ենք հաղթահարել միայն համատեղ գործունեությամբ՝ ներգրավելով հանրային և մասնավոր հատվածները, ֆինանսական կառույցներն ու քաղաքացիական հասարակությանը:

Մենք՝ Եվրոպական միությունը, ծառայում ենք որպես օրինակ: Աճող կարիքների եւ կրճատվող միջոցների ժամանակներում Եվրոպական միությունը չուներ այլ ելք, քան առաջարկել պետական ֆինանսավորման հետագա ընդլայնման նոր ուղիներ: Եվ մենք, գրեթե մեկ շաբաթ առաջ դարձյալ արեցինք դա՝ կատարելով ԵՄ ընդհանուր բյուջեի վերանայում, որը թույլ տվեց ազատել լրացուցիչ 6,3 մլրդ եվրո միջոցներ՝ 2020թ. գերակա ոլորտների ֆինանսավորման նպատակով, ապահովել բյուջեի կատարման ճկունության երաշխիքներ եւ նվազեցնել բյուրոկրատական քաշքշուկը փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) եւ ոչպետական կազմակերպությունների նկատմամբ: Մենք արեցինք ամենակարեւորը. ստեղծեցինք երաշխիքային հիմնադրամ, որը ներդրումներ է կատարում Եվրոպայում աշխատատեղերի ստեղծման նպատակով, իսկ առաջիկայում կմեկնարկի մեկ այլ, նոր հիմնադրամ, որի գործունեությունը միտված կլինի աճի ու կայունության խթանմանը մեր հարեւանության տարածաշրջանում եւ Աֆրիկայում:

Եվրոպայի ներդրումների ծրագիրը, կամ ինչպես ընդունված է՝ Յունկերի ծրագիրը և դրան կից՝ Ռազմավարական ներդրումների եվրոպական հիմնադրամը շրջադարձային դեր ունեն տնտեսական ճգնաժամի նկատմամբ մեր հավաքական արձագանքի ենթատեքստում: Ի դեմս ֆինանսական կոշտ սահմանափակումների՝ հանրային ֆինանսավորմամբ հնարավոր չէր լինի բավարար կերպով խթանել տնտեսական զարգացումն ու մեր քաղաքացիներին ապահովել նոր աշխատատեղերով: Մասնավոր դրամական միջոցներն առկա էին, սակայն պետք էր մշակել այդ միջոցների հատկացման մեխանիզմները: Նոր հիմնադրամը՝ միջազգային ֆինանսական կառույցների հետ համատեղ կարգով մշակեցին առանցքային ոլորտներում մասնավոր ներդրումների երաշխիքները. այն ուղիղ աջակցություն է տրամադրում մեր ՓՄՁ-ներին:

Նախկինում նույնպես կիրառել ենք ֆինանսական գործիքներ, սակայն դա նման էր զգուշորեն մի փոքր ջուրը մտնելուն: Իսկ այս վերջինը վճռական ցատկ էր. Եվրոպայում 315 մլրդ եվրո ներդրումներ խթանելու նպատակով՝ երաշխավորել 16 մլրդ եվրո հատկացում Եվրոպական միության բյուջեից և լրացուցիչ 5 մլրդ եվրո՝ Եվրոպական ներդրումային բանկի կապիտալից:

Պլանը հաջողվեց: Ընդամենը մեկ տարվա ընթացքում ակնկալվում է, որ այն հասանելի կլինի ավելի քան 200,000 ՓՄՁ-ներին: Քանի որ դա ֆինանսական միջոցների ներդրման ողջամիտ եղանակ է, այժմ մենք հանձնառու ենք Եվրոպայում ռազմավարական ներդրումների եվրոպական հիմնադրամի տեւողության եւ ֆինանսական ծավալների կրկնապատկմանը:

Ներկա պահին առաջարկում ենք մատուցել առնվազն կես տրիլիոն եվրո՝ մոբիլիզացնելով ներդրումները 5 տարվա կտրվածքով՝ շեշտը դնելով կայուն ներդրումների եւ միջսահմանային ծրագրերի վրա: Մենք կարող ենք կրկնապատկել հիմնադրամը, հասցնելով այն 630 մլրդ եվրոյի, բայց դա կանենք շատ ավելի արագ, եթե անդամ պետությունները ներգրավվեն:
Ճիշտ նույնքան կարևորությամբ և ճիշտ նույն սկզբունքների կիրառմամբ մենք ստեղծում ենք նոր Արտաքին ներդրումների ծրագիր՝ մեր մայրցամաքի սահմաններից դուրս:

Հայացք գցելով Եվրոպայի հարեւանության վրա՝ տեսնում ենք հսկայական ներուժ ունեցող շրջաններ, որոնք ետ են ընկնում պատերազմների, աղքատության, ենթակառուցվածքների բացակայության եւ անարդյունավետ կառավարման հետևանքով: Միլիոնավոր երիտասարդներ փնտրում են ավելի լավ հեռանկարներ: Հետապնդելով այդ հեռանկարները, շատերը կյանքը վտանգի ենթարկելով՝ դուրս են գալիս վտանգավոր ուղեւորության դեպի Եվրոպա: Մյուսները դառնում ահաբեկչական խմբերի քարոզչության մատչելի թիրախ:

