Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետի մի քանի թեկնածուներ նեղվել են Շիրակի դաշնակցական մարզպետի պահվածքից

Սեպտեմբեր 27,2016 18:25

Aravot.am-ն ահազանգ էր ստացել գյուղապետի պաշտոնին հավակնող թեկնածուներից մեկից առ այն, որ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, չարաշահելով մարզպետի իր լիազորությունները ու փորձելով օգտագործել վարչական լծակները, մի քանի գյուղերում ակնհայտորեն քարոզարշավ է իրականացնում՝ ի օգուտ ՀՅԴ-ական թեկնածուների։

«Բոլոր լավ աշխատող գյուղապետերի դեմ դաշնակներ են դրել, լավ հասկացանք, դա իրենց իրավունք է, ընտրություններ են, իրենք էլ քաղաքական կուսակցություն են, թող մասնակցեն, սակայն մարզպետը իրեն պահում է ՀՅԴ-ի նախընտրական շտաբի պետի պես։ Մեր մարզում նման խայտառակ բան չի եղել, ոչ մի մարզպետ՝ սկսած Նանյան Լիդայից, մարդիկ մտածել են ով հաղթեց, հաղթեց․․․

Նախորդ օրը գնացել է Կամո գյուղ իր օգնականի հետ, հանդիպել է գյուղի ծերերին ու ասել՝ ձեր ճանապարհը կսարքեմ մի դեպքում, եթե մեր դաշնակցության թեկնածուին ընտրեք։ Իսկ մինչ այդ՝ որպես մարզպետ նա այդ գյուղում երբեք չի եղել։ Կամոյում իրենց թեկնածությունն են առաջադրել գործող գյուղապետ Ռոբերտ Ղազարյանը՝ անկուսակցական, ՀՅԴ-ի թեկնածուն էլ դպրոցի դիրեկտորի եղբայրն է՝ Սամվել Դրմեյանը։ Մարզպետը նույն պահվածքը դրսևորում է նաև Ազատանում, Սարտակում՝ Ռոմիկ Մանուկյանի գյուղում։ Նրանք ոչ թե ծրագրերով են ուզում պայքարել մեր դեմ, այլ ժողովրդին ապակողմնորոշելով, բամբասելով, ասելով, որ մենք թալանչի ենք, գող ենք և այլն, տխուր ռազմավարություն է», -նեղվեց մեզ ահազանգող գյուղապետի թեկնածուն՝ խնդրելով առայժմ չհրապարակել իր անունը, որպեսզի չընկնեն իր հետևից։

Այսօր Aravot.am-ն այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեց Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից։ «Այո, ես այցելել եմ Կամո գյուղ, բայց եղել է իմ աշխատանքից դուրս, ազատ օր էր՝ կիրակի, բայց այն, ինչի մասին դուք խոսում եք, աբսուրդի դաշտից է, բացարձակ աբսուրդի դաշտից է։ Ես ընդամենն այցելել եմ իմ կուսակցական ընկերոջ շտաբը, հանդիպել եմ իր համախոհների հետ, և, իհարկե, որպես մարզպետ զրուցել եմ մի քանի գյուղացիների հետ, այնտեղ գյուղացիներ են եղել։ Իրենք ներկայացրեցին համայնքի խնդիրները, ասեմ, որ ավելի շատ ոչ թե ասֆալտից են խոսել, այլ ոռոգման ու ջրի խնդիրներից։ Ասեցի, որ թող սա չհամարեն որպես մարզպետի այցելություն, անպայման որպես մարզպետ կայցելեմ համայնք , բայց քանի որ եկել եմ, նաև այդ խնդիրներն էլ կան, կփորձեմ լուծում գտնել։

