Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական ավտովթար սարքելու մեջ մեղադրվողը ծեծկռտո՞ւք է սարքել

Սեպտեմբեր 27,2016 19:21

Այս տարվա ապրիլի 3-ին ժամը 02:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում` «Աննա» ծաղկի սրահի դիմաց տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի հետեւանքով  21 ամյա Մարտին Ալեքսանյանին (լուսանկարում) անզգուշությամբ մահ պատճառելու մեջ մեղադրվող Սերյոժա Աղոյանն այսօր չի ներկայացել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստին:

Նրա պաշտպան՝ փաստաբան Կարեն Քալանթարյանը Aravot.am-ին ասաց, որ ինքը դեռ նախորդ դատական նիստին էր իր պաշտպանյալի առողջական խնդիրների վերաբերյալ բժշկական փաստաթղթեր ներկայացրել դատարան, որոնք հաստատում էին, որ իր պաշտպանյալը ի վիճակի չէ մասնակցել դատաքննությանը, քանի որ ստացիոնար անհրաժեշտ բուժման մեջ է գտնվում: Ի դեպ, դատարանը դեռ նախորդ նիստին Աղոյանին բերման ենթարկելու որոշում էր ընդունել, բայց, ինչպես պարոն Քալանթարյանն ասաց, որոշումը չի իրականացել, քանի որ դատարանն էլ է անձամբ համոզվել, որ երիտասարդ մեղադրյալը հիվանդանոցում է:

«Կբուժվի, ու կգնանք նիստի» ասաց փաստաբանը:

Մինչ մեղադրյալի փաստաբանը պնդում է ու համապատասխան փաստաթղթերով ապացուցում, որ Աղոյանն ի վիճակի չէ դատաքննությանը ներկայանալ, shamshyan.com-ը նախօրեին ուշագրավ տեղեկություններ էր տարածել այդ երիտասարդի մասին: Ըստ լրատվամիջոցի, Աբովյանի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գագիկ Լալազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 17-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Այդ օրը, ժամը 18։40-ի սահմաններում, Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի բնակիչ, 22-ամյա Անդրանիկ Հարությունյանը ոստիկանության Աբովյանի բաժին հայտնել է, որ նույն գյուղի Թումանյան փողոցի 25 տան բնակիչներ, 25-ամյա Սերյոժա Սուրենի Աղոյանը և 58-ամյա Սուրեն Սերյոժայի Աղոյանը անհիմն հարձակվել են իր վրա, տվել հայհոյանքներ, այնուհետև ծեծի ենթարկել, որից հետո Ա. Հարությունյանը դիմել է Աբովյանի բժշկական կենտրոն, քանի որ, ըստ իր հայտարարության, ինքը ստացել է մարմնի տարբեր մասերում կապտուկներ և սալջարդ:

Ի դեպ, Սուրեն Աղոյանը Աբովյանի Երկրապահ կամավորականների միության Աբովյանի կառույցի նախագահն է: Մեր հարցմանն ի պատասխան՝ ԵԿՄ մամուլի քարտուղար Վարդան Վարդանյանն ասաց, որ նման երկրապահ չեն ճանաչում:

Պարոն Քալանթարյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ստացիոնար բուժման մեջ գտնվող իր պաշտպանյալը հասցնում ծեծկռտուք սարքել, բայց չի կարողանում մասնակցել դատական նիստերին, ի պատասխան պարոն Քալանթարյանը զարմացավ, ասաց՝ առաջին անգամ է լսում իր պաշտպանյալի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին.

«Իմ պաշտպանյալին, ընդհանուր առմամբ տեսել եմ մի անգամ: Այն ժամանակ է եղել, երբ ինքը անկողնու մեջ պառկած, ստորագրել է իմ՝ որպես պաշտպան ներգրավվելու վերաբերյալ փաստաթուղթը: Դրանից հետո իմ պաշտպանյալին ընդհանրապես չեմ տեսել: Բայց չեմ պատկերացնում ու տրամաբանությանն էլ ընդհանրապես մոտ չէ, եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ իմ պաշտպանյալը առողջական խնդիրներ չունի, բժիշկները խաբել են, հաշմանդամության կարգ չունի, ես չեմ պատկերացնում՝ ինչ տիպի մարդ պետք է լինի իմ պաշտպանյալը, որ նման ծանր վիճակում գտնվելու դեպքում, այդ հոդվածը վրան, խառնվի ծեծկռտուքին, դուք պատկերացնո՞ւմ եք: Ես տեղյակ չեմ, առաջին անգամ ձեզանից եմ լսում այդ ծեծկռտուքի, նրա մասնակցության մասին, բայց չեմ կարծում, որ իր ծնողներն այդ աստիճանի ոչ ճիշտ տեղեկատվություն ինձ տան: Իսկ եթե կռիվ, ծեծկռտուք է եղել, տուժողը հանցագործության մասին հաղորդում է տվել, թող նախաքննությամբ պարզվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ann says:

    ԿՈՏԱՅՔ
    Մարզային խորհրդի նախագահ Հարությունյան Աբել

    Կոտայք Աղոյան Սուրիկ Սերյոժայի
    Հրազդան Հարությունյան Ներսես Հրաչի
    Նաիրի Եղիազարյան Նիկողայոս Զավենի
    Նոր Հաճն Նավոյան Համլետ Հմայակի
    Չարենցավան Մուսինյան Ալբերտ Լեւոնի
    Բյուրեղավան Սուքիասյան Մուշեղ Հմայակի
    Գառնի Հայրապետյան Վարդան Ալբերտի
    Քասախ Մկրտչյան Արա Հայկազի

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930