Եվրամիությունը կարող է խոչընդոտել վերոնշյալ բացասական միտումների տարածմանը` խթանելով աճը եւ ստեղծելով նոր աշխատատեղեր մեր ավելի լայն տարածաշրջանում: Եվրոպական ընկերություններն աշխատատեղեր են տրամադրում հարյուր հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում, շատերին հնարավորություն տալով հաջողության հասնել իրենց հայրենիքում՝ նպաստելով միգրացիայի արմատական պատճառներից մեկի վերացմանը:

Այս ներդրումներն ապահովում են արտաքին քաղաքականության արդյունավետությունը: Այդուհանդերձ, որպեսզի մասնավոր ընկերությունները տեղափոխվեն նոր երկիր կամ ընդլայնեն իրենց բիզնեսի գործունեությունը, նրանց պետք են ֆինանսական եւ իրավաբանական ռիսկերի ապահովագրման և պաշտպանության երաշխիքներ՝ այդ թվում և կայունության առնչությամբ:

Այստեղ է, որ օգնության է հասնում Արտաքին ներդրումային պլանը: ԵՄ բյուջեից երաշխավորվող 1,4 մլրդ եվրո ֆինանսավորման հիման վրա այն նպատակ ունի ապահովել ավելի քան 40 մլրդ եվրո ներդրումներ մեր հարեւանության շրջանում: Դա ավելին է, քան Եվրոպական միության տարեկան հատկացված ներդրումներն ամբողջ աշխարհում: Այն կարող է կրկնապատկվել, եթե մեր անդամ պետությունները հավասարվեն ԵՄ բյուջեի հատկացմանը:

Կայուն զարգացման Եվրոպական Հիմնադրամը (EFSD) կերաշխավորի մասնավոր ներդրողների ապահովագրումը ռիսկերից, երբ նրանք իրենց բիզնեսը սկսեն զարգացող երկրներում: Այս երաշխիքը նպաստավոր պայմաններ կապահովի ոչ միայն առանձին նախագծերի համար, այլ նաեւ՝ ռազմավարական շրջաններում կամ ոլորտներում իրականացվելիք ավելի մեծ «ներդրումային պատուհանների» համար:

«Մեկ պատուհանի» սկզբունքը կխրախուսի Եվրոպայի եւ մեր գործընկեր երկրների մասնավոր եւ ինստիտուցիոնալ ներդրողներին՝ նպաստելով իրենց առաջարկների ուղղորդմանն ու խթանների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմանը:

Արտաքին ներդրումային պլանը կտրամադրի տեխնիկական աջակցություն նախագծերի որակը, քանակն ու կայունությունը բարձրացնելու նպատակով: Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը եւ այլ միջազգային ֆինանսական հաստատությունները՝ մասնավոր օպերատորների կողմից տրամադրվող մասնագիտական խորհրդատվությամբ կաշխատեն ձեռք ձեռքի տված՝ արագ եւ բիզնես-ուղղվածության ծրագրերի ընտրության ուղղությամբ:

ԵՄ և գործընկեր երկրի կողմից լուրջ աջակցություն կտրամադրվի ծրագրերի փաստացի իրականացման ընթացքում: Եվրոպական միությունը կարող է տրամադրել գլոբալ օգնություն եւ աշխատանքներ տանել յուրաքանչյուր գործընկեր երկրի բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ: Ներդրումներին զուգահեռ կիրականացվեն ոլորտային քաղաքականության մշակման շուրջ երկխոսություններ եւ կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ: Մեր գործողությունը կլինի համակարգված եւ միակցված՝ հավատարիմ մեր արտաքին եւ անվտանգության քաղաքականության Գլոբալ ռազմավարության ոգուն:

Արտաքին ներդրումային պլանը որակական նոր մակարդակ է հաղորդում զարգացմանն ուղղված մեր քաղաքականությանը: Կայուն զարգացմանն ուղղված ֆինանսական հանձնառությանը զուգահեռ անհրաժեշտ ենք համարում մասնավոր հատվածի ներգրավումը գործընթացում: Արդեն մեր համաձայնությունն ենք տվել դրան՝ օգնելով Ադիս Աբեբյան Գործողությունների օրակարգին ու Կայուն զարգացման նպատակների միջնորդությանը:

Աֆրիկայի և հարևանության տարածաշրջանի մեր գործընկերներ երկրների հետ միասին մենք կարող ենք օգնել երիտասարդներին՝ իրացնելու իրենց ներուժը՝ Եվրոպական ընկերությունների համար նոր հնարավորությունների ստեղծման գործում:
Եվրոպական զարգացման քաղաքականության նոր փուլի մեկնարկն արդեն տրված է. այն ավելի լայն խթանի մի մասն է, որն ուղղված է՝ Եվրամիության ներսում, թե սահմաններից անդին, ԵՄ ֆոնդերի առավել արդյունավետ կիրառմանը:

«Առավոտ» օրաթերթ

27.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930