Երգահան Էդուարդ Զորիկյանն Արմեն Ամիրյանին մշակույթի նախարար նշանակելու վերաբերյալ ասում է՝ մինչեւ սերունդ չփոխվի, գողացողի հոգեբանությունը չփոխվի, ում էլ նշանակեն՝ բան չի փոխվելու:
Հիշեցնենք, այսօր ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Ամիրյանը նշանակվել է մշակույթի նախարար: Ի՞նչ փոփոխություններ կարելի է ակնկալել մշակույթի բնագավառում նոր նախարարից, երգահանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ «Ամիրյանին չեմ ճանաչում, գիտեմ Հանրային ռադիոն է ղեկավարել, հաղորդավար է եղել, բայց, իրոք չեմ ճանաչում, չգիտեմ՝ կկարողանա՞ ղեկավարել, չի կարողանա, չեմ կարող ասել»:
Արդյոք անձը կարեւո՞ր է, թե՝ ինչպես շատ քաղաքական, հասարակական գործիչներ են ասում՝ խնդիրները համակարգային են, եւ անձերի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի, մեր այս հարցին ի պատասխան, Էդուարդ Զորիկյանն ասաց.«Պիտի ազնիվ մարդ լինի, ձեռքը չտանի բյուջեն գռփելու նպատակով: Ինձ թվում է՝ ընդամենն այն գումարները, որոնք նախատեսվում են կոնկրետ մշակույթի տարբեր ոլորտների համար, թատրոններ, թանգարաններ եւ այլն, այնպիսի մարդ պետք է լինի, որ չգողանա, գող չպիտի լինի: Չգիտեմ՝ այդպիսի մարդ մնացե՞լ է Հայաստանում, այն էլ այդ սերնդի մեջ, որովհետեւ այդ սերունդը լույս գողացող սերունդ է, ես էլ նրանց հետ միասին: Մեր սերունդը լույս գողացող սերունդ է եղել, «զդաչի» չտվող, այ էն կոպեկը՝ մանրը չտվող սերունդ է եղել: Մեր սերունդն ապուշ-ապուշ լոզունգներ գոռալով, բայց գործարանից, թատրոնից, ամեն տեղից գողացող սերունդ է եղել, գող սերունդ է եղել: Էդ բանվորի ու գյուղացու երկիր չէր, գողի երկիր էր: Չմոռանանք, որ ամբողջ Հայաստանի տղամարդիկ ինչի համար էին ծովափ գնում, ռուս քածերի համար էին գնում, ոչ ոք չէր գնում հանգստանալու:
Այսինքն, այս սերունդը մինչեւ չվերանա, ում՝ ուզում են դնեն, ինչ ուզում են անեն՝ բան չի փոխվի, միեւնույն է, ձեռքը գնում է այդ ափսեն՝ մի բան փախցնելու, գողանալու»:
Կարդացեք նաև
Պարոն Զորիկյանի դիտարկմամբ՝ կարեւորը, որ բնագավառում էլ լինի, նոր ղեկավարն ու ենթակաները գողություն չանեն եւ հատկացվելիք գումարները բարեխիղճ ու ճիշտ ծախսեն ըստ ոլորտի զարգացման:
«Տարօրինակ չէ՞, որ թատրոնների ղեկավարները ամառանոցներ ունեն, ջիփեր են քշում, իսկ դերասանները սոված զկրտում են: Ես դեռ չեմ ասում նախարար, փոխնախարարներ, վարչության պետեր, այլ՝ թատրոնի ղեկավարներ: Թատրոնի ղեկավարները թանկարժեք տներ ունեն, իսկ դերասանները 60 հազար դրամ են ստանում, հետո էլ ասում են՝ սերիալներում են նկարահանվում: Բոլորն էլ գող են, վերեւից՝ ներքեւ: Մինչեւ չվերանա գողությունը, ուրիշի ունեցվածքը թալանելը, մինչեւ չդառնան քրիստոնյա, մինչեւ էսօր կռապաշտ են, քոչվորը չի կարող քրիստոնյա լինի, քարվան կտրող են, մինչեւ դա մեջներից դուրս չգա, Ամիրյան դնեն, ում էլ դնեն, բան չի փոխվի: Ում էլ դնեն նախարար, ընդամենը գողություն անելու համար «յառլիկ է» դառնալու»,-ասաց Էդուարդ Զորիկյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