Լրահոս
Օրվա լրահոսը

Հայացք հինգերորդ դարի խորքից

Սեպտեմբեր 27,2016 22:45

Երեք տարի է, ինչ 5-րդ դարի մեջ եմ, ապրում եմ այդ ժամանակաշրջանի իրադարձություններով, քայլում եմ ռազմաճակատ մեկնող հայոց, պարսից կամ հոների զորքերի հետ, հանդիպում եմ արքաների, զորահրամանատարների, փորձում եմ լսել, թե ինչ են խոսում նրանք, կռահում նրանց մտքերը, ու այդպես ծնունդ է առնում «Վարչական Բարեպաշտ թագավոր» պատմավեպը:

Երբեմն դուրս եմ գալիս, 15 դարերի միջով անցնելով հայտվում եմ 21-րդ դարում, շատ բան քննում 5-րդ դարի մարդու հայացքից, այն ժամանակների դեպքերն էլ քննում այսօրվա տեսանկյունից: Ահա հայոց նախարարներն ու կաթողիկոս Սահակ Պարթևը նամակով դիմում են Պարսից արքայից արքա Վռամ Երկրորդին. «Մեզ թագավոր պետք չէ, մի մարդ ուղարկիր, որ ժամանակավոր կառավարի մեզ, ձեզ էլ տեղյակ կպահի մեր մասին…»:

Ու այդպես 428 թ. հայությունը կորցրեց իր պետականությունը: Հասկանալի է, որ առանց արյուն թափելու երկիրը նվաճելու գործը իրականացրել է Պարսից հազարապետ Միհրներսեհը, մի իմաստուն և խորամանկ մարդ, որը երկիրը կառավարում էր երեք արքայից արքաների` Վռամի, Հազկերտի ու Պերոզի տիրակալության ժամանակ:

Այսօրվա հայացքից մտովի նախատում էի հայոց նախարարներին ու կաթողիկոսին, երբ ամերիկահայ մի գործընկերոջ խոսքերն ինձ պակաս մտահոգություն չպատճառեցին, քան 1500-ամյա հայակործան որոշումը: Սփյուռքահայ գործիչը հայտնեց, որ իրենց խումբը կոչով դիմել է ԱՄՆ-ի կառավարությանը, որ երեք տարով «էմբարգո» սահմանեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այլևս ոչ մի օգնություն չտրամադրեն, սառեցնեն ՀՀ հետ բոլոր հաշիվները, արգելեն բոլոր տեսակի դրամահավաքները, սահմանափակեն անհատ անձանց կողմից իրենց հարազատներին օգնություն ուղարկելը, այդպես ստիպեն ՀՀ քաղաքական վերնախավին հրաժարվելու իշխանական դիրքից:

5-րդ դարում ևս նախարարները դժգոհ էին թագավորից, նրան տապալելու միակ հնարը տեսան Հայոց պետականությունը կործանելու մեջ: Սփյուռքահայ մեր ընկերները իբրև թե փորձում են երկրի «ունքը սարքել», սակայն միանգամայն չպատկերացնելով իրենց քայլերի հետևանքները, ոչ միայն երկրի «աչքն են հանում», այլև պետականության «գլուխն են կտրում»: Նման գործելակերպի հետևանքով երկրում աղքատությունն էլ ավելի մեծ չափերի կհասնի, տնտեսական նոր անկմանը կհետևի բարոյական ավելի մեծ անկումն ու կտրուկ կաճի արտագաղթը երկրից: Իսկ մեր ոխերիմ հարևանների ուզածն էլ հենց դա է. Առանց մի փամփուշտ ծախսելու Հայաստանը կործանված տեսնել:

Ես հեռու եմ գոյություն ունեցող իշխանությունները պաշտպանելու խնդրից: Սակայն երբ մի անզգույշ ու թշնամու կողմից թելադրված քայլ տանում է պետության թուլացմանն ու պետականության կորստին, խորհուրդ կտայի զգուշանալ: 5-րդ դարի այն մարդկանց հայացքում, որոնք, հակառակ օտար լուծն ընդունող նախարարների, ապստամբեցին ու պահպանեցին հայկական միջավայրը երկրում, այդ գործելաոճը ընդունելի չէ:

