Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիի ազատագրմանը զոհված հերոսի հայր. «Դեղի փող խնդրեցի, ինձ դուրս արեցին, հիմի եկել, ձայն են ուզում» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 27,2016 23:59

Այսօր Գյումրու Մուշ թաղամասում, երբ լուսաբանում էինք ապրիլյան պատերազմին նահատակված գյումրեցի յոթ հերոսների անվամբ փողոց ու հուշապուրակ բացելու իրադարձությունը, նկատեցինք, որ պուրակում նստած է մի տարեց տղամարդ, որն ամբողջ ընթացքում նայում էր ձեռքին ամուր պահված լուսանկարին ու չէր կարողանում զսպել արցունքները։ Երբ մոտեցանք, նա անմիջապես ցույց տվեց լուսանկարն ու ասաց․ «Տեսեք, իմ որդին է՝ Բենիկ Մկրտչյանը, իմ մինուճարը, հերոս է, ընդամենը 28 տարեկան էր, զոհվեց Շուշիի ազատագրման ժամանակ՝ 1992 թվականի մայիսի 8-ին, «Կումայրի» ջոկատից էր։ Նրա երեխաները շատ փոքր էին, մեկը 2 ամսական, մյուսը 11, երբ պատերազմ գնաց․․․»։

80-ամյա Ժիրայր Մկրտչյանը ապրում է իր կնոջ՝ 75-ամյա Մարգարիտա Մկրտչյանի հետ, հենց Մուշ թաղամասում՝ յոթ հերոսների անվան փողոցում։ Երեխայի նման հոգ է տանում կնոջը, միայն թե դեղի փող չի կարողանում հասցնել․ տիկին Մարգարիտան շատ հիվանդ է, վեց ամիս առաջ ինսուլտ է ստացել, հետո ոտքն է կոտրվել, պառկելախոցեր են բացվել․․․

Ժիրայր Մկրտչյանը վիրավորված ասում է․ «Հիմա նեղության մեջ եմ, տանը հիվանդ կա, դեղի ու սննդի գումար է պետք, կինս վեց ամիս է պառկած է, չի կարող տեղաշարժվել, 32 հազար դրամ ես եմ ստանում, 35 հազար դրամ կինս, մի անգամ դիմեցի, որ ինձ սոցիալական աջակցություն ցուցաբերեին, մերժեցին, մարզպետարանում դիմումս մերժել էին, քաղաքապետարանում էլ լսել չուզեցին։ Հիմա էլ զանգում են, թե սրան ընտրի, նրան ընտրի, այ մարդ ոչ մեկիդ էլ չեմ ընտրի»։

Մենք եղանք նաև Մկրտչյանների տանը, տիկին Մարգարիտան, թեև մեծ դժվարությամբ էր տեղաշարժվում, սակայն ձեռնափայտի օգնությամբ շտապեց բերել ընտանեկան ալբոմը՝ որդու նկարները ցույց տալու ու հիշողություններով կիսվելու։ Մայրն ասում է, որ երբեք դեմ չի կանգնել, որ որդին հայրենիքի ազատագրման համար ռազմի դաշտ գնա, նա մասնագիտությամբ վարորդ է եղել, ղարաբաղյան շարժման ակտիվիստներից։ Ղարաբաղյան պատերազմի առաջին զոհերից էր, որին հուղարկավորել են Գյումրու Թատերական հրապարակից։

gyumri_6 gyumri_1 gyumri_2 gyumri_3 gyumri_4 gyumri_5 gyumri_7 gyumri_8 gyumri_9

Մկրտչյանները նաև երկու դուստր ունեն, նրանք ամուսնացած են, զոհված որդին էլ երկու դուստր ունի, որոնք բնակվում են հայրենիքից հեռու, սակայն, հերոսի ծնողների վստահեցմամբ, իրենք ապրում են միայն ծերունական թոշակի հույսով։ «Ամուսիններով երկրորդ կարգի հաշմանդամներ էինք, երկու տարի անցավ ինձ դարձրեցին երրորդ կարգ՝ պատճառաբանելով, թե մի ընտանիքից երկու երկրորդ կարգի հաշմանդամություն չեն կարող տրամադրել»,- ասում է տիկին Մարգարիտան։ Ամուսինն էլ հավելում է, որ բժիշկների ծախսերի տակից չեն կարող դուրս գալ, կինը չի կարող տեղաշարժվել, բժշկի միայն մի տնայցն էլ 5 հազար դրամ է։

Նշենք, որ յոթ հերոսների անվամբ փողոցն ու պուրակը բացելուց հետո Ժիրայր Մկրտչյանը մոտեցավ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին, մարզպետը լսեց նրան ու հրավիրեց մարզպետարան։ «Կանչեց, տեսնենք գոնե դեղորայքի հարցով կօգնի՞», -ասաց Ժիրայր Մկրտչյանը։

Հետաքրքիր է, թե ո՞ւմ համար են մարզպետարանի ու քաղաքապետարանի սոցիալական ծրագրերը, երբ հերոսի ծեր հորը դեռ չլսած՝ դուրս են հրավիրում․․․

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930