Ռուսաստանցի հայտնի գործարար եւ մեկենաս Ռուբեն Վարդանյանը վերջերս հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ, ինչի մասին ռուսական «Վեդոմոստի» պարբերականը հաղորդեց Հայաստանի Անկախության 25-ամյակի օրը՝ սեպտեմբերի 21-ին:
Իհարկե, պարոն Վարդանյանի՝ առաջին հայացքից ոչ քաղաքական խոսքն ուղղված է Ռուսաստանին: Նա ասում է, որ երկիրը՝ Ռուսաստանը, կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ, որոնց պետք է պատասխանել, պատասխանել որպես երկիր: Առաջին հերթին դա ժողովրդագրությունն է: Ըստ Ռ. Վարդանյանի՝ ռուսական շուկան փոքր է, եւ հետեւաբար անհրաժեշտ է ինտեգրվել համաշխարհային շուկային, հակառակ դեպքում Ռուսաստանին սպասում են մեծ տնտեսական ճգնաժամեր: Երկրորդը` սպասվում է լրջագույն սերնդափոխություն, երրորդը` երկրին անհրաժեշտ է շատ ավելի փող, որպեսզի անցկացվեն բարեփոխումներ: Իսկ Ռուսաստանը չունի եւ չի ունենա այդքան փող, «նույնիսկ եթե վաճառի ամբողջ նավթը, գազը, ջուրը եւ նաեւ՝ անտառը»:
Եվ վերջապես՝ Ռուբեն Վարդանյանը որպես անխուսափելի մարտահրավեր նշում է բիզնեսի արդյունավետության հարցը` բիզնեսը պետք է ենթարկվի ռեստրուկտուրիզացիայի. կանխիկ փողի հոսքերը, cash-flow՝ պետք է անցում կատարեն դեպի իրական բիզնես, դեպի դիվիդենդներ, տեղի ունենա կապիտալիզացիա, հակառակ դեպքում «մենք չենք ունենա ապագա, մենք չենք լինի արդյունավետ»:
Կարդացեք նաև
Իհարկե, դժվար է սպասել, որ Ռուսաստանի ղեկավարությունը կառաջնորդվի նման պատկերացումներով ապագայի նկատմամբ, մանավանդ, երբ Գոգոլի «Մեռյալ հոգիների» եւ Դոստոեւսկու «Կարամազով եղբայրների» հերոսներին, իսկ ավելի ճիշտ՝ հակահերոսներին հիշեցնող այդ անձինք բազմիցս տվել են նույնիսկ ընթացիկ իրավիճակի՝ տրամագծորեն հակառակ գնահատականներ: Եվ նրանց գնահատականներն ընկած են պաշտոնական քարոզչության հիմքում, ըստ որի՝ Ռուսաստանը «մեծ է», «հարուստ է», «առաջինն է», «ինքնաբավ է» եւ «ճիշտ է», իսկ ինտեգրումն աշխարհին դիտվում է որպես սպառնալիք «ռուսական հոգեւոր արժեքներին»:
Հետեւաբար Ռուբեն Վարդանյանի կոչը չի կարող քաղաքական երանգ չունենալ, քանի որ պաշտոնական Մոսկվայի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունն ուղղված է նախ՝ երկրի հասարակության մեկուսացմանն աշխարհից: Բացի դրանից, սերնդափոխություն ասվածը ռուսական իշխանությունը նույնպես յուրովի է պատկերացնում. անխուսափելի ժառանգականությունը նա պատկերացնում է որպես փոխանցում սեփական եւ մերձավորների ժառանգներին այն ամենը, ինչը պատկանում է այդ շրջանակին «մաֆիոզ կապիտալիզմի» կատարյալ «հաղթանակի» արդյունքում: Իսկ մնացածը պետք է մնան սպասելով նրանց «հոգեւոր» բարեհաճությանը՝ ի հեճուկս «անբարոյական Արեւմուտքի»: Հենց այդ նեղ շրջանակին էլ պատկանում է այդ «նավթը-գազը-անտառը-ջուրը», որն, ինչպես պարզվում է, ոչինչ է սպասվող մարտահրավերները հաղթահարելու տեսակետից:
Ռուբեն Վարդանյանի կողմից ներկայացված հայեցակարգը ինքնին մարտահրավեր է ռուսական քրեաօլիգարխիկ համակարգին՝ իր բոլոր բաղկացուցիչներով հանդերձ, այդ թվում՝ պաշտոնական քարոզչությանը, որն ուղղված է ներքին սպառմանը: Բայց ոչ միայն:
Հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարարի հայտարարությունը, որը տարածվեց ռուսական մամուլով Հայաստանի Անկախության 25-ամյակի օրը՝ սեպտեմբերի 21-ին, խիստ ուշագրավ է նաեւ հայկական համատեքստում:
Ըստ այդմ, «ամեն ինչով հարուստ» Ռուսաստանն ամենեւին էլ հարուստ չէ, «170 միլիոնանոց շուկան», որի համար «աղոթում էին» հայ օլիգարխները, ինքնաբավ չէ եւ ընդունակ չէ ապահովելու սպասվող անխուսափելի մարտահրավերների հաղթահարումը: Նրա տված բնորոշումները ռուսական «բիզնեսին», մասնավորապես՝ նրա արդյունավետության եւ մրցունակության մասին, գալիս են լրացնելու այն պատկերացումը, որը ստեղծվել է Հայաստանում այն մասին, թե ինչպիսի «արդյունավետությամբ» են աշխատում Հայաստանում ռուսական մոնոպոլիստները հայկական տնտեսության կարեւորագույն ճյուղերում:
Հաշվի առնելով նաեւ, ինչպես ասում են, ընթացիկ քաղաքական պահը, երբ Հայաստանում փոխվել է կառավարությունը, նշանակվում են նոր նախարարներ, նոր վարչապետը խոստանում է նոր ծրագիր, իսկ երկիրը կանգնած է համանման մարտահրավերների առաջ, իհարկե՝ «տեղական առանձնահատկություններով», եւ հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի լայն ներգրավվածությունը Հայաստանի հասարակական գործընթացներում՝ ուրվագծվում է նրա ուշագրավ հայտարարության երկրորդ հասցեատերը. դա Հայաստանի Հանրապետությունն է՝ իշխանությունը, քաղաքական դաշտը եւ հասարակությունը:
Պարտադիր չէ, որ Ռ. Վարդանյանը կամ մեկ ուրիշն այս համատեքստում ուղիղ տեքստով հարցնի, թե՝ «եւ այդ ո՞ւմ հետ եք ինտեգրվում, եւ ինտեգրվում եք, որ ի՞նչ անեք»: Սակայն ճիշտ կլիներ, որ առաջիկա ընտրություններում մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը եւ հասարակությունը կրկին անդրադառնային այն հարցին, թե ինչ են մտադիր անելու, երբ Ռուսաստանը ոչ միայն միտք չունի, այլեւ ռեսուրս չունի հաղթահարելու այն մարտահրավերները, որոնք ուղղակի անխուսափելի են: Պարզ է նաեւ, որ չի՛ հաղթահարելու, իսկ չհաղթահարելով՝ այդ երկիրը կմնա ուղղակի այդ մարտահրավերների «տակ», ինչպես երկու անգամ եղել է վերջին հարյուր տարվա ընթացքում, սակայն այս անգամ կարծես թե՝ ընդմիշտ:
Իսկ խնդիրը մեր երկրում հայտնի է. ԵՏՄ-ՀԱՊԿ-ԱՊՀ-ները եւ Պուտինի չեկիստ ընկերների տնօրինությանը հանձնած «Գազպրոմ»-«Ռոսնեֆտ»-ՌԺԴ-ները ոչ միայն չեն կարող խնդիր լուծել, այլեւ տեղով խնդիր են, իսկ բիզնեսի դրոշակակիրները Հայաստանում իրենց ջախջախիչ մեծամասնությամբ կրում են ռուսական բիզնեսին բնորոշ «քարանձավային» պատկերացումները, եւ այստեղ խոսել արդյունավետության, ապագայի եւ մրցունակության մասին… Իսկ մնացյալը ռուսաստանյան խոշոր բիզնեսի հայ ներկայացուցիչը լավագույնս բացատրեց, թե ոչ՝ ինչպես գրված է Գրքում՝ «Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
Ռուբեն Մեհրաբյան
Նկարում՝ Ռուբեն Վարդանյանը եւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը (ՌԻԱ Նովոստի, 25.03.2011թ.)
«Առավոտ» օրաթերթ
27.09.2016