Այս մտածումների մեջ էի, ու նորից անցա ինձ համար սովորական դարձած 5-րդ դարը, երբ բակից աղմուկի ձայներ հասան ինձ: Կինս պատշգամբում հատակից բարձրացրեց ընկած կակտուսը, մաքրեց հողը: Քանի անգամ նրան ասել էի,որ տանը չպահի թունավոր փշեր ունեցող ադենիում կակտուսը, իսկ նա հակաճառում էր, թե նրա ծաղիկները շատ գեղեցիկ ու աննման են: Բակ դուրս եկա: Հարևանուհի Կարինե Մաթևոսյանն էր ձայնը գլուխը գցել ու փորձում էր ազատվել ամուսնու ձեռքից ու կրկին հարձակվել կնոջս վրա, քանի որ վերջինս համարձակվել էր նրան խնդրել, որ ետ վերադարձնի 2 տարի առաջ պարտք վերցրած գումարը: Կարինեի որդին` Նարեկն էլ սպառնաց, թե մորթելու է մեզ: Հետո իմացա, որ Կարինեն հարձակվել էր կնոջս` Լիլյա Ավագյանի վրա, վերջինս խուսափելով մտել էր պատշգամբ, Կարինեն տեսնելով, որ պատշգամբի դուռը փակ է, ձեռքերը մտցրել է- ճաղավանդակից ներս, բազրիքին շարած յոթ ծաղիկներից կակտուսը ծաղկամանով բարձրացրել ու հարվածել: Լիլիան հասցրել էր ձեռքով փակել դեմքը: Իսկ Կարինեն փորձում էր ազատվել իր առաջ կանգնած ամուսնուց և նորից հարձակվել: Ես ևս խանգարեցի նրան, իսկ նա փորձում էր ինձ հարվածել:

Երեկոյան փորձեցինք հանել Լիլյայի թևի մեջ խրված կակտուսի փշերը: Մեծ մասը խորն էին, ուստի հաջորդ օրը, որ շաբաթ էր, դիմեցինք Հանրապետական հիվանդանոցի բժիշկների օգնությանը: Շտապ հրավիրեցին միկրովիրաբույժին: Մի քանի ժամ չարչարվելուց հետո նրան հաջողվեց հեռացնել միայն երեք փուշ, իսկ տասնյակ փշեր մնացել էին մարմնի մեջ: Հիվանդանոցի ահազանգով երեկոյան եկավ Մաշտոցի ոստիկանության բաժնի խումբը հետաքննիչ Ա.Տեր-Պողոսյանի գլխավորությամբ: Լիլիային ուղարկեցին դատաբժշկական փորձաքննության: Բժիշկ Ս.Ս.Աբգարյանը եզրակացությունում նշում է կակտուսի փշերի առկայությունը, նշում, որ այդ փշերն ու վերքերը «առանձին-առանձին վերցրած առողջությանը թեթև վնաս հատկանիշներ չեն պարունակում»: Սակայն քանի գնում, Լիլիայի առողջական վիճակը ծանրանում էր: Երկու շաբաթ հետազոտելուց հետո նո. 20 պոլիկլինիկայի բժիշկները կոնսիլիումի հավաքվեցին և որոշակի բուժումներ նշանակեցին` այդ թվում` 10 հակաալերգիկ սիստեմա: Բուժման գործընթացը մեկ ամիս տևեց: Բժիշկների զգուշացումները և տեղեկանքները, որ թունավոր կակտուսի փշերը ալերգիայի և ասթմայի վտանգ են ստեղծել, չէին հետաքրքրում, ոչ փորձագետին, ոչ ոստիկանին, ոչ էլ Երևանի դատախազությանը: Երևան քաղաքի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ր. Ասլանյանն իր պատասխանում նշում է. «Քննարկվող դեպքում նախապատրաստված նյութերով հաստատվել է, որ Կարինե Մաթևոսյանը Լիլյա Ավագյանին հասցրել է ընդամենը մեկ հարված /թունավոր կակտուսով-հեղ./, որը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում, հետևաբար, Կ.Մաթևոսյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի հանցակազմը, ուստի կայացած որոշումը հիմնավոր է և այն վերացնելու հիմքերը /մեկ ամիս ինտենսիվ բուժում ստանալու փաստաթղթերը-հեղ./ բացակայում են»: Ոստիկանությունն ու դատախազությունը խոսքերը մեկ արած նշում են. «Կ.Մաթևոսյանը ձեռքերով անկանոն շարժումներ է կատարել, պատահաբար կպել է կակտուսի ծաղկամանին…» իսկ հարձակվողի համար ձեռքերը “անկանոն” շարժելու տեղ իրականում չկար, քանի որ պատշգամբի բազրիքին ծաղկամաններ էին շարված:

