Սեպտեմբերի 18-26-ին Ռումինիայի խոշոր քաղաքներում և հայաշատ վայրերում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության անկախության և Հայաստանի ու Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակներին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպել էին Ռումինիայում ՀՀ դեսպանությունը և Ռումինիայի Հայոց Միությունը (ՌՀՄ):
Սեպտեմբերի 26-ին Բուխարեստում` Ռումինիայի Ազգային թատրոնում, տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն և տոնական համերգ: Բարձրաստիճան հյուրերի թվում էին Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն, Պատգամավորների պալատի նախագահ Ֆլորին Իորդակեն, Ռումինիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար Ադրիան Նաստասեն, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արտաքին գործերի, պաշտպանության, մշակույթի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն իրենց ելույթներում խոսեցին Հայաստանի պետական անկախության վերականգնման խորհրդի, հայ-ռումինական հարաբերությունների, Ռումինիայում հայության դարավոր ներկայության և Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում երկրի հայ համայնքի մեծ ներդրումի մասին:
Հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտության կատարումներով հանդես եկան տրանսիլվանական «Ֆլաուտո Դոլչե» երաժշտական խումբը և ռումինահայ հռչակավոր ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 25-ամյակը նշվեց նաև Յաշ քաղաքում, որտեղ կազմակերպված գիտաժողովում ելույթներ ունեցան ռումին քաղաքական գործիչ, Ռումինիայի ԱԳ նախկին նախարար Թեոդոր Մելեշկանուն և ռումինահայ գրող, սենատոր Վարուժան Ոսկանյանը:
Նույն օրը Բոտոշան քաղաքում` Երիտասարդական տանը, տեղի ունեցած տոնական միջոցառման ժամանակ ընթերցվեցին հատվածներ հայ պոեզիայից, հայկական պարերի կատարումներով հանդես եկավ Գեռլա քաղաքի «Հայաքաղաք» անսամբլը, իսկ կոմպոզիտոր և երաժիշտ Գաբրիել Դեդեյանը ներկայացրեց իր հեղինակային երգերը:
Ռումինիայի Բակաու քաղաքում սեպտեմբերի 22-24-ը տեղի ունեցավ Հայկական ֆիլմերի 4-րդ փառատոնը: Բակաուի տոնական միջոցառումներին ներկա էր Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, ով այցի շրջանակներում հանդիպեց Բակաուի քաղաքապետ Կոսմին Նեկուլայի հետ:
Սեպտեմբերի 24-ին Կոնստանցա քաղաքում անկախության 25-ամյակի առթիվ շրջանային գրադարանում տեղի ունեցավ «Հայկական կոնյակի պատմությունը» թեմայով կոնֆերանս:
Կլուժ-Նապոկա քաղաքում սեպտեմբեր 24-25-ին անցկացված հայկական մշակույթի օրերին ներկայացվեցին տրանսիլվանահայ պատմաբան Կրիստոֆ Սոնգոթի «Տրանսիլվանիայի հայ ընտանիքների ծագումնաբանությունը» գրքի ռումիներեն հրատարակությունը, նկարիչ Յոզեֆ Նովակի «Տրանսիլվանիայի հայ ազնվականների զինանշանները» ցուցահանդեսը, ելույթ ունեցան Յաշ քաղաքի «Սիամանթո» և Կլուժի «Նուռ» պարախմբերը, ցուցադրվեց Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը:
Պիտեշտ քաղաքում կազմակերպել էր Լևոն Մինասյանի «Դաշնամուր» ֆիլմի ցուցադրությունը:
Ռոման քաղաքում սեպտեմբերի 22-ին կազմակերպվել էր հայկական հոգևոր և դասական երաժշտության համերգ:
Սուչավայի Հայոց եկեղեցում և հարակից Հայկական թանգարանում սեպտեմբերի 18-ին պրոֆեսոր Եկատերինա Ֆոիտը հանդես եկավ դասախոսությամբ, որին հաջորդեց ժողովրդական տոնախմբություն:
Սեպտեմբերի 25-ին Բուխարեստի Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր եկեղեցում կատարվել էր Հանրապետական մաղթանք:
Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ ռումինական Nine O’Clock անգլալեզու օրաթերթում տպագրել է դեսպան Գասպարյանի ուղերձը:
ՀՀ ԱԳՆ