Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զոյա Թադեւոսյանը Սուրեն Կարայանի մասին՝ «Նրա ձեռքերը կապված են, Բաղրամյան 26-ից չեն թողնի փոփոխություններ անի»

Սեպտեմբեր 27,2016 19:07

Այսօր ՀՀ նախագահի հրամանագրով Սուրեն Կարայանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար՝ փոխարինելով դաշնակցական Արծվիկ Մինասյանին:

Սուրեն Կարայանը տարիներ շարունակ աշխատել է պետական համակարգում. 2006-2008-ին եղել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, իսկ 2008-2015-ը՝ ֆինանսների նախարարի տեղակալ, մինչեւ այս նշանակումը Սուրեն Կարայանը 2015-ից եղել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին վարչապետի առաջարկը, ըստ այդմ, էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվելու է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն:

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանն Aravot.am-ի հետ զրույցում նոր նախարարի մասին ասաց, որ չի ճանաչում նրան եւ չի կարող գնահատական տալ: Արդյոք Սուրեն Կարայանը հնարավորություն ունի՞ չափազանց ծանր վիճակում գտնվող մեր տնտեսությունը ոտքի կանգնեցնել, մեր այս հարցին տիկին Թադեւոսյանն այսպես պատասխանեց. «Ցանկության դեպքում՝ այո: Եթե իրենք միտված են փոփոխություններ անելու, եւ եթե փոփոխությունները համակարգային լինեն, որեւէ խոչընդոտ չի լինի Բաղրամյան 26-ից, անպայման կարող են: Ինչ-որ մի տեղից պետք է սկսել փոփոխությունները»:

Այնուամենայնիվ, տիկին Թադեւոսյանը թերահավատորեն է վերաբերվում լուրջ, արմատական փոփոխություններին. «Ես չեմ հավատում, որ փոփոխություններ կլինեն, որովհետեւ բազմիցս ասել եմ՝ Բաղրամյան 26-ում նստած անձնավորությունը երբեք չի գնա այնպիսի քայլերի, որոնք կնվազեցնեն նրա կլանի, ընտանիքի շահույթը»:

Տնտեսագետը հիշեցնում է՝ տարիներ շարունակ բարձրաձայնել են՝ երկիրը քանդում եք, այլեւս տեղ չկա գահավիժելու, իսկ իշխանություններն, Զոյա Թադեւոսյանի ասելով՝ չէին լսում, չէին արձագանքում, հակառակը, թվերով ապացուցում էին, որ տնտեսական աճ կա. «Հիմա իրենք կանգնել են իրականության առջեւ, որը ցույց է տալիս, որ իրականում չկա տնտեսական աճ եւ զարգացում, երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ինչո՞ւ հասցրեցին ծայրահեղ ծանր վիճակի. եթե գիտակցորեն, ապա պատասխան պիտի տան բոլոր նրանք, ովքեր հասցրել են այս վիճակին: Հիմա այս ծանրագույն վիճակին հասցնողին պիտի հավատա՞նք այսպիսի կարկատանային փոփոխություններով: Արմատական փոփոխություններ պետք է անեն: Իսկ թե ունա՞կ են իրենք այդ փոփոխությունները կատարել, շատ կարճ ժամանակում կերեւա»:

Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը տեխնոկրատների կառավարություն են համարում, եւ ինքը՝ վարչապետն իր նոր նախարարներից համարձակ քայլեր է ակնկալում: Այս առնչությամբ տիկին Թադեւոսյանն ասաց. «Անձամբ նախարարից ոչինչ կախված չէ, նրա ձեռքին օրենքներ են պետք, որոնք թույլ կտան ազատ գործելու: Նրա ձեռքերը կապված են, նա կարո՞ղ է այսօր տնտեսական դաշտն այնպես ազատականացնել, որ ձեռնարկատիրական գործունեության համար ազատ պայմաններ ստեղծվեն, ներդրումներ հոսեն: Չէ՞ որ դրա համար պետք է պետության վարկանիշ, որն ընկած է:

Հիմա թե ի՞նչ ուղիներով դա պետք է անեն՝ չեմ պատկերացնում: Առաջին հերթին օրենք-օրենսդրություն է հարկավոր: Բայց հարկային քաղաքականությունն այնպիսին է, որ ով ծանոթանա նոր հարկային օրենսդրության հետ, անմիջապես կհասկանա, որ այս երկրում ներդրումներ անել պետք չէ: Իսկ ձեռնարկատիրական գործունեությունն, ընդհանրապես, տապալվելու է այդ նոր հարկային օրենսդրությամբ: Հիմա թե առանց համապատասխան օրենքների ինչպե՞ս են աշխատելու…օրենքների մասին պետք է տեղեկացված լինեն դրսում գտնվող պոտենցիալ ներդրողները, իսկ դա երկար ժամանակ կպահանջի՝ մինչեւ օրենք գրեն, հաստատվի, դնեն գործողության մեջ եւ այլն: Մանր-մունր ձեռնարկումները շատ արդյունավետ չեն լինի, եւ դրանք մեծ հաշվով չեն երեւա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930