Ես այն մարզպետը չեմ, առաջին հերթին այն անձը չեմ, այն հայը չեմ, որ ինչ-որ մեկի գյուղապետ լինել-չլինելու հետ պայմանավորեմ իմ պետական գործառույթները կամ իմ՝ որպես հայ մարդու, պատկերացումները։ Ես բացարձակ անհավասար պայմաններ չեմ ստեղծում, այդ ամենը փորձել եմ անել իմ աշխատանքից դուրս, որ որևէ մեկը ո՛չ իրավական, ո՛չ բարոյական իրավունք չունենա Հովսեփ Սիմոնյան անձին և մարզպետին մեղադրել այն բանում, որին ես ինքս դեմ եմ եղել բոլոր ժամանակներում։ Երբ որ էսօր Գյումրի քաղաքում 11 կուսակցություն մասնակցում է ընտրապայքարին և չկա մեկ կուսակցություն, որ մարզպետին մեղադրի անհավասար պայմաններ ստեղծելու մեջ, ո՞նց եք պատկերացնում, ինչ-որ մի գյուղական համայնքում մարզպետը պիտի իջնի՞ այդ մակարդակի․․․

Ես միշտ մտածել եմ, որ գյուղական համայնքներում ավելի շատ անձնավորված է, անձի հետ է կապված ընտրությունը, արդյոք ի վիճակի՞ է այդ անձը հարցեր լուծել։ Մենք ոչ բոլոր համայնքներում ենք թեկնածուներ առաջադրել, կուսակցությունն էլ պիտի առաջադրի այնպիսի թեկնածուների, որոնք ընդունելի կլինեն տվյալ համայնքի բնակիչների կողմից։ Շատ համայնքներում մենք կուսակցական կառույցներ ունենք, բայց կան տեղեր, որտեղ մենք չենք առաջադրել անկախ ամեն ինչից։ Մարզպետի առկայությամբ չէ, որ Դաշնակցությունը պիտի թեկնածու առաջադրի կամ չառաջադրի, մենք համայնքներում առաջադրում ենք թեկնածուներ, եթե քննարկման արդյունքում հասկանում եք, որ մեր թեկնածուն ի վիճակի է եթե ոչ անցնելու, գոնե մեր տեսակետը, մեր մոտեցումը ներկայացնելու կամ ինչ-որ չափի հարգանք է վայելում այդ համայնքում։

Եթե Գյումրի քաղաքում ես թույլ չեմ տվել, որ քաղաքական կուսակցությունները որպես ՀՅԴ-ի ներկայացուցիչ ինձ մեղադրանք ներկայացնեն, ես որպես մարզպետ ինձ թույլ չեմ տվել որևէ մեկի իրավունքները ոտնահարեմ, որ չկարողանան լիարժեք իրենց քարոզարշավը կազմակերպել։ Ես ևս մեկ անգամ կուզենայի շեշտել, որ իմ ճիշտ կեցվածքով պիտի փորձեմ լրացուցիչ թվեր բերել իմ կուսակցությանը, իմ ճիշտ կեցվածքը հնարավորություն կտա մարդկանց մտածել, որ մարզպետին այսքան հնարավորություն տվել են, ինքը չի փորձում իր պաշտոնական դիրքը չարաշահել ու խնդիրներ առաջացնել մյուսների համար, ուրեմն եկեք այդ կուսակցությանը, այդ կուսակցության ներկայացուցչին ավելի մեծ հնարավորություն տանք։

Իմ պատկերացմամբ սա է ճիշտ քաղաքական մարդու մոտեցումը։ Իսկ գյուղական համայնքների առումով միանշանակ կասեմ, եթե համայնքը կընդունի ինչ-որ մեկի ընտրվելը, որպես համայնքի ղեկավար, ես որպես մարզպետ կողջունեմ հոկտեմբերի 2-ից հետո անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ովքեր կդառնան համայնքի ղեկավար։ Ես նրանց հետ կաշխատեմ սովորական ռեժիմով, չի լինելու արտոնյալ, ոչ ճիշտ մոտեցում որևէ մեկի նկատմամբ»,-ասաց Հովսեփ Սիմոնյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. S.V. D says:

    Յուսուֆ ջան , Յուսուֆ, միտքդ՝ յուսուֆ, դիրքդ՝ յուսուֆ, գործդ՝ յուսուֆ, սաղ մարզը կսե՝ուուֆֆֆֆֆֆ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930