Տուժողի միակ պահանջն էր, որ գործի վարույթը հանձնվի ՀՀ Քննչական կոմիտեին, որի անաչառությանը հավատում է: Սակայն ոչ բժշկական փորձագետը կամ հանձնաժողովը, ոչ ոստիկանությունը և ոչ էլ դատախազությունը ունակ չէին ճիշտ գնահատելու տեղի ունեցածը, ուստի և հարևանուհին այսօր էլ հանդիպելիս շարունակում է վիրավորել ու ոստիկանությանը «գործ տվող» անվանել, իսկ վերցրած գումարը վերադարձնելու մասին խորհուրդ է տալիս մոռանալ:

Այս ապրումներից հետո բավականին ջանքեր պահանջվեցին, որ կրկին վերադառնամ 5-րդ դար ու Վարչական արքայի հետ շրջագայեմ երկրում: Արցախյան Վաճառ քաղաքը քահանա չուներ, իսկ հարևան Ծմակա Հող փոքրիկ գյուղի քահանաները պահանջում են, որ Վաճառի հանրությունը իրենց գյուղ տեղափոխվի, որտեղ երեք քահանաներ կան: Իսկ Վաճառում երկու գերդաստանների միջև սուր վեճ է ծագել: Ազատը Արջաձոր գյուղից աղջիկ է փախցրել ու իր ազգական շինականին խնդրել, որ իր վրա վերցնի պատասխանատվությունը, քանի որ աղջիկ փախցնելու համար ազատը պետք է 1200 դրամ տուգանվի, իսկ շինականը` 600 դրամ:

5-րդ դարի հոգսերի մեջ էի, ու Պարսից արքայից արքա Պերոզի հետ պետք է հսկա բանակով արևելքի սպիտակ հոների դեմ պատերազմի գնայի, երբ դուստրս զանգեց և հայտնեց, որ բանակում ծառայող որդուն այցի էր գնացել, ու վերադառնալիս ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է, ԱՊԱ-ի վարձը մեկ օր ուշացնելու համար հարյուր հազար դրամի տուգանքի ակտ է կազմում:

-Բայց, եթե ես հիմա տաս հազար դրամ չունեմ, որ մուծեմ, հարյուր հազարը ո՞նց պետք է մուծեմ, -առարկել էր դուստրս:

-Բայց մեր աշխատավարձն էլ նման տուգանքներից է գոյանում, -արդարացել էր տեսուչը:

Արդեն 33-րդ գիրքն եմ գրում, սակայն սոցապահովության մարմինները գրողի գործունեությունը, որպես աշխատանք չեն համարում, ուստի և չեն թոշակավորում, պնդելով, որ գիրք գրելը ընդամենը զբաղմունք է: Իսկ եթե համապատասխան օրենք լինի` կտան: Սա ևս մտավորականին նսեմացնելու, արհամարհելու միջոցներից մեկն է: Բարոյահոգևոր անկումը երկրում սկսվում է մտավորականին երկրի կառավարման համակարգից դուրս մղելուց: Անարդարությունները, տնտեսական անկումը, համատարած աղքատությունը օր օրի մեծացնում են ընտանիքների արտահոսքը երկրից:

5-րդ դարի հայ հեղինակները, պարզվում է, որ համեմատաբար ավելի լավ վիճակում էին: Դա է պատճառը, որ չնայած պարսիկ հարյուրավոր մոգերի ջանքերին, ժողովուրդը չընդունեց կրակապաշտությունը, հարազատ մնաց քրիստոնեական հավատքին ու հնարավորինս պահպանեց իր ազգային նկարագիրը:

Բակուր Կարապետյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930